Բաժիններ՝

Խնկիկյանները մտածում են հեռանալու մասին

Բայց նրանք հնարավորություն ունեն մեկ անգամ ևս քննարկել իրենց ծրագիրը

«Ես չխաբեցի մեր կառավարությանը, ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու համար ուրիշ անուններով չգրանցեցի իմ նորաստեղծ ընկերությունը, այլ հանդես եկա իմ անունով, փորձեցի թափանցիկ լինել, բայց քանի որ իմ անվան ներքո Հայաստանում արդեն գործում էր մի այլ ընկերություն, մերժվեցի»,- մեզ հետ զրույցում ասաց «Խնկիկյան էլեքթրոնիքս» ընկերության տնօրեն Շանթ Խնկիկյանը, որի հիմնած ընկերության հայտը՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում լուսատեխնիկական սարքերի արտադրություն սկսելու վերաբերյալ, անցյալ ամիս մերժվել է ՀՀ կառավարության նիստում՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակներին անհամապատասխան լինելու հիմքով: Շանթ Խնկիկյանը սիրիահայ է:

Սիրիայի պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխվելով՝ 2012-ին Երևանում հիմնել է Սիրիայում 40 տարի գործող ընտանեկան բիզնեսի՝ առաջատար ընդլայնված էլեկտրոնային սարքերի արտադրամասի մասնաճյուղը: Ըստ ներկայացվող տվյալների՝ Շանթ Խնկիկյանի ընկերության գործունեությունը՝ էլեկտրոնային սարքերի ծրագրավորումից, դիզայնից մինչև արտադրություն, նորություն է Հայաստանում. ընկերության արտադրանքը համարվում է Հայաստանում արդյունաբերության մեջ կիրառվող էլեկտրոնային կառավարման սարքերի առաջին թողարկումը (ընկերությունն առաջարկում է էլեկտրագեներատորների կառավարման սարքեր, բարձր և ցածր հաճախականության և լարման հսկիչներ, դիզելային գեներատորների պաշտպանության համակարգ, գեներատորի ավտոմատ մեկնարկման և հսկման համակարգ, և այլն), բայց Հայաստանի արդյունաբերական դաշտը խիստ սահմանափակ է ընկերության արտադրությունն իրացնելու համար, և «Խնկիկյան էլեքթրոնիքսի» ողջ արտադրանքը՝ «Made in Armenia» պիտակավորմամբ, արտահանվում է Միացյալ Արաբական Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իսպանիա, Եմեն, Լիբիա. «Այստեղ արտադրվող ու արտահանվող ապրանքը Սիրիայի մեր հիմնական արտադրամասում թողարկվող 35-40 տեսակի սարքավորումներից ընդամենը 6 տեսակն է, որից մենք բավական լավ շահույթ ունեինք, և հենց դրանք էլ սկսեցինք արտադրել:

Xnkikyanner (4)

Կարդացեք նաև

Չնայած Հայաստանում արտադրելով և արտահանելով՝ մեր շահույթը, Սիրիայի համեմատ, բազմակի փոքրացել էր, բայց մտածեցինք` ավելի լավ է` քիչ, քան ոչինչ, ու այդպես գործ սկսեցինք: Մնացած արտադրատեսակները չփոխադրեցինք Հայաստան: Գործունեություն ծավալելուց 2 տարի հետո, երբ ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, արդեն գործող ընկերությանը զուգահեռ, այս տարվա սեպտեմբերին որոշեցինք հիմնել մեկ այլ ընկերություն՝ «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» անվամբ, և նրա գործունեության սահմաններում մեր ամբողջ արտադրանքը փոխադրել Հայաստան:

Կառավարությանը ներկայացրինք ծրագիր, որի շրջանակներում թե՛ 100%-ոց արտահանման քաղաքականություն պիտի իրականացնեինք, թե՛ տեխնոլոգիական նորարարություններ պիտի կիրառեինք: Ծրագրում ներկայացված աշխատատեղերի քանակն ու ներդրումների ծավալը տարբերվում էր արդեն գործող ընկերության կողմից իրականացվող դրույթներից: Մեր գործարար ծրագիրը մերժվեց, ինչ է թե` գործող բիզնեսը չի կարող գնալ ազատ տնտեսական գոտի, և նաև վախ կար, որ մյուս ընկերության ներսում մենք կփախչեինք հարկերից: Լինելով հարկատու՝ ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց, իհարկե, մերժումը համոզիչ չէր ինձ համար, քանի որ ես գործող ընկերությունը չէ, որ տանում էի ԱՏԳ, այս ընկերությունը չպետք է փակեի, նոր ստեղծած ընկերությունը պիտի գործեր դրան զուգահեռ, այսինքն՝ հակառակ նրան, որ հիմնադիրը նույն մարդն է՝ ընկերությունները տարբեր պիտի լինեին: Իմ մեղքն այստեղ այն է, որ ես եմ երկու ընկերությունների հիմնադիրը, և մեղավոր եմ, որ գալուց անմիջապես հետո գործ եմ սկսել, չեմ գուշակել, որ երկու տարի հետո ազատ տնտեսական գոտի է ստեղծվելու»,- մեզ հետ զրույցում ասաց Շանթ Խնկիկյանը:

Մերժումը ստանալուց հետո նա ուսումնասիրել է այլ երկրների օրենսդրական դաշտեր, և արտադրամաս մեր այցելության օրն ասաց, որ արդեն ծրագիր կա` տեղափոխվելու Միացյալ Արաբական Էմիրություններ: Խնկիկյանի գործարար հայտի մերժումը ներկայացնող համապատասխան պաշտոնյան ասել է. «Ցավում եմ Ձեզ համար, բայց Դուք մերժվում եք»:

«Ինձ համար մի ցավեք, Հայաստանի համար ցավեք»,- պատասխանել է Շանթ Խնկիկյանը:

Նրա ասելով՝ 40 տարի արաբական երկրներում իրենց ընտանիքի վաստակած գործարար համբավը բավական է, որ ընկերությունը Սիրիայից բացի` գործունեություն ծավալի այնպիսի երկրներում, որտեղ 30-40 տարի է՝ արդեն պահանջված է «Խնկիկյան էլեքթրոնիքսի» արտադրանքը, բայց ընտանիքի հայրը՝ արդյունաբերության մեջ կիրառվող առաջատար էլեկտրոնային սարքերի արտադրության հիմնադիր Աբրահամ Խնկիկյանը, միշտ երազանք է ունեցել իր մասնագիտության շրջանակներում ինչ-որ գործ հիմնել Հայաստանում, և պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխվելով՝ փորձել է իրականացնել ցանկությունը:

Xnkikyanner (5)Խնկիկյան ընտանիքը Հայաստան է բերել էլեկտրոնիկայի արտադրության ոլորտի նորարար սարքերից մեկը՝ pick-and-place (P&Ps) machine-ը որը, ըստ Աբրահամ Խնկիկյանի, բարձր ճշգրտությամբ և արագությամբ, տեխնիկայի վերջին զարգացումներին համընթաց, թողարկում է նախագծված սարքերի բոլոր բաղադրիչները, որոնք կիրառվում են բժշկությունից` մինչև ռազմական սարքաշինության, համակարգիչներից` մինչև հեռահաղորդակցության ոլորտներում:

«Էլեկտրոնիկան իմ աշխարհն է: Փոքր տարիքից եմ մտել այդ աշխարհ, տեխնիկից հասել եմ մինչև բարձրակարգ ինժեների մասնագիտության, կատարելագործվել եմ ԱՄՆ-ում, և հիմա հնարավորություն կար իմ մասնագիտական ունակությունները փոխանցել Հայաստանին, բայց, փաստորեն, չեմ կարող: Հայաստանն այսօրվա իր հնարավորություններով` արտադրության երկիր չէ: Այստեղ բոլորի ջանքերը՝ կառավարությունից մինչև ժողովուրդ, ուղղված են դեպի առևտուր»,- մեզ հետ զրույցում ասաց Շանթ Խնկիկյանի հայրը՝ «Խնկիկյան էլեքթրոնիքսի» հիմնադիր Աբրահամ Խնկիկյանը:

Xnkikyanner (2)

Նա համեմատում է Հայաստանի և Սիրիայի օրենսդրական դաշտերը և հսկայական տարբերություն է նշում։ «Սիրիայում մենք հինգ տարի ազատված էինք բոլոր հարկերից: Նոր հիմնված բիզնեսների մասին պետությունը մի հինգ տարի «մոռանում» է: Իսկ այստեղ, կոպիտ համեմատություն անեմ՝ մի ձեռքով խոտը դնում են ոչխարի բերանին, մյուս ձեռքով ստուգում են դմակը: Այդպես չի լինի, ժամանակ պետք է տաս՝ արդյունաբերողը շունչ քաշի, որոշ ժամանակ հետո իր ձեռքը փող անցնի, ոչ թե` շահույթ, այլ` փող, որ նա հասկանա՝ ինչպես է աշխատում, նոր միայն մտածի առևտրականի հետ հայտնվելու նույն օրենսդրական դաշտում: Սխալն արդեն այն է, որ արդյունաբերողն ու առևտրականը նույն օրենքներին են ենթարկվում: Դրա համար մարդը չի մտածում արդյունաբերություն սկսելու մասին, ասում է՝ գնամ Թուրքիայից ապրանք բերեմ, և՛ ավելի հեշտ է, և՛ ավելի արագ: Միայն խենթերը կարող են այս պայմաններում Հայաստանում արդյունաբերություն սկսել»,- հայաստանյան իրենց ընտանիքի երկու տարվա փորձառության մասին ասում է Աբրահամ Խնկիկյանը:

Սիրիայում բիզնեսները դադարեցրած շատ հայերի պես` Խնկիկյանները չեն փակել սեփական գործը: Նրանք կարողացել են գտնել վստահելի մարդիկ, ովքեր պատերազմի պայմաններում կկարողանան վարել տասնամյակներով իրեն արդարացրած բիզնեսը: «Հակառակ Սիրիայի պատերազմական իրավիճակին, հակառակ երկրի այսօրվա խեղճուկրակ դրությանը, կարող եմ ասել, որ այնտեղ գործող մեր բիզնեսը դեռ պահում և կերակրում է մեզ: Հայաստանում հիմնած փոքրիկ արտադրությունն ընդամենը ինքնաբավ մի գործ է, որը գրեթե շահ չի ապահովում և միայն ինքն իրեն է պահում: Շատ խնդիրներ ունենք ապրանքն այլ երկրներ փոխադրելու հարցում: Ցամաքային ճանապարհ չկա, օդային ճանապարհը շատ թանկ է արժենում մեր համեմատաբար փոքր՝ 300-500 կգ բեռը փոխադրելու համար, բայց մենք չենք կարող մեր տարիների պատվիրատուներին բացատրել այսքանը և հավելյալ ծախսերը վճարում ենք մեր գրպանից` ընդամենը միայն մի քիչ բարձրացնելով ապրանքի գինը, ավելի չենք կարող»,- ասում է Շանթ Խնկիկյանը:

Նա նույնպես, վտանգի պատճառով երկիրը լքած բազմաթիվ սիրիահայերի պես՝ երանությամբ է հիշում սիրիական գործունեության տարիները, միաժամանակ զարմանալով, թե Հայաստանում դրամի արժեզրկումն ինչպես է կաթվածահար անում երկիրը: «Նման արժեզրկումներ լինում էին նաև Սիրիայում, նույն չափով արժեզրկվում էր նաև սիրիական արժույթը, բայց ժողովուրդը չէր զգում, լուրերով նույնիսկ չէին հայտնում այդ մասին, քանի որ երկիրն ինքնաբավ էր, հզոր տնտեսություն ուներ, շուկայում վաճառվող ապրանքի 80%-ը՝ հագուստից մինչև կահույք, արտադրվում էր Սիրիայում, պետությունը վերահսկողություն ուներ դրսից ներմուծվող ապրանքների վրա, ոչ ոք չէր կարող ինքնակամ բարձրացնել կամ իջեցնել ներմուծված ապրանքի գինը:

Իսկ Հայաստանի տնտեսությունը հիմնականում հենված է ներմուծելու և վաճառելու վրա, այդ պատճառով էլ երկիրը զգում է նման ցնցումները»,- Հայաստանի տնտեսական վերջին զարգացումների մասին ասում է Շանթ Խնկիկյանը:

Ափսոսալով, որ Խնկիկյանների բերած նորությունից Հայաստանը երկու տարվա ընթացքում չի օգտվել՝ Սփյուռքի նախարարությունը Շանթ Խնկիկյանին հրավիրել է` համապատասխան մասնագետների հետ Հայաստանից հեռանալուց առաջ մի վերջին անգամ քննարկել տեղում գործելու հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս