«Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են նշված հաստատություն նախկինում կատարած այցերի ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ ՄԻՊ առաջարկների կատարման վիճակը, ինչպես նաև վեր են հանվել նոր խնդիրներ։
ՄԻՊ-ից հայտնում են, որ մտահոգիչ է, որ նախկինում արձանագրված խնդիրների ծանրակշիռ մասը շարունակում է մնալ չլուծված։
Մասնավորապես,
կենտրոնի որոշ բաժանմունքներ շարունակում են մնալ գերբեռնված, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը։ Սենյակներում մահճակալներն իրար շատ մոտ են տեղադրված՝ խնամարկյալների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ,
բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, որոշ հիվանդասենյակների պայմանները եղել են անբավարար,
ֆիզիկական զսպման համար Կենտրոնի 9 բաժանմունքներից միայն մեկում է նախատեսված առանձնացված սենյակ։ Ֆիզիկական զսպումը մյուս բաժանմունքներում հաճախ իրականացվում է հիվանդասենյակներում մյուս բուժառուների ներկայությամբ, երբեմն՝ մասնակցությամբ,
արձանագրվել են բուժառուների նկատմամբ զսպման միջոցների կիրառման և պատշաճ արձանագրման հետ կապված խնդիրներ։ Թեև ստացվել են տեղեկություններ, որ պացիենտների նկատմամբ հաճախակի կիրառվում են ֆիզիկական զսպման միջոցներ, սակայն մատյաններում բացակայել են դրանց վերաբերյալ արձանագրումները,
բուժառուների նկատմամբ ֆիզիկական զսպում իրականացվել է օրենքով չնախատեսված, դժվար արձակվող մեխանիկական միջոցներով։ Մասնավորապես, պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով (բրդյա զուգագուլպա),
դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման առանձին դեպքերում պատշաճ բժշկական զննություն չի իրականացվել և դրանց արդյունքները պատշաճ չեն արձանագրվել։ Մասնավորապես, մատյաններում առկա են եղել տվյալներ միայն պացիենտի զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի վերաբերյալ,
արձանագրվել են անգործունակ ճանաչված անձանց իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, վերջիններիս խնամակալներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացրել, իսկ բուժառուները պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,
մտահոգիչ է մնում խնամակալության ինստիտուտի ոչ պատշաճ իրացումը։ Խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու փաստացի վիճակի նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,
արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. բուժառուներին, որոնք չեն կարող անհատականացնել իրենց հագուստը, լվացվելուց հետո հագուստը տրամադրվում է պատահականության սկզբունքով,
հրատապ անհրաժեշտություն կա քայլեր ձեռնարկելու հենց բաժանմունքներում բուժառուների լոգանքը մշտապես կազմակերպելու ուղղությամբ և ձեռնպահ մնալու եղանակային ցուրտ պայմանների ընթացքում մասնաշենքից դուրս՝ բաղնիքում այն կազմակերպելուց,
կենտրոնի ոչ բոլոր բաժանմունքներում է առկա եղել հարմարեցված և մատչելի միջավայր։ Օրինակ՝ բաժանմունքների մեծ մասի մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի հետևանքով տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն զբոսանքից և սանհանգույցից օգտվելու դժվարություններ,
անթույլատրելի է ժամկետանց և առանց մակնշման սննդամթերքի (օրինակ` մածունի և կոլոլակի) առկայությունը, ինչպես նաև ճաշացանկով նախատեսված սննդամթերքի բացակայությունը։ Օրինակ՝ ապրիլի 21-ին ճաշացանկով նախատեսվել է կաթնաշոռ բանանով այն պարագայում, երբ կաթնաշոռ չի եղել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա 2 օրը ոչ աշխատանքային օրեր էին և այն չէին կարող ձեռք բերել՝ Պաշտպանի ներկայացուցիչների արձանագրումից հետո նախատեսվել է առաջիկա օրերի ճաշացանկի փոփոխություն,
առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն։ Չնայած զբաղվածության կենտրոնի առկայությանը՝ բաժանմունքներում բուժառուների զբաղմունքը շարունակում է սահմանափակվել միջանցքում տեղադրված հեռուստացույց դիտելով,
շարունակում է մտահոգիչ մնալ որպես աշխատանքային թերապիա բուժառուներին տարաբնույթ աշխատանքներում (բաժանմունքների և բակի մաքրության, ջերմոցի, սննդի տեղափոխման աշխատանքներին և այլն) առանց ժամանակային սահմանափակման և մասնագիտական հսկողության ներգրավելու գործընթացը: Կենտրոնում բուժառուների աշխատանքային թերապիայի մասնակցության նպատակահարմարությունը դիտարկող որևէ չափանիշ չի առանձնացվել, շեշտադրվել է միայն պացիենտների ցանկությունը, ինչպես նաև նրանց կողմից արդյունավետ գործունեությամբ զբաղվածություն ունենալու կարևորությունը,
Կենտրոնի բաժանմունքներում բուժառուների հետ հոգեբանական աշխատանքները կազմակերպելու համար համապատասխան պայմաններ նախատեսված չեն եղել,
առկա չեն հոգեբանի և հոգեբույժների համատեղ աշխատանքների արձանագրման ու վերահսկման միասնական կառուցակարգեր, հոգեբանները հիմնականում չեն մասնակցում պացիենտի բուժական ռազմավարության մշակմանը,
Կենտրոնի որոշ բաժանմունքներում հեռախոսները եղել են ոչ սարքին, ինչի պատճառով անհատական բջջային հեռախոս չունեցող բուժառուները չեն կարողացել զանգահարել մերձավորներին կամ խորհրդապահական կարգով կապ հաստատել համապատասխան մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ,
շարունակում է արդիական մնալ կենտրոնի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը,
առկա են եղել հոգեբույժների թափուր հաստիքներ,
հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անթույլատրելի վիճակում են և այլն:
Ողջունելի է Կենտրոնում բուժառուների դեղորայքային բուժման սխեմաների վերանայումն ու բազմադեղաբուժությունից հրաժարումը, ինչպես նաև նոր սերնդի դեղամիջոցների ներառման միտումը վերոնշյալ սխեմաներում։
Պաշտպանն ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է այն մարմինների աշխատակիցների իրավունքների վիճակը, որոնք իրենց գործունեությամբ կոչված են իրականացնելու այլ անձանց իրավունքների պաշտպանություն:
Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվեն:
Վերոնշյալ խնդիրների հիմնական մասն ունեն համակարգային բնույթ և մանրամասն` լուծման առաջարկների հետ միասին, արձանագրված են Մարդու իրավունքների պաշտպանի Կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան զեկույցում։
Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ ներառված են նաև արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները, կուղարկվի ՀՀ առողջապահության նախարարություն։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բարձրացված հարցերի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների կազմակերպումը։