Մենք բոլորս Սուրեն Խաչատրյան ենք
Կամ` առնվազն 70 տոկոսը
Սյունիքի նախկին (չի բացառվում նաև՝ ապագա) մարզպետ Սուրեն Խաչատրյանի բակում Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, երբ կար մեկ սպանված, մեկ ծանր վիրավոր, հանցանքի վայրում գտնվող երկու արթուն և մեկ քնած հավանական հանցագործներից մեր արդարադատությունը մինչ օրս չկարողացավ գտնել հնարավոր մարդասպանին: Սակայն մեղադրել իրավապահներին ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ` արդար չէ. տակավին վերջերս օպերատիվ հետախուզական, նաև բացատրական աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ վնասազերծել մեկ այլ, առավել վտանգավոր հանցագործի:
Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարանի մեղադրյալի աթոռին է հայտնվել երեք անչափահաս երեխաների մայր, Գյումրու բնակչուհի Վերոնիկիա Սուքիասյանը: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել՝ հարևան բակից վառելիք գողանալու և քաղցկեղով հիվանդ երեխային չարամտորեն տաքացնելու համար: Հուսանք, որ տիկինը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
Իսկ Արտակ Բուդաղյանի սպանությունը կատարածին փնտրել իրավապահները չեն շտապում: Դրա անհրաժեշտությունն էլ առանձնապես չի զգացվում:
Նախ՝ Սուրեն Խաչատրյանը, որի որդուն և թիկնապահին կասկածում էին Բուդաղյանի սպանության մեջ, այսօր չափազանց զբաղված է՝ պատրաստվում է Գորիսի քաղաքապետի բարդ և պատասխանատու ընտրություններին: Ունի թեկնածու, որին հովանավորում է և որի հաղթանակին կասկածելու հիմքեր որևէ մեկը նրան չի տվել: Իսկ թվում էր՝ կտար:
Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը: Թե ինչ նպատակ էր հետապնդում Արա Բուդաղյանն՝ իր թեկնածությունն առաջադրելով, հայտնի է միայն իրեն: Մյուսներս այս քայլին որոշակի ռոմանտիզմ վերագրեցինք՝ դրան տալով Սյունիքի նախկին մարզպետին նետած ձեռնոցի նշանակություն: Թեև, եթե Արա Բուդաղյանն իր թեկնածությունը չդներ, որևէ մեկը նրան մեղադրելու բարոյական հիմք չէր ունենա:
Սակայն Արա Բուդաղյանն իր թեկնածությունը դրեց ու կարճ ժամանակ անց ինքնաբացարկ հայտնեց: Հիմնավորումն այսպես էր հնչում՝ նա ի սկզբանե մեկ նպատակ է ունեցել՝ վերջում հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Գորիսի քաղաքապետի մեկ այլ թեկնածուի՝ Տիգրան Կարապետյանի: Սակայն վերջինս պարոն Բուդաղյանի համար անակնկալ (գուցե անձամբ իր համար՝ ևս)՝ հանել է իր թեկնածությունը՝ անուղղակի ստիպելով, որ Արա Բուդաղյանն այլևս չշարունակի պայքարը:
Մեղադրել Արա Բուդաղյանին, թե ինչու նա չպայքարեց մինչև վերջ, թերևս, արդար չէ. նա վարվել է այնպես, ինչպես վարվել է:
Այս կոնտեքստում հետաքրքիր էին «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի հարցումները Գորիսում: Ըստ կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի՝ հարցումներից պարզվել է, որ Գորիսում բնակիչները Սուրեն Խաչատրյանի հանդեպ դրական վերաբերմունք ունեն, և, որ քաղաքապետի ընտրությունների հանդեպ հետաքրքրություն ունի բնակչության 70 տոկոսը: «Բնակիչներ» բառը հայերենում վաղուց արդեն ասոցիացվում անդեմ, եզի համբերություն ունեցող մի զանգվածի հետ, որն անհրաժեշտ պահին կարող է համախմբվել, ուռճանալ և կազմել սոցիոլոգներին անհրաժեշտ այդ 70 տոկոսը:
Ընդ որում, վստահաբար, հենց այդ 70 տոկոսից էլ պարոն Ադիբեկյանը ճշտել է, որ Ս. Խաչատրյանին իր տան բակում կատարված սպանության համար շատերը չեն էլ մեղադրում՝ վստահ, որ այդպես կվարվեր իրենցից յուրաքանչյուրը:
Թեև, եթե այդ 70 տոկոսը ձեռքները դնեն մարմնի այն մասին, որտեղ ավանդաբար խիղճն է, և վերհիշեն կատարվածը, գուցե փաստեն, որ իրականում ոչ մի կրակոց էլ չի հնչել, պարզապես Բուդաղյաններն անզգույշ շարժում են արել, սայթաքել ուգ
Ինչպես հայտնի պատումում. մարդասպանը դատարանում վստահեցնում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել: Տուժողն ինքն է սայթաքել, ընկել դանակի շեղբին, ու այդպես՝ 17 անգամ:
Վտանգավորն այն չէ, որ Սուրեն Խաչատրյանի թեկնածուն կարող է դառնալ քաղաքապետ, կամ, որ Սուրեն Խաչատրյանի տան բակում կարող են այլ մարդիկ էլ սպանվել: Վտանգավոր է միտումը, որ Սուրեն Խաչատրյանը կրակում չի այրվում, ջրում չի սուզվում: Սուրեն Խաչատրյանի առավելություններն էլ քիչ չեն. ինչպես Ահարոն Ադիբեկյանը, Սուրեն Խաչատրյանը ևս կարողանում է բոլոր ընտրությունների ժամանակ սյունեցիների առնվազն 70 տոկոսի հետաքրքրությունը միշտ վառ պահել քվեարկության պրոցեսի հանդեպ: Եվ հետո, ինչպես իր հարցազրուցներից մեկում էր ասել, ինքը Սյունիքի համար շատ գործ է արել՝ հրապարակներ, շենքեր, զոհվածների հուշարձաններ: Մնում է միայն ճշտել՝ ո՞ւմ ձեռքով են զոհվել նրանք, ում անունները հուշարձանին են:
Թվում էր՝ Սյունիքի նախկին մարզպետի և նրա մերձավորներից յուրաքանչյուրի հանցագործությունից հետո տուժածների հարազատները, արդարադատություն չգտնելով, պիտի որ օբյեկտիվորեն փորձեին արդարադատություն իրականացնել սեփական ուժերով: Թվում էր՝ չկա ավելի ծանր հարված, քան հարազատի սպանությունը, անպատվությունը: Դրանից ծանրը թերևս այն է, երբ հանցագործության մեղավորին ոչինչ չի սպառնում: Իսկ Սուրեն Խաչատրյանին եթե ինչ-որ բան էլ «սպառնում» է, ապա, թերևս, պաշտոնի բարձրացում…
Անտիկ աշխարհում կար օրենք, որը թույլ էր տալիս հանցագործներին` ազատվել պատասխանատվությունից, եթե վերջիններս հաջողեն մինչ ձերբակալվելն ապաստանել տաճարում: Հայաստանում ևս կա նման տաճար՝ Բաղրամյան 26-ում: