Ինչ է իրականում տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ. ներկայացնում է Հայկ Ալումյանը (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ: Ըստ փաստաբանի՝ խնջույքից հետո Ավետիք Բուդաղյանը, ով այլ անձանց ավտոմեքենայով էր եկել ճաշկերույթի վայր, պիտի վերադառնար որևիցե մեկի ավտոմեքենայով և Սուրիկ Խաչատրյանի համառ պնդումների արդյունքում հայտնվեց վերջինիս ավտոմեքենայում: Հ. Ալումյանի խոսքով՝ Ավետիք Բուդաղյանը չի ցանկացել Սյունիքի նախկին մարզպետի ավտոմեքենայով գնալ, սակայն երկար պնդումներից հետո որոշել է չնեղացնել Սուրիկ Խաչատրյանին:

Մի քանի րոպեների ընթացքում Ավետիք Բուդաղյանը ծեծված վիճակում դուրս է հանվել փողոց. «Մեզ այսօր ասում են, որ այդ մի քանի րոպեների ընթացքում էլ Սուրիկ Խաչատրյանը հասցրել է այնպես քնել, որ հետո վեճ է ծագել Զարզանդի ու Ավետիքի միջև, ինքը չի լսել, հետո էլ, երբ Զարզանդը Ավետիքին և դուրս է հանել, դա էլ Սուրիկ Խաչատրյանը տեղյակ չէ»:
Հայկ Ալումյանի ներկայացմամբ՝ երբ Ավետիք Բուդաղյանը գնացել է տուն, Արտակ Բուդաղյանը նկատել է է, որ նրա դեմքն այլայլած է և փորձել է պարզել՝ ինչ է տեղի ունեցել: Ընտանիքի անդամներն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ երբեք  Ավետիք Բուդաղյանին նման վիճակում չէին տեսել:

Հ. Ալումյանի խոսքով՝  երկար հարցուփորձից հետո է միայն Ավետիք Բուդաղյանը եղբորը պատմում Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում տեղի ունեցածը. «Արտակն ասում է, որ այս ամեն ինչը այսպես չպիտի թողնենք, մի հատ զանգենք, ինչու այսպիսի բան արեցին, գոնե իրենց հետ պարզենք այդ հարցը: Ավետիքը արգելում է Արտակին որևէ գործողություն կատարել: Արտակը, արդեն Ավետիքից ինչ-որ չափով վրդովված, գնում է, որպեսզի իր ծառայողական ավտոմեքենայով մեկնի Ղարաբաղ, ինչպես և նախատեսված էր, բայց վրդովված լինելով Ավետիքից՝ Ավետիքն էլ սկսում է իրեն զանգել., Ավետիքն էլ կարծում է, որ Արտակը կարող է հանկարծ առանց իրեն ասելու գնա Սուրիկ Խաչատրյանենց մոտ: Ավետիքը սկսում է զանգահարել Արտակին, որպեսզի պարզի, որպեսզի նորից հեռախոսով ճշտի՝ հո նա չի՞ գնում այնտեղ: Արտակն էլ, վրդովված լինելով, հեռախոսն անջատում է, անընդհատ անջատում է, և Ավետիքը, խառնվելով իրար, մտածելով, որ կարող է Արտակը գնացել է այնտեղ, նստում է իր ավտոմեքենան և քշում Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ»:

Հ. Ալումյանի խոսքով՝ տեսնելով, որ իր եղբայրը Սուրիկ Խաչատրյանի տան մոտ չէ, «ավտոմեքենան մանևրում է՝ հետ գնալու համար»: «Այդ ժամանակ 5 հոգի, ովքեր փողոցում կանգնած սպասում էին, որոնցից ոմանք նաև զինված էին, մոտենում են ավտոմեքենային, դուռը բացում, սկսում քաշքշել, հարվածել Ավետիքին: Ավետիքը փորձում է իրենցից հեռանալ, էլի են գալիս մեքենայի վրա»: Այդ ժամանակ, Հ. Ալումյանի խոսքով, Արտակ Բուդաղյանը, ով Գորիսիս դուրս գալիս է լինում, տեսնում է, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, տեսնում է իրենց ավտոմեքենան և գնում այնտեղ: «Գալիս է այն ժամանակ, երբ քաշքում են ու խփում ավտոմեքենայի մեջ իր եղբորը, բայց իր եղբայրը մանևր է անում, գալիս, իր դեմը փակում է, որպեսզի ինքը չառաջանա»:  Հենց այդ ժամանակ, ըստ Հ. Ալումյանի, մի քանի հոգի մոտենում են Արտակ Բուդաղյանի ավտոմեքենային: Ա. Բուդաղյանը, տեսնելով, որ հարձակում կա եղբոր վրա, հիշում է, որ որսորդական հրացան կա իր մոտ, այն հանում է, որպեսզի նշված մարդիկ իրեն մոտ չգան: «Առաջին անգամ Ավետիք Բուդաղյանը մեքենայից իջնում է, որպեսզի Արտակ Բուդաղյանին դեպքի վայրից հրելով իջեցնի ներքև: Դուք այդպիսի հաձակում տեսե՞լ եք»,- ասաց Հայկ Ալումյանի՝ նշելով որ երկու կին և Ավետիք Բուդաղյանը Արտակ Բուդաղյանին դեպքի վայրից հրելով իջեցնում են:

«Հենց այդ ժամանակ արդեն համարձակությամբ լցված այն հինգ հոգին նորից գալիս են այդ ավտոմեքենաների մոտ, և այդ ժամանակ արդեն Տիգրան Խաչատրյանի մոտ կա որսորդական հրացան: Երբ որ ամեն ինչ վերջացել էր, երբ որ արդեն Ավետիքն ու այդ երկու կանայք Արտակին իջեցրել էին ներքև, և ամեն ինչ արդեն վերջացած էր, այդտեղ կարող էլ այլ ոչինչ չլիներ դրանից հետո: Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է ավտոմեքենայի ետևում, սառնասրտորեն նշան բռնում եղբայրների ուղղությամբ և երեք անգամ իրար ետևից կրակում: Նոր դրանից հետո, երբ որ տեսնում է, որ իր եղբայրը ընկավ, ինքն էլ վիրավորվեց, արդեն կաղալով Ավետիք Բուդաղյանը հայտնվում է կադրի մեջ և տեսնում ենք, որ այնտեղ իր ձեռքում էլ զենք կա, և այնուամենայնիվ իր զենքից եղել է, եթե դա իր ձեռքի զենքն է, ընդամենը երկու կրակոց: 11 կրակող եղել է այն կողմից»:

Հայկ Ալումյանը հավելեց, որ եթե եղել է պաշտպանություն, ապա միայն Բուդաղյան եղբայրների կողմից. եթե Արտակ Բուդաղյանը հարձակվելու նպատակ ունենար, դա չէր անի որսորադական հրացանով, այն էլ չլիցքավորված:

Հ. Ալումյանի խոսքով՝ Արտակ Բուդաղյանը պնդել և պնդում է, որ եղել է նաև կրակոց վերևի պատուհանից. «Արտակ Բուդաղյանը պնդում է, որ դրանից հետ Լորետա Բարսեղյանը գոռում էր՝ Սուրիկ էս ինչ արեցիր, բա ասում էիր՝ սենց բան էլ չի լինի: Այդ ամեն ինչը Արտակ Բուդաղյանի ասելով է: Իրենց համար շատ հեշտ է դրա դեմ պայքարել, այդ ասածի դեմ պայքարել, քանի որ այն կողմից 10 հոգի մարդ կա»: Դեպքի տեսագրության մեջ, ըստ Հայկ Ալումյանի, երևում է, որ գշգնդակներից մեկը, դիպչելով ասֆալտին, վերև թռչում. կրակոցն, ամենայն հավանականությամբ, վերևից է եղել: «Այդ փաստարկն ուժեղ փաստարկ է: Դրա համար քննիչը և փորձագետները արեցին ամեն ինչ, որպեսզի այդ գնդակի տեղը չհայտնաբերվի: Այդ հատվածն այնքան փչացվեց, որ հետո այդ գնդակի հետքը հնարավոր չիլինի հայտնաբերել: Ես չգիտեմ՝ քննիչի ջանքերով դա արվեց, թե պարզապես Սուրիկ Խաչատրյանի կողմը պատկերացնում էր, թե այդ ինչ կարևոր նշանակություն կարող էր ունենալ: Համենայնդեպս, այդտեղ այդ գնդակի հետքը այլևս հնարավոր չեղավ գտնել»,- ասաց Հայկ Ալումյանը:

«Նույնիսկ այսպիսի միտք հնչեցվեց մյուս կողմի փաստաբանի կողմից, թե մենք կարծում ենք Լորետա Բարսեղյանը բողոք չի ունենա, դրա համար Արտակ Բուդաղյանը քրեական ապատասխանատվության չի ենթարկի, այսինքն՝ արդեն սրան է հասնում հարցը, որ Արտակ Բուդաղյանն էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվելու միմիայն այն կողմի մեծահոգության հետևանքով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Տեսանյութեր

Լրահոս