Սեպուհ Սիմոնյան. Ուզում եմ լինել աշխարհի քաղաքացի, բայց առանց հայությունից ազատագրվելու
YouTube-ում մոտ 130 միլիոն դիտում է ունեցել ամերիկյան ժամանակակից «Capital Cities» երաժշտական խմբի ամենահայտնի` «Safe & Sound» տեսահոլովակը: Խումբն ունի երկու անդամ, որոնցից մեկը մեր հայրենակից Սեպուհ Սիմոնյանն է: 2008 թվականին հիմնված խումբն այսօր համարվում է Indie pop ժանրի ամերիկյան առաջատարներից: Սեպուհը (ինչպես նաև խմբի մյուս անդամը) խմբում և՛ երգում է, և՛ միաժամանակ նվագում ստեղնաշարային գործիքներ: Վերջերս Սեպուհ Սիմոնյանը Հայաստանում էր: «Deem Communications»-ի կազմակերպությամբ նա Հայաստանում ունեցավ երեք ելույթ, որոնց տոմսերն ակնթարթորեն սպառվեցին: Սեպուհ Սիմոնյանը «168 Ժամին» ասաց, որ ինքն ու խումբը, այո՛, հայտնի են, բայց ճանաչման ճանապարհը մեկ օրում չեն անցել. սկզբում իմացել են, որ «Safe & Sound»-ը հնչում է Հարավային Ամերիկայում` Պերուի ռադիոկայաններից: Իսկ հետո այն սկսել են հնչեցնել Միացյալ Նահանգների ռադիոկայանները, ինչն արդեն աստիճանաբար ճանաչում է բերել երկու հոգուց կազմված խմբին: Այնուհետև խումբը մեկուկես ամիս շարունակ Հյուսիսային Ամերիկայում շրջագայել է ամերիկացի նշանավոր երգչուհի և դերասանուհի Քեթի Փերրիի հետ և բացել նրա համերգները, ինչն, անշուշտ, ավելի մեծ ճանաչում է բերել խմբին: Երևանյան համերգներից հետո Սեպուհ Սիմոնյանը պատասխանեց «168 Ժամի» հարցերին:
– Գիտեի՞ք, որ Հայաստանում այսքան ճանաչված եք:
– Այո: Շատ էի լսում այն մասին, որ մեր խմբի երգերը հնչում են տարբեր վայրերում, երաժշտական ակումբներում:
– Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր երաժշտությունն ինչ-որ բանից ազատագրվելու նպատակ ունի:
– Չգիտեմ: Ինքս, առհասարակ, ուրիշների վախերից եմ ուզում ազատագրվել:
– Փորձե՞լ եք ազատագրվել հայությունից. որոշ հայ արվեստագետներ անցնում են այդ ճանապարհով:
– Ես ուզում եմ լինել աշխարհի քաղաքացի, բայց առանց հայությունից ազատագրվելու:
– Ո՞ւմ եք համարում Ձեր ժանրի մեջ Ձեր «գործընկերը» Հայաստանում:
– Ճիշտն ասած` տեղյակ չեմ, թե ինդի-փոփ երաժշտությունն ի՞նչ զարգացում ունի Հայաստանում, նախ` այն պատճառով, որ այստեղ չեմ ապրում: Բայց Հայաստանում իմ երկու ելույթներին ինձ միացան երեք տաղանդավոր երաժիշտներ` դուդուկահար Ջիվան Գասպարյան-կրտսերը, «Բամբիռ» խմբից Նարեկը և երգչուհի Սոսե Քեշիշյանը: Սոսեն Լոս Անջելեսից է:
– Ե՞րբ և որտե՞ղ եք ուսումնասիրել երաժշտական ուղղությունները:
– Փոքր տարիքից դաշնամուրի և երգի դասերի եմ հաճախել: Կալիֆոռնիայի նահանգի Նորթրիջի համալսարանն եմ ավարտել` պրոֆեսիոնալ երաժշտի մասնագիտությամբ: Մոտ քսան տարուց ավելի բազմաթիվ ռոք և փոփ խմբերում եմ նվագել և ձայնագրել ամենատարբեր ոճերի երգեր:
– Ընդհանրապես նշանակություն ունի՞, թե ինչ ոճի մեջ եք ստեղծագործում:
– Ոչ, նախընտրում եմ ազատությունը, որովհետև կարող եմ երգի նշանակությանը համապատասխանող ստեղծագործական ոճ գտնել:
– Անցյալ տարի «Safe&sound»-ը ներկայացվեց «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Ինչ-որ բան փոխվե՞ց դրանից հետո:
– Դժբախտաբար չհաղթեցինք, բայց «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում առաջին հինգի մեջ լինելը ճանաչում և միաժամանակ հպարտության զգացում բերեց մեզ:
– 6 տարվա մեջ 2 ալբոմ. շա՞տ է, թե՞ քիչ:
– Եթե որակով են` քիչ է, եթե վատ են` շատ է:
– Իսկ մեկ տեսահոլովակի համար 130 միլիոն դիտումը ռեկո՞րդ է:
– Ոչ. տեսահոլովակներ կան` միլիարդից ավելի դիտում ունեն:
– Ի վերջո, ինչի՞ մասին է «Safe&sound»-ը. այն արդյո՞ք միայն պարելու համար գրված երգ է:
– «Safe&sound» երգը կյանքը դրական աչքերով դիտելու մասին է, դրա հետ մեկտեղ` ընդունելով, որ աշխարհի չորս կողմը դժվարություններ կան: Մյուս կողմից` այն սիրո մասին մի երգ է, որ ասում է` եթե նույնիսկ Երկիր մոլորակի վերջը մոտ լինի, պետք է միասին լինենք, այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի, և բոլորս ուրախ ու երջանիկ կլինենք:
– Ո՞րն է հաջորդ երգը:
– «Capital Cities» խումբն այժմ զբաղված է «One Minute More» երգը տարածելու գործով: Տեսահոլովակը նոր է լույս տեսել և արդեն տարբեր հեռուստատեսային հաղորդումների ժամանակ հեռարձակվել է և դեռ պիտի հեռարձակվի: Մենք ինքներս էլ հաճախ ենք նվագում և երգում երաժշտական տարբեր հաղորդումների ժամանակ:
– Դուք հարո՞ւստ եք. հնարավո՞ր է հարստանալ Ձեր ստեղծած երգերի միջոցով:
– Ես իմ ընտանիքով և ընկերներով իմ ամբողջ կյանքը հարուստ եմ զգացել: Երաժշտության ոլորտը շատ բարդ է և դժվար: Բախտավոր եմ, որ վերջին 10-12 տարիների ընթացքում միայն երաժշտությանն առնչվող գործերով եմ զբաղվել:
– Ի՞նչ կարծիք ունեք երաժշտությամբ Հայ Դատի հարցեր բարձրացնելու մասին, ինչպես դա անում էր «Sistem of the down» խումբը:
– Լավ բան է: Ես էլ կուզենայի Հայ Դատին, ինչպես նաև` այլ համամարդկային հարցերի նպաստել իմ երգերով: Ի դեպ` երգ ենք ձայնագրելու Սերժ Թանկյանի հետ:
– Դուք Միացյալ Նահանգներ եք գնացել Լիբանանից: Ի՞նչ ազդեցություն է ունեցել Լիբանանը Ձեզ վրա:
– Շատ փոքր էի, երբ ընտանիքով թողեցինք Լիբանանը, ուստի շատ բան չեմ հիշում: Հետագայում այցելել եմ մի քանի անգամ: Անթիլիասի Մայր Տաճարը, Ճեմարանը և Այնճար հայկական գյուղը շատ դրական զգացումներ են ներշնչել ինձ հայ գաղութի նկատմամբ: Հայ ընկերներիս հետ նաև Բեյրութի գիշերային կյանքն եմ վայելել, և պետք է ասել, որ այնտեղ լավ ուտում ու քեֆ են անում:
– Սեպուհ, իսկ ովքե՞ր են Սիմոնյանները:
– Կիլիկիայում ծնված Արիս Սիմոնյանը` իմ պապը, 1915-ին երեք տարեկան է եղել, երբ թուրքերը ընտանիքի մեծ մասին սպանել են, և նրա մայրը ստիպված նրան Բեյրութում որբանոց է հանձնել: Պապս ամուսնացել է Երջանիկ Մանուկյանի հետ, ունեցել են չորս զավակ և ութ թոռնիկ: 70-80-ական թվականներին գրեթե բոլոր հարազատներս, այդ թվում` պապս (որն արդեն մահացել է), փոխադրվել են ԱՄՆ։ Արդեն ութ ծոռ կա, որից մեկն էլ իմ որդին է` Րաֆֆին. նրան օրեր առաջ մկրտեցինք Հայաստանում` Մուղնիում: