Բաժիններ՝

«Մարդիկ հոգնում են, ձանձրանում են Հայաստանի հանգստյան տներում մնալուց». տուր-օպերատոր

Հայաստանում տուրիզմի շուկան ներկա դրությամբ մրցակցային է, ինչը վատ է: Այսօր այս տեսակետը հայտնեց «Ռիմա Թրավել» տուրիստական ընկերության հիմնադիր-ղեկավար Ռիմա Խաչատրյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ ուրիշ երկրներում բոլոր խոշոր տուր-օպերատորները միասնական են միմյանց հետ համագործակցում, իսկ մեր երկրում դա չկա.

«Այսինքն՝ մենք պետք է պայմանավորվենք տուրիստական գործակալություններով, որ բոլորիս գները նույնը լինեն: Այսօր կարգավիճակն այնպես է, կարծես մենք դուրս ենք եկել մրցակցության: Մենք պետք է ավելի շատ մտածենք Հայաստանում տուրիզմը զարգացնելու մասին, քան մրցակցության»:

Ըստ Ռ. Խաչատրյանի՝ Հայաստանում տուրիզմի բնագավառում առկա խնդիրներից մեկն այն է, որ հանգստյան վայրերում մարդիկ մեկ-երկու օր անցկացնելուց հետո ձանձրանում են.

«Քեզ թվում է՝ ամբողջ տարին աշխատել ես, այնքան հոգնած ես, բայց հենց գնում ես հանգստյան տուն՝ մեկ օր հանգստից հետո զգում ես, որ անելու ոչինչ չկա: Այսինքն՝ տվյալ հանգստյան տանը զբաղմունք չկա, մարդիկ հոգնում են, ձանձրանում են Հայաստանի հանգստյան տներում մնալուց: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մարդիկ զբաղմունք ունենան, չմտածեն դուրս գնալու մասին, այլ մտածեն Հայաստանում հանգստանալու մասին»:

Ռ. Խաչատրյանը նաև նշեց, որ քաղաքացիների մոտ արդեն երրորդ տարին սպասարկող սոցիալական փաթեթների վերաբերյալ տեղեկատվության պակաս կա: Նշենք, որ սոցիալական փաթեթը ՀՀ պետական մարմիններում և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքների անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ է՝ աշխատողների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով:

Ռ. Խաչատրյանի խոսքով՝ սոցիալական փաթեթների վերաբերյալ քաղաքացիներին պետք է տրվի մանրամասն տեղեկատվություն, ինչը չի արվում.

«Քաղաքացիները պայմանագրեր են կնքում տարբեր գործակալությունների հետ, բայց տեղեկացված չեն, թե դա ինչ պայմանագիր է: Ես խնդրում եմ, որպեսզի քաղաքացիներն անպայման յուրաքանչյուր պայմանագիրը ստորագրելուց առաջ գոնե մեկ անգամ կարդան, որովհետև դա շատ կարևոր է: Պայմանագիրը կնքելուց հետո նրանք մտնում են կախվածության մեջ տվյալ գործակալության հետ:

Եթե պայմանագիրը պետք է չեղյալ համարեն, այդ դեպքում այնտեղ կան պայմաններ: Ես կարդացել եմ որոշ տուրիստական գործակալությունների պայմանագրեր, որտեղ գրված է, որ 20% տուգանք կլինի, եթե 3 օրվա մեջ պայմանագիրը չեղյալ չանեն, կամ՝ 10% տուգանք կլինի, եթե պայմանագիրը չեղյալ չանեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս