Նույնը սպառնում է նաև Կալասին. այս մարդիկ ուղնուծուծով լինելով կաշառքի ու կաշառակերության մեջ՝ հիմա փորձում են մեզ ինչ-որ դասեր տալ. Գրիգոր Բալասանյան

«Հայկական ժողովրդական ասացվածք կա՝ «քաչալը ճար ունենա, իր գլխին ճար կանի»։ Եվրոպական Միությունն այսօր շարունակում է  ռուսական գազ գնել Ադրբեջանի տարածքով, որի համար մի քանի անգամ թանկ է վճարում։ ԵՄ-ն չունի որևէ հնարավորություն փոխարինելու կամ դիվերսիֆիկացնելու էներգետիկ ոլորտում Հայաստան-Ռուսաստան կապերը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ խոսելով ԵՄ տարբեր բարձրաստիճան  պաշտոնյաների կողմից Հայաստանին էներգետիկ ոլորտում տարբեր աջակցություններ ցուցաբերելու խոստումների մասին։

Ըստ մեր զրուցակցի, Հայաստանը ԵՄ-ի համար կարևոր է և ԵՄ պաշտոնյաների «գլխի վրա տեղ ունի» այնքանով, որքան Հայաստանը կցանկանա մաս կազմել իրենց հակառուսական քաղաքականությանը և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականությանը։

«Այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարի, որ առաջ է տանում սեփական ազգային շահերը, որը կարող է չհամապատասխանել ԵՄ շահերին, այդ օրվանից Հայաստանն իրենց աչքում դառնալու է սովորական պետություն։ Այդ ժամանակ ԵՄ-ն հույսեր չի կապելու Հայաստանի հետ, ինչպես, օրինակ, եղավ Վրաստանի պարագայում։ Դրա համար ես այդքան էլ չէի ուրախանա ու ոգևորվի տարբեր տրամաչափի եվրոչինովնիկների այցի հետ կապված՝ մեկ պարզ պատճառով։ Այն մարդիկ, ովքեր այսօր գալիս են Հայաստան, մինչև աշուն հավանաբար հրաժեշտ են տալու իրեն պաշտոններին։ Նրանք հեռացող պաշտոնյաներ են, իսկ հեռացող պաշտոնյաների հետ ինչ-որ բան պայմանավորվելն ուղղակի արկածախնդրություն է»,- հավելեց միջազգայնագետը։

Նրա դիտարկմամբ՝ նախ դեռ պետք է հասկանալ, թե ովքեր են Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կայա Կալասը, ինչպիսի ճակատագիր ուներ Կալասի նախորդը՝ Ֆեդերիկա Մոգերինին, ով այս պահին բանտում է, կաշառքի գործով նրա նկատմամբ սահմանել են 5 տարվա պատիժ։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ այս նույնը սպառնում է նաև Կայա Կալասին, այս մարդիկ ուղնուծուծով լինելով կաշառքի ու կաշառակերության մեջ, հիմա փորձում են մեզ ինչ-որ դասեր տալ և Հայաստանին օգտագործել իրենց ռուսաֆոբության ու հակառուսականություն տարածելու նպատակով։ Սա չպետք է մտնի Հայաստանի շահերի մեջ, սա չի բխում մեր շահերից: Ավելին՝ ԵՄ չինովնիկներին Հայաստանում պետք է ժպիտով ընդունենք ու ժպիտով ճանապարհենք, սակայն կոնկրետ որևէ խոստում ու պայմանավորվածություն նրանց հետ ձեռք չբերենք։ Այդ մարդկանց հետ ինչ-որ բան պայմանավորվելն արդեն իսկ վտանգավոր է»,- շեշտեց Գրիգոր Բալասանյանը։

Հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ ԵՄ հեռացող պաշտոնյաներից հետո, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց՝ ցանկացած իրավիճակում կան լուծումներ, դրա համար, սակայն, պետք է ունենալ պրոֆեսիոնալ թիմ, նաև պրոֆեսիոնալ դիվանագետների թիմ։

«Խստիվ պետք է արգելվի տարբեր տրամաչափի պաշտոնյաներին ժամանակ առ ժամանակ աքլորանալն ու Հայաստանում հակառուսական հայտարարություններ անելը, հիմա դրա ժամանակը չէ։ Հիմա «մկաններ» ցույց տալու ժամանակը չէ, հատկապես, որ դու այդ «մկանները» չունես, և այդ մասին բոլորն էլ գիտեն։ Ժամանակն է նստել և մեր ռուս գործընկերներին բացատրելը հետևյալը՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք բացառապես Հայաստանում քաղաքացիական, սոցիալական ոլոտներում կյանքը բարելավելու ու ավելի որակյալ դարձնելու համար։ Սակայն տնտեսական առումով ԵՄ-ն չի կարող այլընտրանք լինել ԵԱՏՄ-ին։

Ավելին՝ ԵՄ-ն այսօր խնդիր ունի Ռուսաստանի հետ, և Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի և ԵՄ-ի համար։ Բացի այդ, Հայաստանից տարբեր խողովակներով կարող են Ռուսաստան արտահանվել այն բարեփոխումները, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների, որոնք ՌԴ-ին անհրաժեշտ են։ Բայց այս պահի դրությամբ հարաբերություններում ավելի խորացնել ճգնաժամը ՌԴ-ի հետ և դա անել տարբեր պաշտոնյաների միջոցով՝ անթույլատրելի է։ Պետք է հասկանանք, որ ցանկացած վիրավորական հայտարարության պատասխանը տալիս է  Հայաստանն ու ՀՀ քաղաքացին»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այցելել էր Հայաստան։ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ԵՄ-ն աջակցում Հայաստանին էներգետիկ ոլորտում, նա ասել էր.

«Էներգակիրների հարցում Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական բազմաշերտ և համապարփակ մոտեցում։

Ահա թե ինչու հաջորդ շաբաթ ԵՄ-ից  փորձագետների խումբ կժամանի Հայաստան, մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ՝ Ուկրաինայում, Մոլդովայում, անցել ենք դրա միջով, մեծ փորձ ենք կուտակել, ինքներս ԵՄ-ում բախվել ենք խնդիրների։ Միևնույն  ժամանակ ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ, նոր էներգետիկ փոխկապակցվածության երթուղիներ բացելով և ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերի ձևավորմանն աջակցելով։ 25 միլիոն է ներառում այդ ծրագիրը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031