
«ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն Մոսկվայում Ադրբեջանի պորտը տեղն են դրել. լավ է՝ իշխանականները չէին, թե չէ՝ ազգովի հերթական անգամ խայտառակ էինք լինելու». Վիտալի Մանգասարյան
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցող Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը հակահայկական քարոզչություն էր իրականացրել, ինչին կտրուկ են պատասխանել հայկական պատվիրակության ներկայացուցիչները:
Մասնավորապես՝ ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովը, և ԲՀԿ-ից՝ Իվետա Տոնոյանն իրենց ելույթներով տապալել են ադրբեջանական սադրանքը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի կարծիքով՝ հայկական պատվիրակության ներկայացուցիչները շատ կարևոր և արժանի պատասխան են տվել ադրբեջանական կողմին:
«Թե՛ ՀՀԿ պատվիրակությունը, թե՛ ԲՀԿ պատվիրակությունը, այսպես ասած, Ադրբեջանի պորտը տեղն են դրել այդ հարթակում, ինչը չափազանց կարևոր է, հատկապես՝ մերօրյա իրականության մեջ: Բարեբախտաբար, այդ միջոցառմանը ներկա են գտնվել այդ կուսակցությունները, թե չէ՝ կարող էին, չէ՞, ասենք, իշխանական կուսակցություններից ներկա գտնվեին, ու ազգովի հերթական անգամ խայտառակ լինեինք՝ ոչ մի պատասխան չտրվեր նմանօրինակ սադրանքներին:
Թե ինչ արձագանք այս միջադեպը կունենա ՀՀ իշխանությունների կողմից. տրամաբանությունը հուշում է, որ կարող է վաղն Ադրբեջանը սահմանային այս կամ այն ուղղությամբ կրակոցներ հնչեցնի, և իշխանության մի ներկայացուցիչ ասի՝ Մոսկվայում այսպիսի բան արեցիք, հիմա մեր սահմանին կրակում են: Կհիշեք՝ հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշի այրման հետ կապված՝ հենց Փաշինյանի կողմից նման հայտարարություններ հնչեցին, գրեթե վստահ եմ, որ նման կարգի մի բան էլ այս դեպքում է տեղի ունենալու: Առնվազն, չեզոք են իրենց պահելու, մինչև որ հարմար իրավիճակ լինի և նման կարգի հայտարարություններ անեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ռազմական փորձագետի խոսքով՝ հասարակության բարոյալքված վիճակները հաղթահարելու համար հայկական կողմից նման կարգի պատասխանները կարևոր են. «Հատկապես, որ այդ պատասխանները շատ փաստարկված էին ու հիմնավոր: Էդուարդ Շարմազանովն ասում էր՝ Հայրենական պատերազմի 80-ամյակի առթիվ միջոցառում եք իրականացնում, ձեր հերոսների արձաններն են պղծում հիմա Արցախում, ու ոչ մեկդ ձայն չեք հանում: էլ չասեմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրացվեց, և դա շատ կարևոր էր, որպեսզի այնտեղ գտնվող մարդիկ էլ, ովքեր թեմային գուցե ծանոթ չեն, և միակողմանի տպավորություն կստեղծվեր պատվիրակությունների մոտ, այս հակադարձումներով առնվազն գոնե բալանսավորման դաշտ բերվեց: Մեր հասարակության մոտ էլ որոշակի հույսի նշույլ կարթնանա, որ կան մարդիկ, ովքեր տարբեր հարթակներում պատրաստ են պայքարել այդ ամենի համար»:
Անդրադառնալով ադրբեջանական կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին, դրան զուգահեռ՝ կեղծ քարոզչությանը, թե իբր հայկական կողմն է կրակում, նա նկատեց, որ Ադրբեջանը հիմա արդեն նշում է, թե պատասխան գործողություն են իրականացնում.
«Մեկ քայլով բարձրացրել են ճնշման աստիճանը, հաջորդ քայլով էլ կարող են ասել, թե կանխարգելիչ գործողություններ են իրականացրել այս կամ այն ուղղությամբ, և այսպես լարվածությունը գնալով մեծացնել: Ի՞նչ խնդիր են լուծում լարվածությունը մեծացնելու կոնտեքստում. Նախ՝ փորձում են ահաբեկել սահմանամերձ բնակավայրերում բնակվող մադկանց:
Կհիշեք՝ Արցախում էլ շփման գծի բնակավայրերում տարբեր առիթներով բերում էին, բարձրախոսով մուղամ էին միացնում, տարբեր հայտարարություններ էին անում, կրակոցներով փորձում էին մարդկանց ահաբեկել և այնպես էին անում, որ կամաց-կամաց մարդիկ իրենց տներից գնան, ազատեն այդ բնակավայրերը: Երբ այդ նույն մարդիկ տեսնում են, որ մեր կողմից համապատասխան գործողություններ տեղի չեն ունենում, գյուղից դուրս գալու հավանականությունն ավելի է մեծանում:
Տեղեր կան՝ 100-150 մետր է հեռավորությունը: Ի դեպ, ՊՆ-ն հրապարակում է փամփուշտի կադրեր, և վերլուծելով այդ փամփուշտի տրամաչափը՝ պարզ է դառնում, որ նրանք ընդամենը մի քանի հարյուր մետրից են կրակել: Առաջ, եթե տարբեր առիթներով փամփուշտի նկարներ էին հրապարակում, այդ կալիբրը բավականին մեծ էր՝ հեռվից էին կրակում, իսկ հիմա՝ ընդամենը մի քանի հարյուր մետրից: Վաղը-մյուս օրը մակարովի պատրոն կարող են ցույց տալ: Հիմա նույնիսկ դատապարտող հայտարարություններ չեն անում, ես չեմ ասում, է՝ գործողություններ անենք, անհամաչափ պատասխան տանք, բայց գոնե հայտարարությունների մակարդակում պետք է ցույց տանք, որ մեր վրա են կրակում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում