Բաժիններ՝

Միկոյանի արձանի կաղապարն արդեն հանվել է

Անաստաս Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է: Արձանի կաղապարն արդեն հանվել է և վերջնական տեսք ստանալու համար մնում են ձուլման և մյուս աշխատանքները:

Չնայած հասարակական աղմուկին և արձանի տեղադրման առթիվ առաջացած բացասական տրամադրություններին` քաղաքային իշխանությունները հասան իրենց նպատակին:  Շուտով Իսահակյան-Կորյուն փողոցների մերձակա հատվածներից մեկում վեր է հառնելու Խորհրդային Միության պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի խստադեմ մահարձանը: Մեր իշխանությունները հայ քանդակագործներին հետագա թիրախներից զերծ պահելու համար ոչ մի մրցույթ էլ չեն հայտարարել, այլ որոշվել է ընդամենը պատճենել Մոսկվայում Միկոյանի գերեզմանոցի վրա տեղադրված նրա մահարձանն ու նույնը տեղադրել նաև Երևանում:

Արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց, որ չնայած մահարձան լինելուն, աշխատանքը գեղարվեստական արժեք ունի, քանի որ ժամանակին այն արվել է ռուսական քանդակագործության դպրոցի ավանդույթներով, իսկ ռուսական քանդակագործության դպրոցը, ըստ Գ. Ստեփանյանի, գրագետ դպրոց է: Ինքը՝ քանդակագործը, խոստովանեց, որ անձամբ շահագրգիռ չէ այս հարցով, այլ ընդամենը իրեն խնդրել են կարգավորել արձանի ձուլման հետ կապված տեխնիկական հարցերը, քանի որ ստեղծագործական հարց, ըստ էության, չկա:

Ինչ վերաբերվում է Միկոյանի կերպարին, ապա, ըստ Գագիկ Ստեփանյանի. «Իր ազգի համար արված բոլոր լավ գործերը նա արել է գաղտնի, ցույց չի տվել: Հանրապետությունում քիմիայի, ֆիզիկայի զարգացումից մինչև Արփա-Սևանի ծրագիրը, մինչև Համաշխարհային երրորդ պատերազմիկանխումը իր անվան հետ են կապված… Հիմա մեկի համար նա կարող է վատը լինել, մյուսի համար՝ լավը: Կարծիքները իրարամերժ են, պատմությունը թող ցույց տա: Կարեն Դեմիճյանի արձանն էլ են ուզում դնել, և նրա մասին էլ ինչ ասես՝ ասում են… Ինքս անձամբ երբեք կուսակցական չեմ եղել, նույնիսկ կոմսոմոլ չեմ եղել, բայց կարծում եմ, որ պատմության մեջ դեր ունեցած մարդկանց պետք է հավերժացնել»,-ասաց քանդակագործը:

Նա նշեց նաև արձանի չափերը՝ 1,70 սմ: Երևանի «նոր բնակիչը»լինելու է բրոնզաձույլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս