Արցախցիներին վերացնելու կոչ անող կինը Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի մտերիմն է. դատախազությունում xosnak.am-ի հրապարակման դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Արցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մեկնարկած հետևողական պայքարին զուգահեռ՝ սաստկացել են հատկապես իշխանական ու մերձիշխանական կայքերում ու սոցիալական ցանցերում արցախատյացության, արցախցիների հանդեպ թշնամանքի գեներացման դրսևորումները:

Հերթական բարոյականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութն ապրիլի 17-ին տարածվեց ներազգային թշնամանքի հրահրման առաջամարտիկ Xosnak.am կայքում: Եթեր էր հեռարձակվել մի տեսանյութ, որում հարցվող քաղաքացին ամենաայլանդակ բառապաշարն է օգտագործում արցախցիների վերաբերյալ՝ ասելով. «Պիտի արցախցիներին գյուլլեն, ափսոս է, որ գյուլլում են, էդ գյուլլեն ափսոս է, պիտի սենց հողին հավասարեցնեն, չբերեն, լցնեն՝ Հայաստանը ապականեն: Իրենք թուրքի մնացորդ են: Իրենք մարդ չեն, ոչ մեկը, տանել չեմ կարողանում ոչ մի արցախցու: Որ ասում են՝ ղարաբաղցի ա, ասում եմ՝ Ղարաբաղը փլվեր, սրանք էլ մնային տակը, իզով-թզով պիտի վերանան…»:

Սրանք «ամենամեղմ» ձևակերպումներն էին, որ տեղ են գտել այդ տեսանյութի մեջ, և որը հեռարձակել էր նշված կայքը՝ գլխատառերով տեսանյութի վրա որպես վերնագիր դնելով «Արցախցուն պիտի հողին հավասարեցնենք, Հայաստանը կործանեցին» և «Արցախցիները թուրք են, պետական դավաճաններ» ձևակերպումները:

Պետք է արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Ազգային ժողովի համանուն խմբակցության որոշ անդամների հետ կապվող այս կայքն ու նրա տիրուհին արցախցիների նկատմամբ ատելության ու բռնության, ինչպես նաև ներազգային թշնամանքի հրահրման խոսնակի իր գործառույթներն իրականացնում է ուղիղ քաղաքական հրահանգով՝ իջեցված ամենավերին օղակից՝ Նիկոլ Փաշինյանից, այլապես որևէ կերպ բացատրելի չէ այս ապազգային ու դատապարտելի գործունեության անպատիժ իրագործումը:

Կարդացեք նաև

Այսօր սոցիալական ցանցերում տարածվեց դրա ապացույցը. հրապարակվեց լուսանկար, որում արցախցիներին թիրախավորող կինը խնջույքի էր մասնակցում Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հետ:

Հանրային-քաղաքական գործիչները շարունակում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազություն, մի բան, որն իրավապահ այդ կառույցն անում է՝ առանց սպասելու հաղորդման, եթե խոսքը վերաբերում է  ընդդիմադիր գործիչների կողմից իշխանության վերաբերյալ արվող արտահայտություններին:

Այսօր ի պատասխան 168.am-ի հարցման՝ հարուցվե՞լ է արդյոք քրեական վարույթ դատախազություն ներկայացված հաղորդումների հիման վրա, դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանեցին, որ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս