Ալեքսանդր Արզումանյանը՝ մոսկովյան հայտարարության մասին. «Եղել է ուժի կիրառման սպառնալիք»

Հարցազրույց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ

– Պարոն Արզումանյան, արդեն տեղյակ եք՝ Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանը , ըստ որի՝  Սերժ Սարգսյանը հայտարարել է «Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին»: Ի՞նչ կարծիք ունեք սրա մասին, և արդյոք այս հայտարարությունը սպասելի՞ էր:
-Նախ պետք է նշեմ, որ ես էլ ծանոթ եմ միայն այն պաշտոնական հաղորդագրություններին, որոնք տարածվեցին այսօր, և ակնկալում եմ պարզաբանումներ և պաշտոնական բացատրություններ:

Ո՛չ, սա չի կարելի սպասելի զարգացում համարել, սա անակնկալ էր, որովհետև տարակուսել է, որ Հայաստանի իշխանությունը մինչև երեկ հայտարարում էր, թե Հայաստանը սահման չունի Մաքսային միության անդամ երկրների հետ: Եվ ի՞նչ պատահեց, որ մի քանի ժամում սահմանը հայտնաբերվեց: Սա որոշում է, որը պետք է կայացվի ոչ թե միանձնյա, այլ իրազեկ հասարակական քննարկումների արդյունքում: Հայաստանն ընտրել էր իր ճանապարհը և 20 տարի ընթանում էր այդ ճանապարհով. եվրաինտեգրումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն էր, և մշտապես հայտարարվել է, որ Հայաստանը նախապատրաստվում է նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը: Այսպիսի անակնկալ հայտարարություններ, մանավանդ երբ իշխող քաղաքական ուժի խորհրդարանական ղեկավարը (Գալուստ Սահակյանը,-Ա.Ս.) դրան զուգընթաց այստեղ հայտարարում է, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման պայմանագիրը,տեղիք է տալիս մտածելու, որ եղել է ուժի կիրառման սպառնալիք: Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն անընդունելի է, որովհետև դա հակասում է ՀՀ սահմանադրությանը և էապես սահմանափակում է մեր ինքնիշխանությունը, քանի որ, անդամակցելով այդ միությանը, ըստ գործող կարգի, մենք մեր իրավասությունների մի զգալի մասը հանձնում ենք վերպետական կառույցի, այսինքն՝ Մաքսային միությանը: Սա երկար քննարկելու խնդիր է, գնահատականներ բազմիցս տվել ենք, բայց պետք է Ռուսաստանի մեր գործընկերներին հիշեցնեմ, որ որևէ միություն, որը ստեղծվում է ուժի սպառնալիքի հետևանքով, երկար կյանք չի կարող ունենալ: Եվ այս իշխանությունը լինի, թե մեկ այլ իշխանություն, վերանայելու են այս որոշումները, որովհետև միջազգային հարաբերություններում ընդունված չէ խոսել ուժի դիրքերից, մանավանդ երբ որևէ մեկին համարում ես քո ռազմավարական գործընկերը, ինչպես բազմիցս հայտարարվել է: Ռուսաստանն այսօր ուժի սպառնալիքով հանդես է գալիս թե՛ Ուկրաինայի, թե՛ Մոլդովայի նկատմամբ, Վրաստանի դեպքում էլ հիշում ենք, որ նույնիսկ պատերազմ սանձազերծեց: Ինչ կլինի մեր պարագայում, չգիտենք, նոր զարգացումներ են ի հայտ եկել: Սա է պատճառը, որ պետք է սպասենք պաշտոնական պարզաբանումների. ի վերջո, կառավարությունը պարտավոր է հստակ բացատրություններ տալ այս անակնկալ շրջադարձի վերաբերյալ: Բացի այդ, մենք պետք է սպասենք մեր եվրոպական գործընկերների արձագանքներին: Բազմիցս հռչակվել է Եվրամիության այն մոտեցումը, որ այս երկու գործընթացները՝ Ասոցացման համաձայնագիրը և Մաքսային միությունը, չեն կարող համատեղելի լինել, և կան հստակ հակասություններ: Ես չեմ ասում, որ պետք չէ համագործակցել Մաքսային միության անդամ երկրների, ԱՊՀ երկրների հետ: Պարզապես պետք է փորձել առաջնորդվել համաշխարհային առևտրի կողմից ձևավորված հստակ նորմերով և այդ նորմերին հակասող որևէ գործողություն չանել:

-Իսկ «մտադրություն հայտնելը» դիվանագիտության մեջ կարելի՞ է համարել վերջնական որոշում է:

– Ո՛չ, դա ամենևին վերջնական որոշում չէ, ի վերջո, սա հո խանություն չէ՞, որ մեկն այդպես միանձնյա որոշում կայացնի: Կա հասարակություն, կա խորհրդարան, մենք պետք է քննարկենք, այս հարցերը պետք է արծարծվեն: Բայց հաշվի առնելով հենց այս հանգամանքը՝ կարելի էր սահմանափակվել շատ ավելի ընդհանրական ձևակերպումներով, որ հաշվի առնելով մեր շատ կարևոր հարաբերությունները Ռուսաստանի հետ և անվտանգության ոլորտում մեր համագործակցության խորություն և այն, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, Հայաստանն անշուշտ չպետք է անտեսի Ռուսաստանի շահը, բայց նաև չպետք է զոհաբերի մեր ժողովրդի ապագան՝ այդ շահը սպասարկելու համար, մենք պետք է երկուստեք առաջնորդվենք մեր ազգային շահերով: Եվ կարելի էր անել հայտարարություն, որ Հայաստանը կշարունակի համագործակցության խորացման ձևեր գտնել Մաքսային միության, հետագայում ստեղծվելիք Եվրասիական միության հետ, և այս գործընթացն ամենևին չի նշանակում, որ մենք խզում ենք մեր կապերը Ռուսաստանի և ԱՊՀ-ում մեր մյուս գործընկերների հետ: Բայց միանշանակ ասել…Սա ընտրության նման մի բան է, ի վերջո, սա ի չիք դարձրեց «և՛-և՛»-ի մասին բոլոր խոսակցությունները: Փաստորեն, ի՞նչ ստացվեց, «և՛-և՛» խոսելով` մենք գնացինք և հռչակեցինք մի ուղղությանը ստրուկի նվիրվածությամբ մինչև վերջ հավատարիմ մնալու մտադրության մասին:

-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ սա կարող է խոչընդոտե՞լ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, դա՞ նկատի ունեիք:

– Ես չէի ցանկանա Եվրոպական միության գործընկերների անունից խոսել, սպասենք արձագանքներին: Իհարկե, ես ունեմ իմ անձնական կարծիքը, վստահ եմ, որ այս երկու գործընթացները համադրելի չեն, և արձագանքներ կլսենք Բրյուսելից: Բայց, ինչպես հայտնի է, այդ մասին Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, այդ մասին շատ են խոսել հայտնի տնտեսագետներ, և այդ մասին ընդամենը վերջերս խոսել է մեր վարչապետը, արտգործնախարարի տեղակալն էլ մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը սահման չունի Մաքսային միության հետ, և անհնար է անդամակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս