Գալուստ Սահակյան. Մենք քննարկումներ էլ չենք անում ՀՀ կառավարության հրաժարականի վերաբերյալ

«Սահմանադրական դատարանի որոշումները հասկանալու կամ չհասկանալու խնդիր չունեն, դա որոշում է, որը պետք է պարտադիր լինի բոլորի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի երեկ ընդունած որոշմանը:

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն հրապարակեց պարտադիր կուտակային բաղադրիչի մասին օրենքի հայտնի հոդվածների սահմանադրականության վերաբերյալ որոշումը՝ վիճարկվող դրույթները ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Միաժամանակ ՍԴ-ն որոշեց իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի 30-ը` ԱԺ-ին հնարավորություն տալով կուտակային և փոխկապակցված օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումը համապատասխանեցնել ՍԴ որոշմանը:

Քանի որ ՍԴ որոշումը տարբեր կերպ է մեկնաբանվում, Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպե՞ս է հասկացել այս որոշումը: Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «ՍԴ-ն մեկնաբանության խնդիր չունի, դա օրենքով է արգելվում, մանավանդ՝ իմ դեպքում, որովհետև, այո, տարբեր կարծիքներ են հնչում, որոնց ես հետևում եմ, բայց չեմ ցանկանում ուղղորդել դրանք: Ինչը գրված է՝ դա է, այդպես էլ քաղաքական մեծամասնությունը, Կառավարությունը կանեն»:

Ի պատասխան մեր դիտարկման, թե տարբեր մեկնաբանությունները խուճապ են առաջացրել մարդկանց մեջ, քաղաքացիները չգիտեն՝ մինչև սեպտեմբերի 30-ը պե՞տք է վճարեն պարտադիր տոկոսները, թե՞ ոչ, Գալուստ Սահակյանը շտապեց հանգստացնել. «Մարդիկ ոչ թե պետք է ՍԴ որոշումից խուճապի մատնվեն կամ չմատնվեն, այլ պետք է կատարեն: Հայցադիմումը եղել է առանձին հոդվածների վերաբերյալ, ՍԴ-ն էլ որոշել է, որ այդ հոդվածները խնդիր ունեն»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե իշխող մեծամասնությունը, Կառավարությունը պարտվեցին, քանի որ օրենքը ճանաչվեց հակասահմանադրական, Գալուստ Սահակյանը հակադարձեց՝ նշելով, որ չի կարծում, թե այս գործում կարող են պարտվողներ կամ հաղթողներ լինել:

Իսկ նրանց, ովքեր մտածում են, թե իշխանությունները պարտվել են, Սահակյանը հորդորեց. «Եկեք մի կողմ թողնենք այդ գավառական մտածողությունը, առավել ևս՝ ես այն տեսակետին եմ, որ համապետական մշակույթ է ձևավորվում, որի մասնակիցներն են նաև ժողովուրդը, քաղաքական թիմերը: Սա պետք է դրական համարել: Մեր դատաիրավական համակարգի անցած ճանապարհը վերջապես արդյունքներ տվեց, իսկ դա ուժեղ իշխանության առկայության հետևանք է, որովհետև չեն եղել ճնշումներ ոչ մեկի կողմից, ՍԴ-ն էլ պատշաճ վերաբերմունք է ցույց տվել: Իսկ հաղթողներ կամ պարտվողներ նույն ազգում, նույն տարածքում չեն լինում»:

Նա նշեց, թե մեզանում «գավառական մտածողություն միշտ էլ եղել է», դատական գործերում կողմերից մեկը միշտ էլ ոգևորվել է, միշտ էլ դժգոհներ և գոհեր եղել են:

Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին, թե ՍԴ որոշումից հետո, որը հակասահմանադրական ճանաչեց օրենքը, Կառավարությունը պետք է հրաժարական տա, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Դուք այդտեղ չեք գտնի արձանագրում, որ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել: Հայցվորը հանդես է եկել հոդվածներով, ու այդ հոդվածների մասով ասվել է, որ դրանք Սահմանադրության հետ խնդիրներ ունեն, պիտի փոխվեն, առաջիկայում այդ փոփոխությունները կլինեն, սահմանադրականությունը կապահովվի, իսկ դժգոհներ միշտ էլ եղել են ու կլինեն»:

Ճշտող հարցին, թե ՀՀ կառավարությունը հրաժարական չի՞ տա, Գ. Սահակյանը պատասխանեց. «Դա անհեթեթ դրսևորում է, պարզապես մարդիկ փորձում են ԱԺ-ում որոշակի դիրքեր զբաղեցնել, նոր խնդիրներ առաջացնել, նոր մոտեցումներ… Իհարկե, մենք դրան էլ ենք կողմնակից, բայց դրա լուծումները բարեկրթության շրջանակներում կստանան իրենց պատասխանները: Մենք որոշակի քննարկումներ էլ չենք անում ՀՀ կառավարության հրաժարականի վերաբերյալ: Եթե անեինք՝ մնացած ուժերի ներգործությունն էլ անհրաժեշտություն չէր լինի. մեր իրավունքների շրջանակում է Կառավարություն նշանակել-չնշանակելը»:

 

Տեսանյութեր

Լրահոս