Շրջանառության մեջ է եղել ՄԻԵԴ դատավորի թեկնածուների եռյակի մի քանի ցուցակ. Որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)  դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորների ցուցակը՝ Վահե Գրիգորյան, Վիգեն Քոչարյան, Նորա Կարապետյան կազմով:

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր է, ինքնահռչակ փոխնախագահ, Նորա Կարապետյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է, իսկ Վիգեն Քոչարյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ է, ով, ի դեպ, կարծում է, որ մեր Սահմանադրության մեջ «ազգային եկեղեցի» ձևակերպումը բավականին խնդրահարույց է:

Այս ցանկի մեջ միակ անակնկալ անունը Նորա Կարապետյանի անունն է, և թեպետ հասկանալի է, որ վերջինիս անունը գենդերային հավասարակշռությունը պահպանելու համար է հայտնվել այդ ցուցակում, միևնույն է, այս իշխանության տրամաբանությամբ՝ այդ ցուցակի կին թեկնածուն պետք է որ Լիզա Գրիգորյանը լիներ:

Այս մրցույթին դիմել էին՝ ինչպես իշխանությանը տարիներ շարունակ  ծառայություններ մատուցած, այնպես էլ՝ ընդդիմադիր և անկախ իրավաբաններ՝

Կարդացեք նաև

1․ Ալումյան Հայկ
2․ Գրիգորյան Լիզա
3․ Գրիգորյան Վահե
4․ Կարապետյան Նորա
5․ Մազմանյան Արմեն
6․ Մարգարյան Աննա
7․ Քոչարյան Վիգեն

Ինչպես և սպասվում էր, ցուցակում հայտնվեցին իշխանահաճո թեկնածուներ՝ Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածու Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ Մեծ հաշվով ՄԻԵԴ դատավորի հայաստանյանի թեկնածուի մասին միջոցառումը Վահե Գրիգորյանին ամեն կերպ ՄԻԵԴ-ում տեղավորելու մասին էր: Տևական ժամանակ չաշխատելով՝ բարձր աշխատավարձ ստացող Վահե Գրիգորյանի սիրտը հիմա էլ շատ ավելի բարձր աշխատավարձով երաշխավորված հանգիստ աշխատանք է ուզում Եվրոպայում, և իշխանությունն ամեն ինչ անում է՝ իրականացնելու նրա ցանկությունը: Վիգեն Քոչարյանն ու Նորա Կարապետյանը պարզապես եռյակի ֆոնային ապահովման համար են:

Այնուամենայնիվ, արժե հիշեցնել, որ Նորա Կարապետյանն այն սկզբունքային դատավորն է, որ մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարական ներկայացրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնից՝ սկզբունքային տարաձայնություններ ունենալով դատական իշխանության ճակատագիրը վճռողների հետ:

Հատկանշական է, որ մինչև ցուցակի պաշտոնական հրապարակումը, ըստ մամուլում տեղ գտած հոդվածների, հանձնաժողովի անդամների մեծամասնության կարծիքով՝ լավագույնս հանդես եկած թեկնածուն Աննա Մարգարյանն էր, սակայն վերջինս գործող իշխանության և հենց Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի թեկնածու չի եղել։ Հետևաբար՝ հանձնաժողովը, Փաշինյանից ստացած հանձնարարականին համապատասխան, արել է ամեն ինչ Աննա Մարգարյանին եռյակի կազմում չներառելու համար։

Նիկոլ Փաշինյանի ցանկալի կին թեկնածուն, ինչպես արդեն վերևում ասացինք, եղել է Լիզա Գրիգորյանը, սակայն վերջինս շատ վատ է հանդես եկել, ինչի հետևանքով էլ հանձնաժողովը նրան որևէ կերպով չի կարողացել ընդգրկել եռյակի ցուցակում։

Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ շրջանառության մեջ է եղել եռյակի մի քանի ցուցակ։

Առաջին ցուցակն ունեցել է հետևյալ տեսքը՝

1․ Վահե Գրիգորյան, 2․ Վիգեն Քոչարյան, 3․ Աննա Մարգարյան։

Մյուս ցուցակներում եղել են այլ կոմբինացիաներ՝ ըստ Փաշինյանի ճաշակի։ Սակայն Փաշինյանը հստակ հանձնարարել է, որ կոնկրետ անձինք՝ փաստաբան Հայկ Ալումյան, պրոֆեսոր Աննա Մարգարյան, որևէ դեպքում չպետք է հայտնվեն եռյակում, ինչի հետևանքով հանձնաժողովը ստիպված է եղել դիմելու նկարչության՝ Նիկոլ Փաշինյանի ցանկությունները բավարարելու համար։ Սակայն սրանով հանձնաժողովի խախտումներն ու կամայականությունները չեն սահմանափակվել։

Քանի որ հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ զբաղված է եղել եռյակի կազմի նկարչությամբ, պաշտոնապես չեն հրապարակվել հարցազրույցին մասնակցած 7 թեկնածուների միավորները։ Անգամ չեն հրապարակվել եռյակում ընդգրկված թեկնածուների միավորները։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը սա կբնութագրեր՝ որպես աննախադեպ կամայականություն։

Ի դեպ, հանձնաժողովում, ի թիվս Արթուր Սաքունցի և ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանի, ընդգրկված են եղել նաև պրոֆեսիոնալ իրավաբանների համարում ունեցող անձինք։ Հետաքրքիր է, թե նրանք ինչպե՞ս են հետագայում արդարացնելու այս խայտառակությունը, իրենց կամազուրկ վարքագիծը։

Տեսանյութեր

Լրահոս