Բաժիններ՝

Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները

Ֆինլանդիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների շարքը, որոնց մի մասը կանցկացվի Ռուսաստանի սահմանի մերձակայքում։

Ֆինլանդիայի ցամաքային զորքերն ավելի վաղ հայտնել էին, որ զորավարժություններին կմասնակցի 20 հազար զինծառայող։

«Arrow 24» անվանմամբ առաջիկա զորավարժությունները երկրի հարավ-արևմուտքում գտնվող «Նիինիսալո» զորավարժարանում կանցկացվեն ապրիլի 26-ից մինչև մայիսի 14-ը: Դրանցում գործի կդրվի շուրջ 2600 զինծառայող, այդ թվում՝ Լատվիայի, Էստոնիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականներ։

Դրան կհաջորդեն մայիսի 27-31-ը պլանավորված «Repo 24» զորավարժությունները, որոնք կանցկացվեն անմիջապես Ռուսաստանի սահմանի մերձակայքում՝ Կիմենլաակսոյի շրջանում։ Դրանց կմասնակցի շուրջ 2100 մարդ։

Զուգահեռաբար, մայիսի 27-ից 31-ը Հելսինկիի հարևանությամբ` Ուուսիմաայի մարզում, կանցկացվեն Scimitar 24 զորավարժությունները։ Դրանց կմասնակցի շուրջ 4800 մարդ։ Այս զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն նաև ուղղաթիռներ։

Մայիսի 14-23-ը երկրի արևմուտքում՝ Լոհթայայում, պլանավորված են հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները, որոնց կմիանան նաև Գերմանիայից ժամանած զինծառայողներ։ Մայիսի 13-ից 25-ը ԱՄՆ-ի զինվորականների հետ փոխգործակցությամբ Ռովայարվիում (Լապլանդիա) կանցկացվեն հրետանային զորավարժություններ։

Զորավարժությունների կուլմինացիոն հատվածը՝ «Northern Forest»-ը, պլանավորված է մայիսի 26-31-ը և կանցկացվի երկրի հյուսիսում գտնվող «Ռովայարվի» զորավարժարանում: Դրանց կմասնակցի 4500 ֆինն զինծառայող, 2000 զինվորական՝ ԱՄՆ-ից և 400 զինծառայող՝ Նորվեգիայից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»ին ասել էր, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ֆինլանդիայի տարածքում սադրիչ բնույթ են կրում և մեծացնում են հնարավոր ռազմական միջադեպերի վտանգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս