Բաժիններ՝

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել կարիերան ավարտելու վերաբերյալ

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը կարիերան ավարտելու հետ կապված վերջնական որոշում չի կայացրել:

«Եվրոպայի առաջնության որակավորման փուլում իմ ելույթը վատ կգնահատեմ, քանի որ առաջին օրն իսկ սխալվեցի վարժության վերջնամասում ու զրկվեցի եզրափակիչ մտնելու հնարավորությունից: Սակայն ես լավ էի պատրաստվել ու շատ եմ ափսոսում, քանի որ օրեր առաջ` աշխարհի գավաթի խաղարկությունում, շատ նորմալ կատարեցի իմ վարժությունը, գնահատականս էլ վատ չէր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիմինիայում` լրագրողների հետ զրույցում, ասաց Մերդինյանը:

Խոսելով ընդհանուր իր մարզավիճակից` Մերդինյանն առանձնացրեց, որ ցավեր ունի ուսի ու դաստակի հատվածում:

«Մարզավիճակս պահպանում եմ, սակայն մի քանի ամիս հանգստանալուց հետո կորոշեմ ապագայի հետ կապված հարցերը: Ավելի վաղ որոշել էի, որ սա վերջին մրցումն է, որին կմասնակցեմ: Սակայն մեծ է հնարավորությունը, որ լավ մարզավիճակում լինելու դեպքում, հավաքականի մարզչին խնդրեմ և մասնակցեմ այլ մրցաշարերի: Հնարավոր է, որ մարմնամարզությունում վարժությունների տարրերում փոփոխություններ էլ լինեն»,-ասաց նա:

Մերդինյանի խոսքով`եթե Եվրոպայի առաջնությունում իրեն հաջողվեր կատարել իր լավագույն վարժությունը, ապա գուցե և այդպես էլ ավարտեր կարիերան:

Հարություն Մերդինյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, ունի մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ: Աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր է: Մասնակցել է Ռիոյի 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս