Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ուղիները
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Մոնիկա Ջումայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը: Ընդգծվել է անդրազգային հանցագործությունների հասցեագրման, քրեական արդարադատության համակարգի կատարելագործման և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից փորձագիտական աջակցությունն ու ծրագրերի շարունակական իրականացումը` ուղղված Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում և դրան ընդառաջ համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարների վերաբերյալ:

