Ադրբեջանը ստանալու է, ինչ պահանջում է, իսկ երբ ժամանակը գա՝ դրան համարժեք գործելու սահմանագծի իր ներխուժած այլ հատվածներում, գործընթացը տապալելու է. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն իտալական Sir գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «երկու շաբաթ առաջ Հայաստանը համաձայնեց դուրս բերել իր ուժերն Ադրբեջանի հյուսիս-արևմտյան Ղազախի շրջանի չորս գյուղերից, և իսկ դրանից անմիջապես հետո սկսեցինք երկկողմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը»:

Հավելենք, որ մոտ 10 օր առաջ Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այդ տարածքներից բանակը շատ արագ ու շուտ պիտի դուրս գա, իսկ անցած տարի Փաշինյանը հայտարարել էր Տավուշից զորքի հետքաշման մասին: «Շատ հնարավոր է՝ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա: Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:

Փաստորեն, ըստ էության, ադրբեջանական պահանջով դիրքային փոփոխություն է տեղի ունենում, թերևս, միակողմանի, նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչի մասին Ադրբեջանը վաղուց էր հայտարարել, որ այս 4 գյուղերի մասով հենց այդպես էլ լինելու է: Եվ չնայած այս ամենին և դիրքերից հայկական զորքի հեռացման մամուլում շրջանառվող տարբեր տեղեկությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը լռություն են պահպանում:

168.amն այս առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք:

Կարդացեք նաև

Իսկ մինչև այդ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում ենք փորձել հասկանալ դիրքային իրավիճակը:

Դուք օրերս ֆեյսբուքյան գրառում էիք կատարել այն մասին, որ սահմանային ճշգրտումներին զուգահեռ՝ սահմանագծվող հատվածում ԶՈւ սահմանապահներով փոխարինելու գործընթաց է գնում և թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում»: ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը լռում են, և մեզ համար մինչև այսօր վերջնական պարզ չէ՝ դիրքային ինչ փոփոխություն կամ ինչ տրանսֆորմացիա է լինելու, քանի դիրք ենք կորցնում, քանիսն են վերածվելու պետական սահմանի: Ձեզ համար պա՞րզ է, փորձե՞լ եք որպես պատգամավոր՝ պարզաբանում ստանալ պաշտպանական գերատեսչությունից, այդ թվում՝ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի ճակատագրի հետ կապված:

– Ես կարծում եմ, որ այստեղ նույնիսկ խնդիրն այն չէ, թե քանի դիրք է հանձնվում ադրբեջանցիներին, որքան այն, թե ադրբեջանական կողմն ինչ բարձունքներում և ռազմավարական ուղղություններում է տեղակայում իրականացնելու, որովհետև այս տեսանկյունից մեզ համար այն շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու: Որքանով տեղյակ եմ՝ արդեն իսկ Բաղանիսի հատվածից ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ կապված աշխատանքներ են իրականացվում, և նույնիսկ այդ ուղղությամբ տեղակայված բանակային կորպուսի զորամասերի զինծառայողներին առաջարկվում է ընդգրկվել սահմանապահ ծառայությունում: Այսինքն, իշխանությունը, ի հեճուկս հանրային բավականին մեծ դժգոհությունների, ըստ իր և Ադրբեջանի պատկերացումների, սահմանագծում և սահմանանշում է իրականացնում և գնում է միակողմանի զիջումների, նաև պաշտպանական առումով արմատական փոփոխություններ է իրականացնում: Եվ ըստ դրա՝ պարզ է, թե ինչ է սպասվում 3-րդ բանակային կորպուսին, որովհետև այս իշխանության տեսլականը ենթադրում է այդ հատվածում կորպուսի զորքերի փոխարինում սահմանապահ ուղեկալներով:

– Ապրիլի 30-ին ԱԺ հայտարարությունների ժամին Դուք Ձեր ելույթում նշել եք, որ Սովետական շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած սահմանային վերջին ճշգրտմամբ (1988 թ.) Բաղանիսին ու Ոսկեպարին լրացուցիչ տարածքներ են տրվել, և, որ իշխանությունն այդ արձանագրություններն ու քարտեզները ոչնչացրել կամ թաքցրել է: Ի՞նչ եք կարծում՝ ՊՆ-ում և ԳՇ-ում կարո՞ղ են կարևոր փաստաթղթեր լինել, որոնք գուցե դեռ մնացել են:

– Բավականին կարևոր հարց է՝ հասկանալ, թե ինչ քարտեզներով և ինչ հիմքով է իրականացվելու կամ իրականացվում սահմանագծման աշխատանքը: Եվ այս տեսանկյունից բավականին կարևոր է 1984-1988 թվականների, այսինքն՝ սովետական շրջանի վերջին դելիմիտացիան և դեմարկացիան, որովհետև այնտեղ, ի դեմս Հայաստանի հատվածի որոշակի ճշգրտումների, որքանով ես եմ տեղյակ, այդ արձանագրություններից մեկով խոսք է գնում նաև Բաղանիսի և Ոսկեպարի ուղղություններով լրացուցիչ տարածքների հատկացման մասին:

Դա պայմանավորված է եղել նրանով, որ ադրբեջանական կողմը ջրամբար էր կառուցել, և դա տարբեր պատճառներով տեղի էր ունեցել Սովետական Հայաստանի տարածքների հաշվին, և այդ դելիմիտացիա-դեմարկացիա գործընթացի արդյունքում, որը տեղի է ունեցել 1984-1988 թվականներին, այդ, այսպես կոչված, ներխուժման որպես փոխհատուցում՝ տարբեր ուղղություններով եղել են տարածքային հատկացումներ, այդ թվում՝ Բաղանիսի և Ոսկեպարի մասում:

Սա հատկապես կարևոր է այս փուլում, որովհետև որքան հասկանում եմ, իշխանությունը ոչ թե հաշվի է առնում իրական հիմքերը, նախադեպերը, միջազգային պրակտիկան, որոնք առկա են, այլ բացառապես շարժվում է ադրբեջանական պահանջներով: Հիմա մենք մեր խմբակցության կողմից ունենք 2022 թվականի գրություն, որտեղ նշվում է, որ այդ քարտեզներին ու արձանագրություններին ծանոթանալու հատուկ ընթացակարգ կա, և այլն, և ես ունեմ 2024 թվականի գրություն նույն Կադաստրի կոմիտեին, որի պատասխանում նշված է՝ այդ փաստաթղթերը փաստորեն գոյություն չունեն: Հիմա եթե 2022-ին եղել են, իսկ 2024-ին չկան, ապա նշանակում է՝ կամ դրանք ոչնչացվել են, կամ իշխանությունը պարզապես թաքցնում է: Իշխանությունը սրանով հանրությունից փորձում է թաքցնել այն հանգամանքը, որ կան առավել բարենպաստ քարտեզներ, արձանագրություններ, և շարժվում է բացառապես ադրբեջանական օրակարգով:

– Ի դեպ, Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում նշել է. «Խնդիրն այն է, որ թեև մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա, որի մասին ես հենց նոր խոսեցի, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, հարցում, և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները։ Այսպիսով, ինչպես նշեցի, այն ժամանակ, երբ մենք համաձայնության գանք այս հարցում խաղաղության պայմանագրի համատեքստում, մենք շատ կմոտենանք դրա կնքմանը»: Այսինքն, ստացվում է, որ ՀՀ-ն սահմանագծում է անում՝ հղում անելով մի փաստաթղթի, որի շուրջ չկա համաձայնություն, որի նկատմամբ Ադրբեջանը դժկամություն ունի:

– Կարծում եմ, Ադրբեջանն իր համար ունի հստակ նպատակներ, ճանապարհային քարտեզ, և հատկապես պահանջների ցանկ, որոնք պետք է ՀՀ-ին ներկայացնեն այս կամ այն իրավիճակում՝ կախված, թե ինչպիսի բարենապաստ դաշտ կձևավորվի: Ցավով, պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի համար ստեղծել են գրեթե անսահմանափակ հնարավորություններ իրենց ամենադաժան ֆանտազիաներն իրականացնելու տեսանկյունից: Եվ Ադրբեջանը ստանալու է՝ ինչ պահանջում է, իսկ երբ դրան համարժեք սահմանագծի այլ տարբեր հատվածներում գործելու ժամանակը գա, որտեղ ներխուժել է տարբեր փուլերում, համոզված եմ, որ Ադրբեջանը գործընթացը տանելու է տապալման, որպեսզի իր բաժին պարտավորությունը չկատարի, ինչը տեսանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեպքում, երբ ՀՀ իշխանություններն իրականացրեցին իրենց պարտավորություններն առաջին հերթին՝ տարածքների հանձնման մասով, երբ առանց կրակոցի հանձնվեցին Քարվաճառը, Ակնան, Լաչինը, իսկ Ադրբեջանն իր մասով ոչ միայն ոչ մի պահանջ չկատարեց, այլև տապալեց գործընթացը, ու այսօր ՀՀ-ն կանգնած է փաստացի կոտրված տաշտակի առաջ:

Երբ ասում ենք՝ երկրի անվտանգային համակարգ, օրինակ, Դուք դրա տակ ի՞նչ եք հասկանում, կամ ի՞նչ պետք է հասկանալ: Այսինքն, 3 կարևոր գործոն, որոնք կազմում են երկրի անվտանգային համակարգը, և որևէ մեկի թերի լինելու կամ չլինելու դեպքում թուլացվում է անվտանգային ամբողջ համակարգը և պաշտպանական դիմադրողականությունը:

– Սահմանադրությունը և օրենսդրությունը սահմանում է բոլոր այն կառույցները, որոնք իրականացնում են ՀՀ ներքին և արտաքին անվտանգության ապահովումը: Բայց եթե մենք խոսում ենք ընդհանուր անվտանգության մասին, դա շատ ավելի լայն հասկացողություն է, և երբ ասում ենք՝ անվտանգության ապահովման համակարգ, դրա տակ շատ ավելի մեծ գործոններ կան, քան առաջին հայացքից կարելի է հասկանալ: Եվ երբ ասում ենք, որ անվտանգության համակարգը խաթարվում է, օրինակ, Տավուշի պարագայում դա միայն առաջնագծի խաթարմամբ չէ պայմանավորված, այլ, որ ադրբեջանցիներն այս խայտառակ գործընթացի արդյունքում հայտնվելու են այնպիսի դիրքերում, ուղղություններում, բարենպաստ բարձունքներում, ինչը բավականին խոցելի է դարձնելու Տավուշի և ՀՀ-ի անվտանգությունը:

Վերջերս ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ 21-րդ դարում մարտական հենակետ պահելը հետամնացություն է: Սրան զուգահեռ՝ իշխանությունները փորձելով ցույց տալ, թե ինչ հսկայական աշխատանք են տարել անվտանգային և պաշտպանական առումով, անընդհատ մատնանշում են հիմնականում ամրացված շրջանները, որի գոյությունը վատ չէ, բայց հարցն այստեղ չէ: Իսկ գուցե 21-րդ դարում մարտական հենակետ պետք չէ՞ մեզ, կամ՝ գուցե պետք է, բայց միաժամանակ ավտոմատացված կառավարման համակարգ պիտի գործի դրվի: Ի՞նչ եք կարծում՝ հաշվի առնելով այսօրվա անվտանգային մարտահրավերները, Հայաստանին ի՞նչ տեսակ դիրքեր ենք պետք, ի՞նչ տեսակ կահավորում, արդյո՞ք միայն ամրացված շրջանները բավարար են անվտանգություն ապահովելու համար, թե՞ դրան զուգահեռ՝ պետք է նաև կահավորված առաջնագիծ և մարտական հենակետեր ունենալ:

– Ցանկացած երկրի պարագայում առաջնագծի կառուցվածքը, կահավորվածությունը, սպառազինությունը, տեխնիկական զինվածությունը և նմանատիպ այլ էլեմենտների գոյությունը կախված է նրանից, թե այդ երկիրն անվտանգային ինչ խնդիրներ ունի, ինչ անվտանգային միջավայրում է գործում, և իր հիմնական ռազմավարությունը երկարաժամկետ կտրվածքով ինչ է ենթադրում:

Այն հայտարարությունները, որոնք անում են իշխանությունները՝ այս կամ այն իրավիճակի կամ լուծման հետ կապված, դրանք երբևէ չեն կարող որպես գնահատական դիտվել այն ռեալ իրավիճակին, որն այսօր գործում է, որովհետև դրանցում ո՛չ խորություն, ո՛չ էլ բովանդակություն կա, և ո՛չ էլ արտացոլում են այն իրական սպառնալիքները, որոնք այսօր առկա են:

Եվ հենց միայն անվտանգային ռիսկերի գնահատման տեսանկյունից, երբ ծանոթանում ես ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանը, ակնհայտ է դառնում՝ ինչպիսին նրանց դիրքորոշումն է, այնպիսին էլ նրանց պատկերացումներն են առաջնագծի վերաբերյալ, ինչը, կրկնում եմ, որևէ ձևով չի արտացոլում իրական ռիսկերը, որոնք ունենք այսօր, ունենալու ենք վաղը և առաջիկա տասնամյակում:

– Տավուշի շուրջ զարգացումների համատեքստում բանակին, զինված ուժերին այս օրերին շատ ենք քննադատում, իրականում ի՞նչ կարող են անել բանակը, գործող գեներալները, չգործող գեներալները՝ Տավուշի և ՀՀ անվտանգության դեմ իշխանության քայլերը կանխելու համար, և արդյո՞ք չկան դրան չգնալու կաշկանդող հանգամանքներ:

– Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ իր խղճի, բարոյականության, Սահմանադրության կամ հասարակության առաջ ստանձնած պարտավորություններով այս կամ այն իրավիճակում ինչպես պետք է գործել, երբ պետք է ակտիվանալ, երբ խոսել, և այլն: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է հասկանալ՝ ում խոսքը, հայտարարությունը, արարքն այդ պահին որքանով կարող է նպաստել երկրի անվտանգությանը և մեր երկրում ստեղծված իրավիճակին համահունչ փոփոխություններ մտցնել: Մենք այսօր ապրում ենք ոչ սովորական պայմաններում, և, կարծում եմ, ոչ միայն զինվորականների, այլև շատ-շատերի համար դժվար է գնահատել իրավիճակը և յուրաքանչյուրի անելիքը ստեղծված իրավիճակում:

Ստեղծված իրավիճակում, առկա անվտանգային զարգացումների ֆոնին, ժամանակ առ ժամանակ տարբեր ուժերի, անհատների կողմից ակտիվանում են խոսակցությունները, պահանջները՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Պատիվ ունեմ»-ի, ի՞նչ կարծիք ունի այս առնչությամբ, որքանո՞վ է այն այս պահին ձեռնտու ընդդիմությանը, որքանո՞վ՝ իշխանությանը, կամ՝ ոչ ձեռնտու:

– Ես չեմ կարծում, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են երկրում  որևէ լուրջ իրավիճակ փոխել: Իշխանությունն արդեն իսկ իր վարքագծով ցույց է տալիս, որ հստակ գնում է ոստիկանական պետության, ավտորիտար ռեժիմից տոտալիտար ռեժիմի անցման ճանապարհին է, ինչը ենթադրում է, որ ցանկացած քաղաքական գործընթաց ցանկացած պահի կարող է վերածվել հասարակությանն ուղղված իշխանության պարտադրանքի: Այն բռնությունների աճը, քաղբանտարկյալների առկայությունը, ԶԼՄ-ների և նրանց ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներն ինքնին ցույց է տալիս, թե մոտավորապես մենք ինչ կունենանք, եթե լինեն արտահերթ ընտրություններ: Բնականաբար, այդ ամենը կունենանք շատ ավելի մեծ դոզավորմամբ, ընդգծված օրինակներով, և ես չեմ կարծում, թե այս իշխանության պայմաններում արտահերթ ընտրությունները որևէ բան են փոխելու:

Տեսանյութեր

Լրահոս