Տնտեսական տեռոր. ո՞ւր են գնում հազարավոր աշխատատեղերը

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հպարտացել է, թե Հայաստանում հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։ Մի կողմ թողնենք այն, որ Նիկոլ Փաշինյանն այդ աշխատատեղերի ստեղծման հետ որևէ կապ չունի։ Դրանք աշխատատեղեր են, որոնք տնտեսվարողները ստեղծել են իրենց աշխատանքի ու կատարած ներդրումների շնորհիվ։ Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանն անմիջական կապ ունի այս օրերին Հայաստանում փակված հազարավոր աշխատատեղերի հետ։

Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող տասնյակ ընկերություններում գործող աշխատատեղերի փակման մասին է։ Այդ աշխատատեղերը փակվել են վերևներից իջեցված քաղաքական հրահանգով, ու հիմա հազարավոր քաղաքացիներ կանգնած են իրենց եկամուտները կորցնելու խնդրի առաջ։ Մարդիկ անհանգստացած են, ընտանիք են պահում, վարկեր ունեն, վարկեր պետք է մարեն, բողոքում են, որ իրենց զրկել են ապրուստի միջոցից, բայց ոչ մեկը չի ուզում լսել ու պատասխան տալ։

Քաղաքական հրահանգով փակել են ընկերությունները, կապարակնքել դռները, աշխատողներին շպրտել փողոց, իսկ կառավարության ղեկավարը զվարճանում է, սելֆիներ է անում, լեռներ է մագլցում։ Երկրի ու ժողովրդի առաջ կանգնած բոլոր խնդիրները կարծես լուծել է ու հիմա հանգիստն է վայելում, երկարաժամկետ արձակուրդ է գնացել։

Իր ու իր կառավարության կողմից վարվող քաղաքականության հետևանքով արտաքին շուկաներում ստեղծված անհարմարությունները քիչ էին, հիմա էլ նորերն են ստեղծում։ Օրեր առաջ հավաստիացնում էր, թե Ռուսաստան կատարած այցից հետո հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները վերացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Օրերն անցնում են, իսկ ռուսական շուկան առաջվա նման շարունակում է փակ մնալ։ Եվ մինչ տնտեսությունն ու քաղաքացիները կորուստներն են հաշվում, Նիկոլ Փաշինյանը նորերն է ավելացնում։

Կարդացեք նաև

Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկային պատկանող բիզնեսների ու ընկերությունների հետ, տեռոր է, ինչը տնտեսական հիմնավորումից դուրս է։ Իրավապահ ու հարկային մարմիններն ուղղակի հրահանգ են կատարում։ Հարձակվել են մարդու բիզնեսների վրա ու փորձում են հիմքեր ստեղծել դրանք խլելու համար։ Երկարաժամկետ վարձակալության պայմանագրերն են միակողմանի չեղարկում՝ հաշվի չառնելով, որ այդ պայմանագրերի հիման վրա միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարվել։ Պայմանագրերը չեղարկում են, որ տիրանան գույքին։

Այս ամենը, անշուշտ, ուղղված է Գագիկ Ծառուկյանի, նրա քաղաքական ու տնտեսական գործունեության դեմ, բայց տուժողն ամենևին էլ միայն Գագիկ Ծառուկյանը չէ, պետությունն է, տնտեսությունն է, պետական բյուջեն է, այն հազարավոր քաղաքացիներն են, ովքեր իրենց ապրուստի միջոցները վաստակում են մեկ հրահանգով փակված այդ տասնյակ ընկերություններում։

Օրական մի հաղորդագրություն են տարածում տարբեր ընկերություններում արձանագրված խախտումների, բացահայտված չարաշահումների, թաքցված հարկերի վերաբերյալ։ Եթե խնդիրը հարկերը չվճարելը կամ թաքցնելն է, ապա դա չի նշանակում, թե պետք է հարկադրաբար փակել տալ ընկերությունն ու դուրս շպրտել աշխատողներին։ Ընդհակառակը՝ պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի այն կարողանա վճարել ենթադրվող չվճարված կամ թաքցրած հարկերը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի այն շարունակի աշխատել։

Հարկեր չվճարելը ընկերության գործունեությունը դադարեցնելու պատճառ չէ։ Դադարեցնում են մի դեպքում, երբ նպատակ ունեն տանել սնանկացման ու պետության նկատմամբ պարտավորությունների չկատարման պատրվակով՝ խլել գույքն ու բիզնեսը։

Սա այն է, ինչ հիմա տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ։ Զրկելով աշխատելու ու չվճարված հարկերը վճարելու հնարավորությունից, եթե իրականում այդպես է՝ պայմաններ են ստեղծում բիզնեսի սնանկացման համար։ Հետո կվաճառեն իրենց սրտի գործարարներին ու օլիգարխներին, ովքեր երևի վաղուց աչք ունեն այդ բիզնեսների վրա։

Այս ամենը սեփականության վերաբաշխում է։ Օրենքի ու օրինականության անվան տակ՝ կեղծ հիմնավորումներով ունեզրկում են խոշոր սեփականատիրոջը, ինչ է թե՝ համարձակվել է քաղաքական հայտ ներկայացնել ու դեմ գնալ իշխանությանը։

Հարց է առաջանում, այդ ինչպե՞ս եղավ, որ այս համատարած չարաշահումներն, անօրինականությունները, հարկերը չվճարելը բացահայտվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սնանկացնելու է Գագիկ Ծառուկյանին, ունեզրկելու է նրան։ Եթե այդքան խախտումներ ու չարաշահումներ կային, ի՞նչ էին այնում այսքան ժամանակ պատասխանատու մարմինները։ Ինչո՞ւ այս ամենի մասին հիշեցին այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին։ Մի՞ թե նույնը կանեին, եթե չմասնակցեր։

Այս հարցերի պատասխանը կարծես բոլորին պարզ է։ Ու դա նշանակում է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ, քաղաքական հաշվեհարդար է՝ իր տնտեսական, ֆինանսական ու սոցիալական հետևանքներով։

Հարկադիր պարապուրդում հայտնված մի քանի տասնյակ ընկերություններում փակված աշխատատեղերի վերաբերյալ տարբեր թվեր են հնչեցվում՝ ընդհուպ մինչև 10-15 հազար։ Համարենք, որ ավելի քիչ է։ Բայց անգամ 1 աշխատատեղի փակումն է խնդիր, էլ ուր մնաց՝ հազարավոր աշխատատեղերինը։

Եթե այդ աշխատատեղերը շարունակեն փակված մնալ՝ հետևանքները շուտով կտեսնենք նաև աշխատատեղերի ցուցանիշների վրա։

Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում աշխատատեղերի հերթական ռեկորդներն էր հրապարակում։ Ասում էր՝ ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը՝  2026թ. մայիսին 823 հազար 584 աշխատատեղ է գրանցվել։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հայտարարած այդ պատմական ռեկորդը պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշներից առնվազն 1.5 հազարով ավել է, բայց խնդիրը դա չէ։ Պատմական ռեկորդների մասին խոսելիս լավ կլինի հիշել նաև, թե իշխանությունների կամայականությունների պատճառով քանի-քանի աշխատատեղեր են փակվել։

Աշխատատեղեր ստեղծելը, որոնց վերաբերյալ այդպես խրոխտ հայտարարություններ են անում, իրենց շնորհքը չէ։ Այդ աշխատատեղերը տնտեսվարողներն են բացում։ Եվ երբ անհարկի միջամտություններով, ճնշումներով դրանք փակում են ու հազարավոր մարդկանց շպրտում են փողոց, դա չի կարող անհետևանք մնալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031