Բաժիններ՝

Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր միջոցներ ձեռնարկել և պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում շարունակվող հակամարտության ընթացքում Ռուսաստանին ցուցաբերվող ենթադրյալ աջակցության պատճառով: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք ԱՄՆ-ի կողմից արդեն սահմանել ենք չինական ավելի քան 100 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ, արտահանման վերահսկողություն և այլն: Եվ մենք լիովին պատրաստ ենք գործելու, նոր միջոցներ ձեռնարկելու. ես դա հստակ հասկացրել եմ այսօրվա հանդիպումներում», – Բլինքենի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իր հերթին Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինն ու Վաշինգտոնն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու իրենց բարեկամներին ու գործընկերներին։

«Երկու կողմերն էլ կարող են ունենալ իրենց բարեկամներն ու գործընկերները, կարիք չկա միմյանց թիրախավորել, հակադրվել և վնաս պատճառել միմյանց», – Սի Ծինփինի խոսքերն է մեջբերել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին, հաղորդել էր, որ պետքարտուղար Բլինքենը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ռուսաստանին Չինաստանի կողմից ցուցաբերվող ենթադրյալ աջակցության շուրջ։

Բլինքենը եռօրյա այցով Չինաստանում է գտնվում ապրիլի 24-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս