
«Իշխանություններն ուզում են ռեկետ անեն». Տնտեսվարողները հերթական բողոքի ակցիան կիրականացնեն

Տնտեսվարողները վաղը՝ ապրիլի 30-ին, հերթական բողոքի ակցիան կիրականացնեն ԱԺ դիմաց՝ պահանջելով դադարեցնել թալանն ու հարկային տեռորը, որն իր որոշումներով իրականացնում է Կառավարությունը։
168.am-ի հետ զրույցում տնտեսվարող Կարինե Գևորգյանը փոխանցեց, որ վաղն ԱԺ-ում ՓՄՁ ասոցիացիան, հաշվապահներն ու իրավապահները հանդիպում ունեն, վաղը գնան՝ կհասկանան, թե ում հետ է կայանալու հանդիպումը, թեպետ սպասելիքներ չունեն։
«Իշխանությունների հայտարարությունները, թե մեր հարցը լուծել են՝ իրականությանը չի համապատասխանում, ուղղակի 6 ամսով հետաձգել են։ Խնդրի լուծումը 6 ամսով հետաձգելը չի նշանակում, որ խնդիրը չկա։
Նախ, 6 ամսվա մեջ ապրանքն ամբողջությամբ չի մարվում, ավելին՝ ապրանքի գույքագրումն իրենից բարդ պրոցես է ներկայացնում, որ ասում են՝ ապրանքը գույքագրեք, հասկանո՞ւմ են՝ դա ինչ գործընթաց է։ 15 տարի է, այս բիզնեսի մեջ ենք, որքա՞ն «աստատկա» կունենանք։ Մի ապրանքը մի քանի գին է վաճառվում, եթե, օրինակ, վաճառվում է 10.000 դրամով, բայց վաճառքը հաջող չէ, գինը փոխում ենք՝ 7000-5000 դրամ ենք դարձնում։ Իշխանություններն ուզում են իրավիճակը հասցնեն գագաթնակետին, որպեսզի ռեկետ անեն»,- նշեց Կարինե Գևորգյանը։
Ըստ նրա, հարցի լուծողը մեկ հոգի է՝ Նիկոլ Փաշինյանը։
«Բաբկեն Թունյանի հետ էլ էինք հանդիպել, բայց նա հարց լուծող չէ, մեզ էլ պարզ ասաց՝ հարցի լուծողն ինքը չէ։ Այս հանդիպումներից հասկացանք, որ միակ որոշողը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ հանդիպման հնարավորությունն ԱԺ-ում կա, օգտագործում ենք»,- եզրափակեց Կարինե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ այս տարվա հունվարից շրջանառության հարկը կրկնակի բարձրացել է՝ 5 տոկոսից դառնալով 10 տոկոս, ինչն առաջացրել է փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների զայրույթը։
Նրանք հայտարարում են, որ նման բարձր հարկատեսակով հնարավոր չէ աշխատել։ Տևական ժամանակ բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ պահանջելով, որպեսզի օրենքը կասեցվի, սակայն մինչև այս պահը որևէ փոփոխություն չկա։