Զզվելի է

Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը: Պետությո՞ւն է, որը ծառայում է դրանում ապրող քաղաքացիներին, թե՞ հակառակը` մարդիկ են ծառայում պետությանը, կամ, որ ավելի ճիշտ է` իրենց պետության հետ նույնացնող իշխանություններին: Պատասխանը, դժբախտաբար, ակնհայտ է. Հայաստանը տարածք է, որտեղ մարդիկ ապրում են, որպեսզի իշխանությունը բարգավաճի: Այսինքն` մարդը ոչ թե նպատակ է պետության համար, այլ միջոց` իշխանությունների համար: Դա լավագույնս ապացուցվեց վերջին օրերին «Զվարթնոց» օդանավակայանում սիրիահայ մի ընտանիքի հետ կապված իրադարձություններով:

Սիրիայից մազապուրծ եղած 4  կանայք ու 5 երեխաները Ստամբուլից հասել էին Երևան և, բառի բուն իմաստով, պատանդ վերցվել օդանավակայանի հատուկ գոտում: Ըստ այդ ընտանիքի` Հայաստանում ապրող հարազատների, օդանավակայանում նրանց հետ վերաբերվել են ամենաանմարդկային ձևով, նվաստացրել են ու ստորացրել:

Այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթը մանրամասն նկարագրել է այս կանանց և երեխաների հետ կատարվողը, որի միակ պատճառն այն է, որ քրիստոնյա արաբների հետ ամուսնացած հայ կանանց երեխաների անձնագրերում նրանց հայ լինելու մասին հավաստող տող չկա: Թվում էր, թե գոնե հանրային հնչեղություն ստանալուց հետո պատկան մարմինները համարժեք վերաբերմունք կցուցաբերեին և կհրահանգեին ազատ արձակել հայերի կողմից պատանդառված հայերին` ձևի համար գոնե ներողություն խնդրելով: Սակայն այդ ընտանիքին… երեկ գիշերն արտաքսել են Հայաստանից` Երևան-Ստամբուլ չվերթով:

Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ հիմնավորումներ են ներկայացրել, որոնց իմաստն այն է, որ 9 հոգանոց այդ ընտանիքի անդամները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել և հատել են ՀՀ պետական սահմանը՝ առանց թույլտվության և սահմանված կարգի խախտմամբ:

Այսինքն` մարդկային կյանքը ստորադասվել է ինչ-որ փաստաթղթերի, օրենքների և անհեթեթ այլ ձևականությունների, և դա հիմք է հանդիսացել, որպեսզի մեր ազգային իշխանությունները հայ կանանց ու երեխաներին արտաքսեն Թուրքիա: Թե հատկապես ո՞ր պաշտոնյայի ուղեղում է ծագել այդ համամարդկային միտքը, կարևոր չէ, քանի որ այսպիսին է Հայաստանի իշխանության հավաքական կերպարը: Նրանք հայերի մասին սիրում են հիշել ու խոսել միայն այն ժամանակ, երբ սփյուռքից փող ստանալու հնարավորություն կամ, երբ Հայոց ցեղասպանության մասին խոսելու ճոռոմ առիթներ են լինում:

Այն, որ սիրիահայ ընտանիքի անդամների փաստաթղթերում իսկապես ինչ-որ անհապատասխանություն է եղել, ոչ մեկը չի վիճարկում: Բայց անհեթեթություն է, երբ «փաստաթղթային անհամապատասխանությունը» գերադասվում է մարդու, երեխայի ճակատագրին, ու դա ներկայացվում է՝ որպես «ազգային անվտանգության դեմ սպառնալիքի կանխում»:

Առավել անհեթեթություն է՝ Հայաստանում, որտեղ, ինչպես բոլորին է հայտնի, պետական սահմանը նույնիսկ առանց փաստաթղթերի հատում են զանազան քրեական հեղինակություններ, գողական աշխարհի ներկայացուցիչներ՝  Հայաստանում իրենց իշխանական «ախպերներին» տեսակցության գալու համար: Իսկ երբ սահմանը հատում է երեխան, Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է այն այնպես, ինչպես թուրքական վտանգի դեպքում: Ու արտաքսում Թուրքիա, որից արդեն 100 տարի պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը:

Հետաքրքիր է` որտե՞ղ էին մեր ազգային կուսակցությունները, ցանկացած ծառահատման դեմ պայքարող քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները, ինչո՞ւ նրանք բողոքի ակցիաներ չեն անցկացնում «Զվարթնոց» օդանավակայանի կամ որևէ պետական գերատեսչության մոտ:

Լուսանկարը` Սերժ Դավիդովի

 

 

Տեսանյութեր

Լրահոս