Բաժիններ՝

Հասմիկ Պապյան. «Մենք շատ կարևոր պատմական շրջադարձի ականատեսներն ենք դառնում»

Աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը 168.am-ի հարցին թե ի՞նչ զգացումներ ունի այս օրերին, ասաց, որ շատ հուզված է, որովհետև ականատես է լինում արժանապատվության, հարգանքի, ուշադրության տարբեր դրսևորումների, որոնք ուղղված են մեր ժողովրդին, միաժամանակ նշեց, որ իրեն մեծ հուզմունք է պատճառում նոր սերունդը, որն այսօր իր ուսերի վրա մեծ բեռ է վերցրել.

«Այսօր մենք ականատես ենք լինում նախևառաջ այն փաստին, որ ոչ միայն մեզ` հայերիս, այլ նաև աշխարհին է արդարություն հարկավոր: Մարդիկ արդեն հոգնել են կեղծիքից և ստորաքարշությունից:

Այն փաստը, որ հայը 100 տարի է` շարունակում է իր պահանջատիրությունը, չի կարող առաջադեմ մարդկության ուշադրությանը և հարգանքին չարժանանալ: Ինձ ամենից առավել ցնցեց հայ երիտասարդությունը, այն սերունդը, որն ականատեսը չի եղել ցեղասպանությանը, բայց այսօր արժանապատվորեն ոտքի է կանգնել` արդարություն պահանջելու:

Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, թե ինչպիսի գեների կրողն ու շարունակողն ենք մենք, թե ինչպիսի պատասխանատվություն է ընկած յուրաքանչյուր հայի ուսին: Այս հոգեցունց իրադարձություններից հարկավոր է դասեր քաղել:

Յուրաքանչյուրն իր տեղում թող որ սթափվի և հաշվետու լինի իր ապրած ամեն օրվա համար, մեծից փոքր, պաշտոնյայից մինչև բանվոր, ուսանող և զինվոր: Մեր ձեռքում է հաջողության հասնելու բանալին: Մենք շատ կարևոր պատմական շրջադարձի ականատեսներն ենք դառնում:

Ես միշտ եմ հավատացել արդարության հաղթանակին, իսկ հաղթանակներն ուշացած չեն լինում»,-ասաց Հասմիկ Պապյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս