Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի հրատապ հարցերը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը։ Մինչ այդ գործող խորհրդի կազմը համալրվել է նոր անդամներով։
Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր։ Դիտարկվել են պետական համալիր փորձաքննության ներկայացված խնդրահարույց նախագծեր, որոնք վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը։ Դա առիթ է դարձել քննարկելու համալիր փորձաքննության համակարգի վերանայման վերաբերյալ կարծիքները։
Խոսելով համակարգի բարելավման և հստակեցման անհրաժեշտության մասին՝ Եղիազար Վարդանյանը վստահեցրել է, որ կա դա իրագործելու կամքն ու պատրաստակամությունը։ Օրենսդրական լուրջ վերանայումներ պահանջող համակարգային փոփոխությունների գնալուն զուգահեռ նա ներկայացրել է միջանկյալ լուծումների տարբերակներ։ Որոշվել է առանձին նիստ հրավիրել՝ մասնագիտական հանրության հետ համատեղ քննարկմամբ քաղաքաշինության ոլորտի կարգավորումներում գործուն մեխանիզմներ ներդնելու նպատակով։
Կարևորվել է, որ նիստում խնդրահարույց նախագծերի վերաբերյալ մասնագիտական համարժեք եզրակացություն տալով ստեղծվեն հարցերի կարգավորման նախադեպեր, ինչպես նաև շեշտվել է լիցենզիայի կասեցման գործիքի կիրառման անհրաժեշտությունը։
Մասնագիտական քննարկում է ծավալվել նաև հակահրդեհային պաշտպանության համակարգերին առնչվող նորմերի վերաբերյալ։
Որոշվել է առաջիկա նիստում ներկայացնել քննարկված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքի ադյունքները։