Իշխանական հիստերիայի հիմքում նաև այլ շարժառիթ կա. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Նաիրա Մարտիրոսյանը նրան հարցրել է.
«Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պայքարում է ժողովրդի կողքին, ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞, որ եկեղեցին կոշտ հայտարարությամբ հանդես գա»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ որ պետք է լինի` իր ժողովրդի կողքին։ Նրա ակտիվությունն էլ, ի հեճուկս փաշինյանական ոհմակի վայրահաչոցների, շատ բնական է և հիմնավոր։ Չէ՞ որ Հայ Առաքելական եկեղեցին լոկ կրոնական կազմակերպություն չէ, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման կարևորագույն կառույցներից մեկը, որի բացառիկ առաքելությունն այս հարցում ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ։
Հաշվի առնելով, որ Նիկոլը լայնածավալ հարձակում է իրականացնում մեր ինքնության դեմ, եկեղեցին ունի և իրացնում է իր իրավունքը՝ պաշտպանել այն։ Իշխանական հիստերիայի հիմքում նաև այլ շարժառիթ կա. այս 6 տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել է կազմաքանդել գրեթե բոլոր պետական և ազգային կառույցները, բացի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց, որի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան փաշինյանական կցորդների վերածված իշխանությունների 3 ճյուղերը՝ միասին վերցրած։
Սակայն համաժողովրդական պայքարի ամբողջ բեռը թողնել եկեղեցու վրա նույնպես չի կարելի, և հասարակության տարբեր հատվածներ, ներառյալ` քաղաքական շրջանակները, պետք է իրենց բաժին ծանրությունը կրեն սեփական ուսերի վրա։ Անշնորհակալ գործ է Եկեղեցուն իր առաքելության մեջ հրապարակավ խորհուրդներ տալը, իրենք գիտեն հայ ժողովրդի ակնկալիքները, հույսերը, հույզերը, և դրանք արդարացնելու համար կշարունակեն իրենց ազգային և հոգևոր ծառայությունները։
Առիթից օգտվելով` կոչ եմ անում բոլոր ավանդական հոգևոր-կրոնական կառույցներին՝ անմասն չմնալ Հայաստանի համար այս ճակատագրական պայքարից»:
Մանրամասները՝ տեսանյութում: