Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ոչ թե անվտանգության, այլ վտանգին ենթարկվելու մասին է

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և նրա պատասխանները ԵԽ ԽՎ-ում հոկտեմբերի 2-ին: Դրանք համոզիչ համարո՞ւմ եք:

– Ստրասբուրգում նախագահ Սարգսյանի ելույթի հետ կապված նշանակալին այն էր, որ սա ոչ միայն առաջին դիվանագիտական միջոցառումն էր Մաքսային միությանը միանալու իր անակնկալ հայտարարությունից հետո, այլ ավելի կարևոր է այն, որ Սերժ Սարգսյանն այցելեց եվրոպական ուժի երկու կենտրոններից մեկը: Ես հիասթափված եմ ելույթից` երկու պատճառով: Առաջինն այն է, որ իմ մոտ տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանի նախագահը դեռևս կարծում է` Հայաստանը կարող է Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը: Բոլորն արդեն հստակ հայտարարել են, որ դա այլևս հնարավոր չէ: Եթե նախագահն իրոք հավատում է սրան, ապա սա ցույց է տալիս, որ նա այդքան էլ չի հասկանում իրական եվրաինտեգրման պրոցեսը: Իսկ եթե նա գիտակցում է իրականությունը, ուրեմն սա Հայաստանի կեղծավորության հերթական դրսևորումն է:

– Հավանաբար նկատի ունեիք` իշխանությունների, ոչ թե Հայաստանի:

Կարդացեք նաև

– Այո՛ , իհարկե: Իսկ իմ երկրորդ հիասթափությունը եկավ հարցուպատասխանի ժամանակ, երբ նախագահ Սարգսյանը սկսեց հուզական պատասխաններ տալ` օգտագործելով ագրեսիայի և սպառնալիքների լեզուն, ինչով նմանվեց ադրբեջանական հռետորաբանությանը: Այլ կերպ ասած` Հայաստանի նախագահը պետք է իրեն պահեր բարոյական բարձր մակարդակի վրա:

– Դուք նկատի ունեք Ադրբեջանի պատվիրակի՞ն տված Սերժ Սարգսյանի պատասխանը:

– Այո՛:

– Բայց չե՞ք կարծում, որ այդ պատասխանն, ամեն դեպքում, բավական ադեկվատ էր:

– Մենք պետք է ադեկվատից ավելին ակնկալենք, սա երկրի նախագահն է: Այս առումով ունեմ ևս մի դժգոհություն, որն այդքան կարևոր չէ, բայց, միևնույն է, հատկանշական է. Սերժ Սարգսյանի ելույթի անգլերեն տարբերակում, որը տեղադրված էր նախագահի պաշտոնական կայքում, բազմաթիվ սխալներ կային, ամեն երրորդ պարբերությունն անգլերեն սխալ ուներ: Կարծում եմ` իշխանությունը պետք է բարելավի դիվանագիտությունն ու պրոֆեսիոնալիզմը:
Արդեն պարզից էլ պարզ է, որ Հայաստանը սեպտեմբերի 3-ի հայտարարած որոշումից հետո այլևս ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ ի վիճակի է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետև չի կարող լինել Ասոցացման պայմանագիր` առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի: Երեք շաբաթ առաջ ես Բրյուսելում էի, և սա ինձ համար ակնհայտ դարձավ:

Այժմ գործընթացը վերաբերում է Վիլնյուսից հետո սպասվելիք իրադարձություններին: Տվյալ գործընթացը կենտրոնանում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր իրավապայմանագրային բազա ստեղծելու վրա, սակայն այն պատրաստ չի լինի մինչև Վիլնյուսի գագաթաժողովը (մինչև նոյեմբերի վերջը.- Ա.Ս.), ինչը նշանակում է, որ ինչ էլ տեղի ունենա, միևնույն է` արդեն իսկ փոփոխություն կա ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրում: Այժմ Արևելյան գործընկերության ծրագրում կան երկրների երեք խմբեր. Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, որոնք ստորագրելու են համաձայնագրերը, մտնում են առաջին խմբի մեջ, երկրորդ խմբում միայն Ադրբեջանն է, ով այս ծրագրում կարող է մնալ միայն իր էներգետիկ ռեսուրսների շնորհիվ: Հայաստանը, ցավոք սրտի, Բելառուսի հետ միասին, հայտնվել է երրորդ` ստորին խմբում: Դրա փոխարեն և այս մարտավարական սխալի պատճառով` Հայաստանն իր ապագան կապում է Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի հետ:

– Այսինքն` համարում եք, որ Վիլնյուսում ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ չի՞ ստորագրվելու կամ նախաստորագրվելու:

– Իհա՛րկե ոչ, որևէ բան չի էլ առաջարկվել ստորագրելու համար: Հայաստանի իշխանությունը պետք է հրապարակայնորեն ընդունի, որ սեպտեմբերի 3-ի` իր որոշման պատճառով Հայաստանը հեռացավ Եվրոպական միությունից: Վերջինս այժմ այլ կերպ է նայում Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունը կորցրել է Եվրոպական միության վստահությունը և հավատը ոչ այնքան վերոնշյալ որոշման, այլ այն պատճառով, թե ինչպես ընդունվեց այդ որոշումը, և ինչ բացատրություն տրվեց այդ առնչությամբ:

– Իսկ Ձեր կարծիքով` ի՞նչ ակնկալիքներ ունի Եվրոպան Հայաստանից այժմ, եթե ընդհանրապես ունի այդպիսիք:

– Տեսեք, իրականում այս որոշումն այնքան բացասական է, որ այժմ Հայաստանն է իր ուսերին կրում փոփոխություններ անելու բեռը: Բարեբախտաբար, Եվրոպական միությունը երես չի թեքել Հայաստանից և հայ ժողովրդից: Դրա համար ՀՀ-ն և ԵՄ-ն այժմ ձգտում են համագործակցության համար ստեղծել նոր իրավական սահմանագծեր: Սա հավանաբար կլինի հաջորդ տարի: Միաժամանակ չկա որևէ երաշխավորություն, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Այլ կերպ ասած` սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունը ոչ թե նշանակում էր, թե Հայաստանն «այո՛» ասաց Մաքսային միությանը, այլ ավելի շատ` «ո՛չ» ասաց Եվրոպական միությանը:

– Ի դեպ, ՄՄ մտնելու որոշման հետ կապված` Ռուսաստանի կողմից ճնշումների վերաբերյալ այդքան շատ քննարկված տեսակետի մասին Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ասաց, թե ճնշումների մասին խոսելն ավելորդ է («գՈրևէ պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության մասին: Մենք ենք այդ ցանկությունը հայտնելգ»,- նշեց նա): Ի՞նչ կարծիք ունեք այս կապակցությամբ:

– Իհարկե, այս հարցն ավելի շատ վերաբերում է Հայաստանի իշխանություններին և նախագահին, բայց ինձ տարակուսանքի մեջ է գցում այն, որ Մաքսային միությունը Հայաստանին չի տալիս որևէ առավելություն կամ օգուտ, և այն երբեք չի եղել այլընտրանք Եվրոպական միությանը: Եվ սա չի վերաբերում նույնիսկ անվտանգության հարցին. Ասոցացման համաձայնագրում ոչ մի խոսք չկա անվտանգության մասին, և այն երբեք չի պարունակել սպառնալիք հայ-ռուսական հարաբերություններին: Բայց եթե Սերժ Սարգսյանն անկեղծ է խոսում, և ռուսական ճնշում չի եղել, ապա սա ավելի մեծ խնդիր է բացահայտում. սա ցույց է տալիս, որ կա առաջնորդության և քաղաքական կամքի պակաս: Այսինքն, եթե չի եղել ռուսական ճնշում, ապա ինչո՞ւ իշխանությունն այդքան կոպիտ ռազմավարական սխալ թույլ տվեց:

– Թերևս, սա կարող ենք գնահատել` որպես հռետորական հարց:

– Ճիշտ է, բայց Հայաստանի իշխանության կողմից որևէ բացատրության բացակայությունը սա դարձնում է ավելին, քան հռետորական հարցը: Իր հերթին` սա բարձրացնում է երկու այլ փոխկապակցված հարցեր. ա) ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը խախտեց օրենքը, «Երևան սիթի» բացեց Փակ շուկայում, և դա նրան ներվեց, բ) ո՞րն է այն տնտեսական տրամաբանությունը, որով առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները, երբ եվրապարտատոմսերից ստացված գումարի մեծ մասն ուղղում են ռուսական պարտքը մարելու համար` այն էլ` մարման ժամկետից շուտ: Նույնիսկ վարչապետը, կարծես թե, ի վիճակի չեղավ տալ դրա բացատրությունը:

– Մամուլում այս կապակցությամբ հրապարակվեց մի վարկած, որ սա կարող է կապված լինել ռուսական գազի հարցի հետ:

– Սա պարզապես ծիծաղելի է ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ Հայաստանի իշխանությունն ամենամեծ հիմարություններից մեկը գործեց` Հայաստանի ռազմավարական կարևոր օբյեկտները պարտքի դիմաց հանձնելով Ռուսաստանին: Համեմատության համար ասեմ, որ աֆրիկյան երկրների մեծ մասն իրենց պարտքը վերաբանակցելու ժամանակ չեն տալիս իրենց ունեցածը, այլ փորձում են հնարավորինս օգուտներ ստանալ բանակցությունների միջոցով: Բայց Հայաստանը չի բանակցում Ռուսաստանի հետ, Հայաստանն ուղղակի ենթարկվում է Ռուսաստանին: Եվ սա մեծ վիրավորանք է Հայաստանի ինքնիշխանության համար:

– ՄՄ մտնելու որոշման հետ կապված անվտանգության փաստարկը նույնպես, կարծես թե, չի բացվում, ինչպե՞ս եք սա գնահատում:

– Ես ընդհանրապես չեմ հավատում այդ փաստարկին: Սա ոչ թե անվտանգության, այլ վտանգին ենթարկվելու մասին է: Եթե խոսքն անվտանգության մասին է, ապա ինչո՞ւ կառավարությունը և իշխանությունը չի կարողանում բացատրել` ինչպես: Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ոչ մի ազդեցություն չէր ունենալու հայ-ռուսական կամ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վրա: Եվ եթե Ռուսաստանի կողմից ճնշում չի եղել, ինչպես պնդում է նախագահը, ապա ի՞նչ անվտանգության մասին է խոսքը: Եվ սա Լեռնային Ղարաբաղին էլ չի վերաբերում: Այստեղ ոչ մի կապ չկա:

– Սեպտեմբերի 3-ից հետո, բացի Մաքսային միություն մտնելու մասին հայտարարության շուրջ քննարկումներից, ըստ էության, որևէ այլ կարևոր ներքաղաքական զարգացումներ չեն ծավալվում: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված: Արդյոք կապվա՞ծ է նույն որոշման հետ:

– Ես այդքան էլ համաձայն չեմ և չեմ կարծում, թե սա պասիվություն է կամ հուսալքություն, բայց բացասական արձագանքի անհրաժեշտության առումով` այո՛, ավելի կոշտ արձագանք պետք է լիներ: Նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք աջակցում են Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, պետք է մտահոգված լինեն, թե ինչպես կայացվեց այս որոշումը:

Բայց հաշվի առնելով ներկայիս իրականությունը, երբ Փակ շուկայում սուպերմարկետ է բացվում օրենքի խախտումով, թանկանում է տրանսպորտի սակագինը, և երկրում համատարած աղքատություն է տիրում, հանգում ենք այն եզրակացությանը, որ շատ ավելի կարևոր խնդիրներ կան, քան Մաքսային միությունը: Միևնույն ժամանակ սա ցույց է տալիս ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության թերությունները:

– Այսինքն` ավելի կարևոր օրակարգային հարց եք համարում Հայաստանի սոցիալական վիճակը, քան արտաքին ընտրությո՞ւնը:

– Ո՛չ, ես նկատի ունեմ, որ դրանք ոչ թե ավելի կարևոր մարտահրավերներ են, այլ ավելի արդիական և առօրեական, այսինքն` վերոնշյալ խնդիրները, բնականաբար, ավելի շատ են ուղղակիորեն առնչվում մարդկանց կենցաղի հետ: Մաքսային միությունն իրենից ավելի մեծ վտանգ է ներկայացնում, սակայն այն ավելի աբստրակտ է: Խնդիրն այն է, որ, սկզբունքորեն, այս որոշման կայացման ձևը և այս հարցով վերլուծությունների պակասը կազդի Հայաստանի հետագա սերունդների ճակատագրի վրա:

– Շատերը գտնում են, թե հասարակական այդպիսի խնդիրների վրա սևեռվելը կամ դրանք շրջանառության մեջ դնելն իրականում հասարակությանը շեղեցին կարևորագույն որոշումներից: Ինչպե՞ս եք վերաբերվում տեսակետին:

– Դա հնարավոր է, բայց միաժամանակ` պարտադիր չէ, որ սա լինի միայն հասարակության ուշադրության շեղումը: Սա նաև նշանակում է այն, որ Հայաստանում խնդիրները գնալով կուտակվում են: Ուշագրավն այն է, որ ամեն անգամ, երբ մեզ թվում է, թե սրանից ավելի վատ չի կարող լինել, մենք անակնկալի ենք գալիս, և պարզվում է, որ ավելի վատ էլ կարող է լինել:

«168 Ժամ»

 

Տեսանյութեր

Լրահոս