«Եթե Հայաստանն ու Թուրքիան չհաջողեցին Ցյուրիխյան արձանագրությունները, ապա ինչ կարող է հաջողել հեղինակազուրկ Ռուսաստանը». Չենգիզ Աքթար

«Հայ-թուրքական հարաբերություններում Ռուսաստանի միջնորդությունը հույս չի ներշնչում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրք քաղաքական վերլուծաբան, թուրքական «Թարաֆ» օրաթերթի սյունակագիր Չենգիզ Աքթարը՝ անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկին: Ռուսաստանցի նախարարը մասնավորապես ասել էր. «Մենք ցանկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, և այդպիսով՝ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դրա համար շատ բան ենք անում»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մի քանի տարի առաջ աջակցել է սահմանները բացելու, համագործակցության զարգացման մասին փաստաթղթերի մշակման վերաբերյալ Անկարայի և Երևանի նախաձեռնությամբ սկսված գործընթացին: «Ցավոք, փաստաթղթերը ստորագրվել են, բայց ուժի մեջ չեն մտել, որովհետև Թուրքիայում չստացվեց այս փուլում վավերացնել դրանք: Բայց մենք կնպաստենք, որ դա կայանա»,- նշել էր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը:

Ջենգիզ Աքթարի խոսքով՝ դեռևս անհասկանալի է, թե ինչն է ցանկանում առաջ մղել Սերգեյ Լավրովը` երկկողմ հարաբերություննե՞րը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությո՞ւնը, թե՞ մեկ այլ բան, քանի որ, ըստ նրա, Հայաստանի և Թուրքիայի միջև չկարգավորված շատուշատ հարցեր կան, բացի հայ-թուրքական փակ սահմաններից:

«Ինչի՞ վրա նա պետք է աշխատի, ի՞նչ կասեն կողմերը. եթե չեմ սխալվում, նրանք դեռ չեն արձագանքել դրան: Իհարկե, միշտ էլ օգտակար է հակամարտող կողմերի միջև միջնորդ ունենալը, որը կխոսի կողմերի հետ այն խնդիրների մասին, որոնց մասին նրանք ուղիղ կերպով խոսելու ունակ չեն: Անկեղծ ասած, ես մեծ սպասելիքներ չունեմ այսպիսի միջնորդություններից: Թուրքիան և Հայաստանը կարող են իրենց խնդիրները լուծել երկկողմանի մակարդակում, եթե նրանք ցանկանան դա: Եթե նրանք չկարողացան հաջողել Ցյուրիխյան արձանագրությունները, ապա հետաքրքիր է` ինչպե՞ս պետք է հաջողի Լավրովի միջնորդությունը, քանի որ արձանագրություններն այսօր մահացած ու թաղված են: Ես չեմ կարծում, որ բեկումնային փոփոխություններ են լինելու Թուրքիայի և Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներում, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանը և Հայոց ցեղասպանությանը, ինչը դժվար կանխատեսելի է դարձնում Լավրովի միջնորդական առաքելության ճակատագիրը»,- ասաց Աքթարը` Ս. Լավրովին միայն հաջողություն մաղթելով: Չենգիզ Աքթարը նաև նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը հույս ունի ինչ-որ հաջողության հասնել այս գործընթացում:

Սակայն թուրք քաղաքագետը հիշեցրեց, որ Թուրքիան ավելի ու ավելի է մեկուսանում միջազգային հարթակում, ուստի չի բացառվում, որ Ռուսաստանը փորձում է ուղիներ գտնել վերադառնալու (վերականգնելու կորցրած հեղինակությունը միջազգային թատերաբեմում.- Ա.Մ.) հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Բայց նրանք վերադառնալու համար ընտրել են ամենաբարդ խնդիրներից մեկը: Այս բնույթի միջնորդության հաջողության հնարավորություններն իսկապես շատ նեղ են»,- ասաց թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարը, ով այս օրերին Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին՝ կոչ անելով իր երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և քննարկել հայ ժողովրդի փոխհատուցման հարցը:

Լուսանկարը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս