Բաժիններ՝

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն (WRC) իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթի։

Ինչպես տեղեկանում ենք կենտրոնի տարածած հաղորդագրությունից, կենդանին տեղափոխվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ մասնագիտական խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։

Ներկայումս մասնագետների թիմը մշակում է հատուկ վերականգնողական ծրագիր, որի հիմնական նպատակն է փոքրիկ արջին նախապատրաստել վայրի բնություն վերադառնալուն։ Արջի քոթոթի վիճակը գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ, և նրա համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հետագա առողջ զարգացման համար։

«Վայրի բնություն վերադարձնելը բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ հմտություններ, համբերություն և նվիրում մեր թիմի բոլոր անդամներից: Կենդանին կվերադառնա իր բնական միջավայր միայն այն ժամանակ, երբ մեր մասնագետները համոզված լինեն, որ նա լիովին պատրաստ է ինքնուրույն գոյատևելու վայրի բնության մեջ », – նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնից հանրությանը հիշեցնում են՝ եթե բնության մեջ հանդիպեք վայրի կենդանու ձագի, հետևեք այս կարևոր ցուցումներին.

Մի՛ մոտեցեք և մի՛ խանգարեք կենդանուն։ Մայրը հաճախ կարող է գտնվել տարածքում և ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով

Պահպանե՛ք ապահով հեռավորություն և հետևե՛ք կենդանուն հեռվից

Միջամտեք միայն ծայրահեղ դեպքերում։ Եթե համոզված եք, որ կենդանին վնասված է կամ երկար ժամանակ (սովորաբար 24 ժամից ավելի) մնացել է առանց մոր, դիմե՛ք մասնագետների օգնությանը

Անհապաղ կապ հաստատե՛ք ԲԸՏՄ-ի կամ FPWC Փրկարար կենտրոնի հետ թեժ գծով՝ 08000411։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս