Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է

Սա առաջին եզրակացությունն է, որին կարելի է հանգել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցից: Այն, որ նա իշխանությանը վերադառնալու ցանկություն պետք է ունենար, նորություն չէ. հեռանալիս ինքն է հայտարարել, որ չի պատրաստվում դառնալ երիտասարդ թոշակառու: Սակայն այսօրվա հարցազրույցը շատ ավելի կոնկրետ հայտի ներկայացում է, որի հիմքում, ի դեպ, ընկած է իր և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև հակասությունների առկայությունը կամ դրանց առկայության տպավորություն ստեղծելը:

Հարցազրույցի բոլոր առանցքային հատվածներում, սկզբունքային խնդիրների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանն արտահայտում է ճիշտ նույն դիրքորոշումը, ինչ նույն հարցերի վերաբերյալ ասում է ԲՀԿ-ն, իսկ վերջին ամիսներին՝ նաև «հրաշալի քառյակը»: Բացառությամբ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշմանը, որի առթիվ քառյակի անդամ ՀՅԴ-ն ողջունել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Մյուս հարցերում Քոչարյանի ու քառյակի գնահատականներն ու մոտեցումները գրեթե հայելային արտապատկերմամբ համընկնում են: Իհարկե, շատ ավելի տեղին կլինի ասել, որ ոչ թե Քոչարյանն է արտահայտում քառյակի դիրքորոշումները, այլ՝ հակառակը:

Ավելին, քաղաքական ընթացիկ զարգացումների ու նաև Քոչարյանի այսօրվա հարցազրույցի տրամաբանությունը վկայում է, որ, ըստ ամենայնի, նա պատրաստվում է իշխանության վերադառնալ հենց քառյակի միջոցով՝ գուցե որոշակի փոփոխություններով կամ, ինչպես ինքն է ասել, ձևախեղումներով:

Բայց վերադառնանք Սահմանադրական փոփոխությունների մասին Քոչարյանի գնահատականին:

Հիշելով Պոլիտբյուրոյին
Ինչպես նշեցինք, նա ասում է գրեթե նույն տեքստը, ինչ այդ առթիվ ասել է ԲՀԿ-ն՝ հիմա դրա ժամանակը չէ: «Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություններին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանադրության ինչ-ինչ անհամապատասխանությամբ:

Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա»,- ասում է Քոչարյանը: Այսինքն՝ տնտեսության խնդիրները թողած՝ իշխանությունը զբաղվում է Սահմանադրության փոփոխությամբ, որի ո՛չ կարիքը կա, ո՛չ էլ հասարակական սպասումը: Այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունը նախաձեռնում սահմանադրական փոփոխությունները: Այդ հարցի պատասխանը ևս կարելի է գտնել Քոչարյանի հարցազրույցում:

«Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ… Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն, և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»:

Ասվածը հիմնավորելու համար Քոչարյանը հղում է կատարում 2005 թվականին իր կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների նախադեպին: «Իրադրությունը ուղիղ հակառակն է այն իրավիճակի, որը նախորդեց 2005 թվականի բարեփոխումներին: Այն ժամանակ Սահմանադրությունը լիազորությունների ակնհայտ գերակշռություն ուներ` հօգուտ նախագահի ինստիտուտի` ի հաշիվ խորհրդարանի և կառավարության: Նա էր ձևավորում նաև ամբողջ դատական իշխանությունը: Կառավարության բոլոր որոշումները հաստատում էր նախագահը: Ավելին, վարչապետը կառավարության նիստերն անց էր կացնում նախագահի հանձնարարությամբ:

Նախագահը փաստացիորեն ուներ խորհրդարանը լուծարելու միանձնյա իրավունք և այլն: Ըստ էության, ձևախեղված էին իշխանությունների տարանջատման և նրա ճյուղերի միջև հավասարակշռության մասին հիմնարար ժողովրդավարական պատկերացումները: Սահմանադրական բարեփոխումն այն ժամանակ դարձել էր երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից և ԵԽ անդամակցության պարտավորություններից մեկը:

Այսպիսով, այն ժամանակ համընկնում էին սահմանադրական բարեփոխումներ կատարելու երեք կարևորագույն հանգամանք` ժողովրդավարական նորմերին նրա անհամապատասխանության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցությունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները»: Առաջին հայացքից՝ հիմնավոր թվացող այս դրույթները, մեղմ ասած, խնդրահարույց են և վիճելի: Դրանցից ամենաճշմարտացին թերևս այն է, որ 2005 թվականին սահմանադրական բարեփոխումները ԵԽ-ին անդամակցության պահանջներից էին:

Թեև դժվար է չհիշել, թե ինչ էր այդ շրջանում Քոչարյանն ասում նույն ԵԽ-ի մասին, երբ այլ հիմնախնդիրների հետ կապված՝ նրան հիշեցնում էին ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորություններն ու դրանց չկատարումը: «Եվրախորհուրդը հո Պոլիտբյուրո չէ՞»,- ասում էր Քոչարյանը: Դա՝ իմիջիայլոց:

Ինչ վերաբերում է 2005 թվականին սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մյուս երկու՝ իր կողմից նշված նախադրյալներին, ապա դրանք անգամ ծիծաղ են առաջացնում: Այո, այն ժամանակ իշխանությունը գերկենտրոնացած էր, բայց ոչ այնքան՝ նախագահի ինստիտուտի, որքան՝ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի՝ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում:

Սակայն սահմանադրական բարեփոխումները ոչ թե թուլացրեցին դա, այլ ֆորմալ ապակենտրոնացման իմիտացիայի անվան տակ՝ ավելի ամրապնդեցին Քոչարյանի իշխանություն, գրեթե մենիշխանությունը: Դրա մասին, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, վկայում է նույն Քոչարյանի մեկ այլ հարցազրույցում հնչած միտքն այն մասին, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի բոլոր անդամների անուն-ազգանունները համաձայնեցվել են իր հետ:

Այսինքն՝ Քոչարյանը խոստովանել է, որ օրենսդիր մարմինը, դրա մեծամասնության կազմը որոշել է ինքը: Ինչ վերաբերում է այն ժամանակ սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջին, ապա բավական է հիշեցնել, որ 2005 թվականին իշխանությանը շատ դժվարությամբ հաջողվեց անցկացնել Սահմանադրական հանրաքվեն՝ բոլոր ընտրություններին բնորոշ կեղծիքների միջոցով:
Բայց դրանք անցյալին վերաբերող հիշողություններ են, իսկ հիշողությունները, ինչպես հայտնի է, նաև չափազանցվելու, պատկերավոր դարձվելու սովորություն ունեն: Ավելի հետաքրքիր է՝ ի՞նչ է Քոչարյանն ասում ապագայի մասին:

Հիշելով միակ տղամարդուն
Նախ՝ նա Սերժ Սարգսյանին պարզ հասկացնում է, որ չի հավատում նրա հայտարարությանը՝ նախագահի պաշտոնում չառաջադրվելու և վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին: Թվարկելով 2005 թվականին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին վկայող գործոնները, նա ասում է. «Բայցևայնպես, նույնիսկ այդպիսի գործոնների առկայության պայմաններում, ընդդիմությունն այն ժամանակ կասկածում էր իմ մտադրություններին: Իբրև թե այդ ամենն անում եմ, որպեսզի պահպանեմ իշխանությունը՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում կամ տեղափոխվելով վարչապետի աթոռին: Չնայած իմ բազմաթիվ ու միանշանակ հայտարարություններին, որ այդպիսի բան չի լինի, ընդդիմախոսներին հակառակը համոզել ինձ չհաջողվեց (իմիջիայլոց, ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից՝ չկառչելով որևէ պաշտոնից)»:

Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը՝ «ես իմ խոսքի տերը եղա…»: Բնականաբար, Քոչարյանը պատահաբար չէ ընդհանուր առմամբ բացառապես քաղաքական լեքսիկոնով գրված այս հարցազրույցում անցում կատարում ոչ այնքան քաղաքական՝ մարդկային, տղամարդկային լեզվի: Նա չի ասում՝ «ես պահպանեցի պայմանավորվածությունները» կամ «կատարեցի իմ հանձնառությունը», այլ ասում է՝ «իմ խոսքի տերը եղա…»: Այստեղ էլ դժվար է չհիշել՝ «միակ տղամարդու» մասին Քոչարյանի հայտարարությունը:

Ակնհայտ է, որ այսպիսով Քոչարյանը Սարգսյանին հիշեցնում է իրենց միջև ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածության մասին, որը, ըստ այս հարցազրույցի տրամաբանության, խախտվել է: Բայց արդյո՞ք Քոչարյանի այս հայտարարությունը՝ ընդամենը «խոսքի տերը չլինելու մասին», արձանագրում է՝ առանց այլ հետևանքների: Ըստ ամենայնի՝ ոչ: Որովհետև Քոչարյանն ավելի քան պարզորոշ հասկացնում է, որ չի պատրաստվում հետևել «երկու անգամից ավելի երկրի ղեկը չստանձելու» մասին Սերժ Սարգսյանի կոչին: Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ս. Սարգսյանի հայտարարությանը, որ որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի, Ռ. Քոչարյանն ասում է.

«Դրա համար Սահմանադրությունը վերաձևելու կարիք չկա, առավել ևս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին: Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»: Այս հարցազրույցը, լայն իմաստով, հրապարակվել է հենց վերջին նախադասության համար՝ «…այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»: Այսինքն՝ նույնիսկ, եթե սահմանադրորեն արգելվի մեկ անձին երկու անգամից ավելի զբաղեցնել նախագահի պաշտոնը, ապա դա իրեն չի վերաբերելու, քանի որ չի կարող հետադարձ ուժ ունենալ: Ասել է թե, անկախ ամեն ինչից, ես վերադառնալու եմ:

Այս հարցազրույցում Ռ. Քոչարյանը հակիրճ անդրադարձել է նաև վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակմանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից՝ Սերժ Սարգսյանի գոհ լինելու հանգամանքին: Վերջինի առիթով ասել է. «Ես չգիտեմ, թե ինչպես և ինչն էր նա գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ, սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն»: Իսկ Հովիկ Աբրահամյանին անկեղծորեն մաղթել է հաջողություն՝ չմոռանալով հիշեցնել, որ իր նախագահության շրջանում Աբրահամյանը լավ է աշխատել տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնում, ինչպես նաև արձանագրել է, որ Աբրահամյանը ստացել է ծանր ժառանգություն:

Հիշելով մասլահաթը
«Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»,- հարցազրույցի վերջում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում:

Այսպիսով, նա Սերժ Սարգսյանին նախ՝ մեղադրում է օբյեկտիվ չլինելու և անկեղծ մտահոգությունը չարախնդալուց տարբերել չկարողանալու մեջ: Սա գրեթե նույնն է, որ Քոչարյանը հայտարարեր, թե Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում լավ չի աշխատել ԱԱ և Պաշտպանության նախարարի, վարչապետի և մի շարք այլ պաշտոններում: Բայց նա ուղիղ դա չի ասել՝ թերևս չմոռանալով 2012-ին իր մեկ այլ հարցազրույցում հնչած այն միտքը, որ «երկու ղարաբաղցիներ» իրար դեմ չպետք է պայքարեն:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը 2008 թվականին նախագահի պաշտոնը թողնելուց հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քննադատության ամենամեծ չափաբաժինն է պարունակում: Արդյո՞ք սա «խոսքի տերը չլինելու», թե՞ հակառակը՝ իրականում հենց «խոսքի տերը լինելու», այսինքն՝ դեռևս 6 տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում իմիտացիոն դիմակայությամբ իշխանության վերադառնալու սցենարի մաս է՝ շատ դժվար է ասել:

Այն պարզ պատճառով, որ որևէ ստույգ տեղեկություն հայտնի չէ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կայացած խոսակցության վերաբերյալ: Ղարաբաղյան բարբառով, ի դեպ, դա անվանում են «մասլահաթ»:

 

Տեսանյութեր

Լրահոս