ՌԴ-ն և ԱՄԷ-ն կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Աբդալա բեն Զաեդ Ալ Նահայանի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն։
Կատարվել է տեսակետների «ճշգրտում» Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակի շուրջ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող փոխադարձ հարվածների համատեքստում։
Երկու կողմերն էլ ընդգծել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի հնարավորինս շուտ վերսկսման կարևորությունը։ Շեշտվել է Հորմուզի նեղուցում կայուն, անխոչընդոտ և անվտանգ նավարկության պահպանման անհրաժեշտությունը, որն առանցքային նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար։
Քննարկվել են ռուս-էմիրաթական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հարցերը, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթական և մարզական կապերի ընդլայնումը։ Հաստատվել է արտաքին քաղաքական սերտ համակարգումը շարունակելու փոխադարձ շահագրգռվածությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում։

