Ադրբեջանական գազի վերաբերյալ քննարկումներ չեն եղել, բայց ամեն բան քննարկելի է. Բաբկեն Թունյան
Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ «Քաղաքացիական» պայմանագիր խմբակցության պատգամավոր, Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին հարց ուղղեցին, թե եղե՞լ են նախնական պայմանավորվածություններ կամ քննարկումներ Ադրբեջանից գազ ձեռք բերելու վերաբերյալ, Բաբկեն Թունյանը պատասխանեց.
«Իմ տեղեկություններով՝ որևէ նման պայմանավորվածություններ չկան, նման քննարկումներ չեն եղել։ Բայց եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը գազի կարիք ունի, ու դրա համար խոչընդոտ չկա, ուրեմն՝ ամեն բան քննարկելի է։ Բայց այս պահին որևէ պայմանավորվածություն կամ նախնական ինչ-որ համաձայնություն չկա»։
Լրագրողի ճշտող հարցին՝ ինչո՞ւ հենց Ադրբեջանից պետք է գնել գազ, արդյո՞ք դա տնտեսական անվտանգության խնդիր չի առաջացնի, իշխանական պատգամավորը պատասխանեց՝ հիմա այդ հարցը, որը տալիս են, դա արդեն ենթադրում է, որ Հայաստանն ադրբեջանական գա՞զ է գնում։
«Նախ՝ ինչո՞ւ որևէ երկրի գազ, Հայաստանի համար կամ որևէ այլ երկրի համար ընդանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգոռեսուրսը և պետք է գնի այնտեղից, որտեղից ամենաէժանն է և որտեղից ավելի շահավետ է։ Իսկ էներգետիկ անվտանգություն առաջանում է այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և քո աղբյուրը մեկն է։ Այսինքն՝ որքան դու կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան քո մատակարարման աղբյուրները, էներգետիկ անվտանգության մակարդակն ավելի ես բարձրացնում։
Հայաստանն այս մասին միշտ մտածել է և ժամանակին կառուցել է Իրան-Հայաստան գազամուղը, այսինքն՝ մենք պետք է փորձենք մաքսիմալ դիվերսիֆիկացնել մեր հնարավորությունները։ Այս պահին ռուսական և իրանական գազը մեր տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են»,- նշեց Բաբկեն Թունյանը։
Ըստ Բաբկեն Թունյանի, այս պահին խոսում են ինչ-որ տեսական հնարավորության մասին և ասում, որ ոչինչ պետք չէ բացառել։ Այսինքն՝ ժամանակին Հայաստանը միայն Ռուսաստանից էր գազ ստանում, հետո կառուցվեց Իրան-Հայաստան գազատարը, եթե կարիքը լինի, կարող են դիտարկել նաև այլ երկրների տարբերակները։
«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՌԴ-ի հետ ունեցած պայմանագրի կարգավորումներում կլինեն փոփոխություններ։ Բայց կրկնում եմ՝ այս պահին մենք մեր օրակարգում նման հարց չունենք, նման բան պայմանավորվելու համար, մենք նախ՝ Ադրբեջանի հետ պետք է ունենանք կարգավորված հարաբերություններ, որոշակի շփումներ, որպեսզի հետո նման հարց քննարկենք»,- հավելեց պատգամավորը։
Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը հրաժարվի ռուսական գազից՝ հանուն ադրբեջանական գազի, Բաբկեն Թունյանը պատասխանը տվեց մեկ օրինակի միջոցով՝ եթե մի տեղից գնում են թթվասեր և տեսնում են, որ կողքի խանութում նույն թթվասերը վաճառվում է կրկնակի էժան՝ դա կստիպի՞ հրաժարվել առաջին խանութից առևտուր անելուց։
«Այսինքն՝ ամեն ինչը կախված է տարբեր գործոններից։ Եթե կլինի այնպիսի իրավիճակ, երբ կզգանք՝ մեզ ավելի նպատակահարմար է այլ տեղից գազ գնել, արդեն պետք է մտածենք դրա մասին։ Գիտեք ինչ, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մենք ռուսներից հո գազը ձրի չե՞նք ստանում։ Կան հարաբերություններ, որոնք գործարք են։
Եվ ժամանակին ուզում եմ հիշեցնել, որ մեր ռազմավարական դաշնակիցը գազի համար կուտակված 300 մլն դոլար պարտքի դիմաց ՀՀ-ից վերցրեց որոշ ռազմավարական օբյեկտներ, ու դա նորմալ է, վերցրել ենք՝ պիտի վճարենք»:
Իսկ ինչ վերաբերում է տեսականորեն ադրբեջանական գազ գնելու հնարավորությանը, իշխանական պատգամավորը պարզաբանեց.
«Դրա անհրաժշտությունը կլինի այն ժամանակ, երբ ռուսական գազը կդառնա բարձր գին ունեցող էներգոռեսուրս, և մենք կփորձենք այլ աղբյուրներ փնտրել»։
Բաբկեն Թունյանը նաև ասաց, որ այս պահին ինչ-որ գազամուղ կառուցելու տարբերակ չի քննարկվում։
«Երբեմն դժվար է տարանջատել, թե երկիրն իրականում որ աղբյուրից եկած գազն է սպաոում։ Այսինքն՝ հնարավոր է, որ մենք Ռուսաստանի հետ ունենանք պայմանագիր և Ռուսաստանից գնենք գազը, բայց քանի որ այդ գազամուղներն իրար խաչվում են, այդ գազի մեջ գազի որոշակի ծավալ լինի ադրբեջանական գազ»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարաննում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս հնարավոր էր համարել Ադրբեջանից գազի ձեռքբերումը։ Ավելի վաղ՝ անցյալ տարի հոկտեմբերին Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն էր ասել, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո: