«Հայաստանը պետք է որոշի՝ որ ուղղությամբ է ցանկանում առաջ շարժվել». Ջոն Հեֆերն
– Պրն դեսպան, սկսենք ամենաթարմ իրադարձություններից՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը՝ թե ՛ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների, թե՛ Ոստիկանության գործողությունների առումով։
– Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին խոսելով՝ կցանկանայի նշել, որ մենք՝ ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանի ոստիկանության հետ ունեցել ենք բավականին ուժեղ և ակտիվ ծրագիր։ Աշխատել ենք Ոստիկանության հետ՝ ինչպես կառավարել ամբոխին, որն է բողոքի ակցիաների ժամանակ ճիշտ և սխալ ճանապարհը։ Թե կոնկրետ այս միջադեպի մասով, թե ընդհանրապես, կարող եմ ասել, որ Ոստիկանության գործողությունները զգալիորեն բարելավվել են։ Եվ հաշվի առնելով նախկին ՝ քաղաքապետի և հանրապետության նախագահի ընտրությունները, կարելի է ասել, որ խաղաղ ակցիաներ անցկացնելու մարդկանց իրավունքը հիմնականում պահպանվել է՝ Ոստիկանության պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Այնպես որ, մենք դա գնահատում ենք և ողջունում: Ոստիկանության արձագանքը նման ակցիաների ժամանակ բարելավվել է, և մենք կշարունակենք միասին աշխատել այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է բողոքի ակցիային, ապա այն պետք է լինի օրենքի շրջանակներում, պետք է ունենա խաղաղ բնույթ։ Այսինքն՝ ակցիայի մասնակիցները չպետք է զինված լինեն, և Ոստիկանության գործողություններն էլ պետք է համաչափ լինեն։ Կոնկրետ այս դեպքի շուրջ իրավական մանրամասները չեմ կարող մեկնաբանել, սակայն ընդհանուր առմամբ կրկնեմ, որ թե՛ տաքսիստների, թե՛ Մաշտոցում տեղի ունեցող շինարարության, թե՛ Մաքսային միության և այլ հարցերով տեղի են ունեցել բազմաթիվ խաղաղ ակցիաներ (ինչը, իհարկե, լավ է ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից), և դրանց բոլորի դեպքում Ոստիկանության արձագանքը գովելի էր։ Հատուկ այս դեպքի շուրջ ես զերծ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, քանի որ այս ակցիան իր բնույթով տարբերվում էր իմ նշածներից։
– Այսինքն՝ Ոստիկանությունը դարձել է ավելի հանդուրժողակա՞ն:
– Ես կասեի՝ Ոստիկանությունն ավելի պրոֆեսիոնալ է դարձել։ «Պրոֆեսիոնալ» բառն ավելի տեղին է։ Խաղաղ ակցիաներին նրանք այժմ ավելի պրոֆեսիոնալ են մոտենում՝ քան առաջ։
– Ամեն դեպքում՝ ինչո՞ւ տեղի ունեցավ այդ միջադեպը, և կարո՞ղ է այն որևէ ազդեցություն ունենալ ներքաղաքական զարգացումների վրա։
– Ես կոնկրետ պատճառները կդժվարանամ նշել, սակայն տեղի ունեցածը կգնահատեմ՝ որպես լուրջ քաղաքացիական ակտիվություն, ինչն ընդհանուր առմամբ դրական է Հայաստանի համար, բնակչության համար՝ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենալու առումով։ Կրկնեմ, որ այս դեպքը լրիվ տարբեր էր նախկիններից, և ես լիովին վստահ չեմ, թե այն ինչ հետևանքներ կունենա հետագայում։ Սակայն կարող եմ հավաստիացնել, որ մենք շարունակելու ենք աշխատել Ոստիկանության հետ, որպեսզի այս կարգի միջոցառումներին արձագանքը համապատասխանի միջազգային չափանիշներին։
– Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ոչ ոք իրավունք չունի այն բռնազավթել։ Եթե իշխանությունը բռնազավթված է (կամ այդպիսի ընկալում կա), արդյո՞ք ժողովուրդն իրավունք ունի ցանկացած ճանապարհով պայքարել այդ իշխանությունը ետ վերադարձնելու համար։
– Ձեր նշածը հիպոթետիկ իրավիճակ է, այնպես որ, ես դրա վերաբերյալ զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անել։ Ընդամենը կարող եմ ասել, որ մենք շարունակելու ենք աշխատել կառավարության և գերատեսչությունների հետ, որպեսզի Հայաստանի քաղաքացիներն ավելի ակտիվ կարողանան իրացնել իրենց իրավունքները, այդ թվում նաև՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը։
– Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը, հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են ինչ–որ բաներ բարդել իր որդու վրա, այդ իսկ պատճառով՝ ինքը պատրաստվում է դիմել անգամ ԱՄՆ իշխանություններին, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Տեղյա՞կ եք՝ նա դիմե՞լ է արդեն։
– Ոչ, ես տեղյակ չեմ։
– Վերջերս տեղի ունեցած Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովի ժամանակ հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն կարծիք հայտնեց, որ Հայաստանի խնդիրները ոչ թե տնտեսական են, այլ քաղաքական, և, որ այն երկրները, որտեղ քաղաքական ինստիտուտները կայացած չեն, դատապարտված են տապալման։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, և այդ առումով ի՞նչ «ճակատագիր» է սպասվում Հայաստանին։
– Իհարկե, ծանոթ եմ Տարոն Աջեմօղլուի այդ տեսությունը։ Ես կարդացել եմ հրաշալի «Ինչո՞ւ են տապալվում ազգերը» գիրքը (որի համահեղինակն է նա), որտեղ ներկայացված է այդ տեսությունը։ Կարծում եմ, որ դա ճիշտ է բոլոր երկրների համար։ Քաղաքական ինստիտուտների կայացածությունն ու ճիշտ փոխգործակցությունը տնտեսության հետ, որը նա անվանել է ինքլյուզիվ մոդել, կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած այլ երկրի համար։ Աջեմօղլուն և իր գործընկերը ցանկացել են ցույց տալ, որ, պատկերավոր ասած, պետք չէ աշխատել տան միայն մեկ կողմում։ Հայաստանը և նրա բարեկամ, գործընկեր երկրները պետք է աշխատեն երկու կողմերում։ Այսինքն՝ քաղաքական ուժերի հետ աշխատելուց բացի, պետք է ուշադրություն դարձնել նաև տնտեսական բաղադրիչներին, կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարման արդյունավետությանը, հավասար պայմաններին բիզնեսի դաշտում, և այլն։ Դա հենց այն է, ինչը մենք անում ենք. գործում ենք երկու կողմերում՝ օգնելով ՀՀ իշխանություններին՝ բարելավել կառավարման որակը։ Այնպես որ, այո, համաձայն եմ, որ կա ուղղակի կապ քաղաքական ինստիտուտների և տնտեսության միջև։ Հայաստանը պետք է դասեր քաղի այդ տեսությունից, ինչպես որ մյուս երկրները։ Դա շատ կարևոր ուսումնասիրություն է։
– ԱՄՆ–ը բավականին ակտիվ է Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու, քաղաքացիական հասարակության կայացմանը դրամաշնորհներով և խորհրդատվությամբ աջակցելու հարցում։ Սակայն բիզնեսի առումով՝ այդպես չէ, պասիվություն է նկատվում։ Մասնավորապես, ամերիկյան ներդրումների ծավալը Հայաստանում չափազանց քիչ է և զիջում է թե՛ Ռուսաստանի, թե՛ եվրոպական շատ երկրների ներդրումներին։ Ինչո՞ւ են ամերիկյան գործարարներն անտարբեր Հայաստանի նկատմամբ։
– Այն, ինչի մասին դուք խոսում եք, ես համարում եմ իմ գլխավոր առաջնահերթությունն այստեղ։ Հայ և ամերիկյան ժողովուրդները տասնամյակների սերտ կապեր ունեն, և ԱՄՆ դեսպանատունն ու անձամբ ես փորձում ենք այդ կապերն ավելի սերտացնել ու դրանց վրա կառուցել ավելի ինտենսիվ տնտեսական հարաբերություններ։ Ես չէի ասի, թե Հայաստանում ամերիկյան ներդրումներ չկան։ Կան, այն էլ՝ շատ կարևոր ներդրումներ։ Ընդ որում, կարծում եմ, որ իրավիճակն օրեցօր կբարելավվի՝ բիզնես միջավայրի բարելավմանը զուգահեռ։ Ամերիկյան ներդրումները շոշափելի են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցողներից մեկն է։ Ամերիկյան ընկերությունները շատ ակտիվ ներգրավված են այստեղ, Հայաստանում գործող IT ընկերությունների շուրջ կեսն ամերիկյան են։ Այստեղ են «Սինոփսիսը», National Instruments, IBM, Microsoft, Menthor Graphics և տասնյակ այլ ընկերություններ։ Սրանք բոլորը չափազանց բարձր կարգի ընկերություններ են։ Չնայած սրան՝ մենք աշխատում ենք, որ ավելի լավ լինի, որպեսզի ամերիկյան ընկերությունները ներգրավվեն հյուրանոցային բիզնեսում, զբոսաշրջության մեջ և այլ ոլորտներում։ Ես կարծում եմ, որ առաջիկայում ավելի մեծ թվով ամերիկյան ընկերություններ կտեսնեք Հայաստանում։ Դեսպանատունը ձգտում է դրան հասնել կապերի խթանմամբ, քարոզարշավով և փոխադարձ շահավետ բիզնեսներ հիմնելու պրոցեսին նպաստելով։ Դա շատ կարևոր գործ է և մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է։
– Այս պահի դրությամբ՝ ո՞րն է ամերիկյան ներդրումների գլխավոր խոչընդոտը։ Կապերի բացակայությո՞ւնը, թե՞ բիզնես մթնոլորտի ոչ բավարար վիճակը։
– Բիզնես մթնոլորտի որոշակի բարելավում եղել է։ Մասնավորապես, Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Doing Business» զեկույցում Հայաստանի ցուցանիշները բարելավվել են, Հայաստանը նախորդ տարի մի քանի հորիզոնականով առաջադիմել էր։ Սակայն, ինչ խոսք, այդ բարելավումը պետք է հենց բիզնեսն ինքը զգա։ Կապ չունի՝ ԱՄՆ դեսպանն ինչ է ասում, կամ կապերն ամրապնդելու ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում։ Բիզնեսմենն ինքն է ընտրություն կատարում՝ որտեղ ներդրում անել, և ցանկացած տեղ ներդրում անելուց առաջ նա պետք է բավարար վստահություն ունենա, որ հաջողություն է ունենալու։ Լուրջ ընկերությունները գալուց առաջ պետք է համոզված լինեն, որ դաշտը թափանցիկ է, որ պայմանները բոլորի համար նույնն են, որ հարկային բեռը կանխատեսելի է, առանց անակնկալների։ Եվ, իհարկե, ամենակարևոր գործոնը դատարաններն են. բիզնեսմենը պետք է համոզված լինի, որ երկրում գործում է անկախ դատաիրավական համակարգ, կա օրենքի իշխանություն, հավասարություն օրենքի առաջ, թափանցիկություն և հաշվետվողականություն։ Դատարանների կանխատեսելիությունն իրոք չափազանց կարևոր է ներդրողներին համոզելու համար՝ ցանկացած երկրի պարագայում։ Այնպես որ, թեպետ բավականին թվով ընկերություններ ունենք, այդուհանդերձ, մենք մեր կողմից նպաստում ենք, որ այս բոլոր ուղղություններով իրավիճակը բարելավվի, կառավարությունն իր հերթին՝ նույնպես քայլեր է կատարում այդ ուղղությամբ։ Սակայն ավելի մեծ ջանքեր պետք է ներդրվեն հատկապես հարկային, մաքսային և դատաիրավական ոլորտներում։
– Խոսելով արևմտյան ներդրումներից՝ կխնդրեի Ձեզ անդրադառնալ «Լիդիան ինթերնեյշնլի» մաս կազմող «Գեոթիմ» ընկերության կողմից շահագործվող Ամուլսարի ոսկու հանքավայրին։ Դուք և ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանը ողջունել եք այդ ծրագիրը, ինչի համար որոշակի քննադատության եք արժանացել Հայաստանի բնապահպանների կողմից, չնայած ակտիվ եք նաև բնապահպանության հարցերում։ Ինչպե՞ս հասկանալ այդ մոտեցումը, և կա՞ արդյոք մի կետ, որտեղ հնարավոր է հավասարակշռել բնապահպանությունն ու հանքարդյունաբերությունը։
– Շնորհակալություն հարցի համար, և հենց այդ հավասարակշռությունը, իմ կարծիքով, ճիշտ մոտեցումն է։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների հետ, ողջունում ենք նրանց էներգիան և ակտիվությունը՝ հանքարդյունաբերության և շրջակա միջավայրի վրա ազդող այլ ոլորտներում։ Մենք շարունակելու ենք նրանց հետ աշխատել։ Սակայն դա չի նշանակում, որ ամբողջ հանքարդյունաբերությունը վատն է։ Հայաստանն այսօր զգալի կախվածություն ունի հանքարդյունաբերությունից, որն արտահանման մեջ մեծ կշիռ ունի և մեծ քանակով աշխատատեղեր է ապահովում։ Այսինքն՝ գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հանքարդյունաբերությունը ճիշտ ձևով իրականացնել՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ես այս մասին զրուցել եմ իմ բրիտանացի գործընկերոջ և բարեկամի հետ։ Պատճառը, ինչի համար մենք աջակցում ենք «Լիդիանի» նախագծին, այն է, որ դա ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից, իսկ դա նշանակում է, որ պետք է պահպանվեն միջազգային ամենախիստ ստանդարտները։ Կապ չունի՝ հանքարդյունաբերությա՞ն, թե՞ մեկ այլ ոլորտում, երբ ընկերությունը ֆինանսավորվում է այս միջազգային կառույցների կողմից, ապա նրա առջև դրվում են մի շարք պայմաններ՝ հետևել միջազգային լավագույն փորձին և չափանիշներին։ Հանքեր կան ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում և այլուր։ Այսինքն՝ հնարավոր է ճիշտ ձևով հանքարդյունաբերություն կազմակերպել՝ բավարարելով բոլոր պահանջները։ Եվ մեր նպատակն է՝ աջակցել, որպեսզի Հայաստանում դա իրականություն դառնա։ Եվ կա նաև հարցի երկրորդ կողմը. Ամուլսարի ոսկու հանքավայրը մեծ պաշարներ ունի, և դրա շահագործումը տնտեսական մեծ օգուտներ կապահովի Հայաստանի համար։ Բացի հարկեր վճարելուց՝ հանքարդյունաբերական ընկերությունների աշխատանքից շահում են նաև տեղի բնակիչները։ Այսինքն՝ հանքարդյունաբերությունից կարող են շահել բոլորը։ Դա է ամենակարևորը, որին հասնելու համար հանքարդյունաբերողները պետք է աշխատեն գերատեսչությունների և տեղի բնակչության հետ ։
– Այսինքն՝ «Գեոթիմը» հենց այն ընկերությունն է, որը Ձեր նշած՝ «ճիշտ հանքարդյունաբերությա՞մբ» է զբաղվում։
– Այո, ես կարծում եմ, որ «Լիդիանը» հենց այն ընկերությունն է, որը կարող է իրականացնել դա։ Ես այցելել եմ երեք համայնքները, որոնք գտնվում են այդ հանքավայրի հարևանությամբ, խոսել եմ այդ համայնքների ղեկավարների հետ։ Նրանք աջակցում են հանքավայրի նախագծին, համագործակցում են ընկերության հետ։ Կատարվել են մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ, օրինակ՝ լաբորատորիա է կառուցվել գյուղում, և աշխատողներից շատերը տեղի բնակիչներ են։ Այսինքն՝ այս նախագիծը նոր աշխատատեղեր է ստեղծում։ Այնպես որ, այո՛, ես կարծում եմ, որ նրանք զբաղվում են ճիշտ հանքարդյունաբերությամբ, ներմուծում են միջազգային լավագույն փորձը, և հուսով եմ՝ այդ առումով դրական ազդեցություն կունենան նաև Հայաստանի մյուս հանքարդյունաբերական ընկերությունների վրա։
– Հայաստանն արդեն հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու մասին, և այժմ կոնկրետ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ։ ՄՄ–ին անդամակցությունը բացասական ազդեցություն չի՞ ունենա արևմտյան և, մասնավորապես, ամերիկյան հնարավոր ներդրումների վրա։
– Հայաստանի նախագահն այդ մասին հայտարարեց սեպտեմբերի 3-ին։ Մինչ այդ Հայաստանը բավականին հաջող և ինտենսիվ կերպով աշխատում էր Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ։ Ես զրուցել եմ իմ եվրոպական և հայաստանյան գործընկերների, այստեղի քաղաքական գործիչների և ժողովրդի հետ և կարծում եմ, որ երկու կողմերն էլ հակված են անել հնարավոր առավելագույնը՝ հարաբերությունները սերտացնելու համար։ Հայաստանը ետ չի կանգնել եվրոպական ուղուց, և Եվրոպան նույնպես չի հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից։ Երկու կողմերն էլ ցանկանում են անել առավելագույնը՝ համագործակցելու համար, որն անհամատեղելի չի Մաքսային միության հետ։ Ի վերջո, Մաքսային միությունը չի ծածկում բոլոր ոլորտները, բոլոր խնդիրները։ Եվ, իհարկե, չի ծածկում քաղաքական հարցերը։ Այնպես որ, ես վստահ եմ, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Եվրամիության և ԱՄՆ-ի հետ՝ այնքանով, որքանով դա համատեղելի կլինի Մաքսային միության հետ (դա կարևոր պայման է)։ ԱՄՆ-ը իր կողմից՝ ամեն ինչ կանի, որպեսզի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը բացասական ազդեցություն չունենա այն ամենի վրա, ինչը մենք այստեղ անում ենք։ Այժմ, առավել քան երբևէ, ԱՄՆ-ը ցանկանում է քայլեր կատարել, ակտիվացնել իր ներկայությունը, լինել տեսանելի՝ որպես Հայաստանի կառուցողական գործընկեր և բարեկամ։ Եվ մենք պատրաստ ենք ապահովել ռեսուրսներ, ներդրումներ… Ամեն ինչ, ինչն ընդունելի կլինի ՀՀ կառավարության կողմից, որպեսզի Հայաստանի և ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև բարեկամության սերտացման գործընթացը շարունակական լինի։ Մենք կշարունակենք մեր ջանքերն այնպիսի արժեքների արմատավորման համար, ինչպիսիք են թափանցիկությունը, լավ կառավարումը, օրենքի իշխանությունը, որն ամենակարևոր գործոններից մեկն է։ Այսինքն՝ մենք շարունակելու ենք նպաստել այդ բարեկամության և կապերի ամրապնդմանը։ Ցանկացած հանդիպման ժամանակ՝ թե՛ իշխանության ներկայացուցիչների, թե՛ մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կառույցների հետ, համոզվել եմ, որ մեր այս ջանքերը ողջունվում են Հայաստանում։
– Այսինքն՝ «և–և» տարբերակն ինչ–որ տեղ հնարավո՞ր եք համարում:
– Հայաստանը պետք է որոշի՝ ո՞ր ուղղությամբ է ցանկանում առաջ շարժվել։ Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, պետք է ինքն ընտրի իր ճանապարհը։ Եվ ոչ ոք՝ ո՛չ ԱՄՆ-ը, և ո՛չ էլ Եվրամիությունը, չեն պատրաստվում այդ սուվերենությունը վերցնել Հայաստանից։ Եվ ԱՄՆ-ը քաջալերելու է, որ Հայաստանը շարունակի «օգտագործել» Արևմուտքը, հետևի Արևմուտքին և վերցնի այն արժեքները, որոնք կարևոր են իր համար։ Մենք չենք փորձում որևէ բան պարտադրել։ Մենք պարզապես ցանկանում ենք այդ համագործակցությունն ու այդ արժեքները հասանելի դարձնել Հայաստանի ժողովրդին։ Այսինքն՝ մենք շարունակելու ենք քաջալերել, որպեսզի Հայաստանն ընտրի եվրոպական ուղին։
– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջերս անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին և ասել, որ այսօր ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն, որը չկար վերջերս: Կմանրամասնե՞ք՝ ի՞նչն է փոխվել, որ բանակցություններում առաջընթացի հույս է ներշնչում։
– Համանախագահները վերջերս այցելել էին Բաքու և Երևան։ Հանդիպել են երկու երկրների նախագահներին, և երկուսն էլ համաձայնել են այս ամիս հանդիպել։ Դեռ հստակ որոշված չի` որտեղ կլինի հանդիպումը, սակայն մենք վստահ ենք, որ նրանք կհանդիպեն ։ Դա շատ կարևոր է, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ են հանդիպում։ Այսինքն՝ հանդիպման փաստն ինքնին արդեն շատ կարևոր է։ Սակայն, իհարկե, միայն հանդիպումը բավական չէ։ Ես չեմ կարող համանախագահների անունից խոսել, ներկայացնել բոլոր մանրամասները, սակայն գիտեմ, որ նրանք առաջարկել և հորդորել են երկու նախագահներին՝ քայլեր ձեռնարկել այս բանակցությունները հաջորդ փուլ բերելու համար, որը կողմերին ավելի կմոտեցնի տարածաշրջանի և երկու երկրների կայունությանը սպառնացող այս հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Եվ այն, որ երկու նախագահները համաձայնել են հանդիպել, շատ լավ է և հնարավորությունների պատուհան է։ Համանախագահները և, մասնավորապես, ամերիկյան համանախագահն առաջարկել են մի քանի տարբերակներ, որոնք կարող են կողմերին օգնել շարժվել դեպի բանակցությունների արդյունավետ ուղի՝ խրթին հարցերը լուծելու համար։ Իսկ խրթին հարցեր դեռ շատ են մնացել, և ամերիկյան համանախագահն իր հայտարարությամբ նկատի չուներ, որ դրանք վերացել են։ Նա ցանկացել է ասել, որ սպասվող հանդիպումը և բանակցությունների նոր փուլը, որը շուտով կմեկնարկի, հնարավորություն կտա առաջընթաց արձանագրել այդ հարցերի լուծման ուղղությամբ և մոտեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։
– Սակայն Ադրբեջանը շարունակում է սպառազինվել, և այդ երկրից չեն դադարում ռազմատենչ հայտարարությունները։ Բացառո՞ւմ եք պատերազմի վերսկսման հնարավորությունը։ Առավել ևս, վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական հանգուցալուծում կարող է լինել միայն կարճատև պատերազմը։
– Այո, ես միանգամայն բացառում եմ պատերազմական ուղին։ Ես կարծում եմ, որ ևս մեկ պատերազմը Լեռնային Ղարաբաղում լուրջ խնդիրներ կստեղծի բոլոր կողմերի ժողովուրդների համար։ Այնպես որ, մենք վճռական ենք տրամադրված այս հարցում, և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեր նոր համանախագահին հստակ հանձնարարական է տվել՝ լինել նախաձեռնող, կրեատիվ (ստեղծարար) և կողմերին ուղղորդել դեպի խաղաղ հանգուցալուծում։ Կան տարբեր սցենարներ, կան հստակ կետեր բանակցություններն առաջ տանելու համար, որոնց երկու կողմերն էլ համաձայնություն են տվել։ Այժմ անհրաժեշտ է, որ երկու կողմերը հանդիպեն, խոսեն, անհրաժեշտ է գոնե ինչ-որ չափով վստահության մթնոլորտ ձևավորել կողմերի միջև։ Այսօր այդ վստահությունն ընդհանրապես բացակայում է, իսկ դժվարին որոշումներ կայացնելու համար վստահությունն անհրաժեշտ է։ Եվ մենք պետք է այն ստեղծենք։ Պատերազմը լուծման բանալին չէ, և կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ավելի քան երկու տասնամյակ տևած հակամարտությունը լուծելու համար՝ հրաժարվելով մաքսիմալիստական մոտեցումներից, պատրաստ լինելով փոխզիջումների։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել երկարատև խաղաղ կարգավորման։ Եվ համանախագահներն ամեն ինչ կանեն դրան նպաստելու համար։
Հարցազրույցը՝ Բաբկեն Թունյանի
Տեսանյութը՝ շուտով