19-20 շաբաթական հղին մահացել է «Արմավիր» բ/կ-ում. մանկաբարձ-գինեկոլոգը՝ ամբաստանյալի աթոռին

Դատարան է ուղարկվել բժշկական կենտրոններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի վերաբերյալ քրեական գործը: Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Արմավիր» բ/կ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում հերթապահություն իրականացնելու ժամանակ 19-20 շաբաթական հղիությամբ բուժօգնության դիմած կնոջը բուժօգնություն ցուցաբերելիս իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք պատշաճ չի կատարել, այն է` կնոջը մանկաբարձական բաժանմունք ընդունելու և այնտեղ բոլոր հետազոտությունները կազմակերպելու փոխարեն ուղարկել է ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ հնարավոր չի եղել ժամանակին ախտորոշելու հղիության հետ կապված բարդությունները և, ըստ այդմ` կատարել բուժական միջոցառումներ, որն էլ պատճառ է հանդիսացել հղիի օբյեկտիվ վիճակի ոչ ճիշտ գնահատմանը, ուշ ախտորոշմանը` միայն 15:50-ին է գինեկոլոգի կողմից ճիշտ ախտորոշվել ընկերքի շերտազատում և մասիվ արյունահոսություն և նրա մոտ ծանրագույն բարդությունների առաջացմանը, ինչն էլ հետագայում չնայած ձեռնարկված համարժեք բուժական միջոցառումների կատարմանը, հնարավորություն չի ընձեռել փրկելու կնոջ կյանքը` անզգուշությամբ առաջացնելով բուժվող հիվանդի մահ:

Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

Տեսանյութեր

Լրահոս