Կարծում էին, թե չի գալու այն օրը, որ բացահայտվելու են իրենց ստերը

Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունների անգամներով աճը, որն այդքան փառավորել էր իշխանություններին, այս տարի փոխարինվել է անգամներով նվազման։ Գրեթե 3 անգամ նվազել է արտահանումը, 2 անգամ՝ ներմուծումը։

Անցած տարի, երբ հայտնի պատճառներով արտաքին առևտուրը մեծ տեմպերով ավելանում էր, ՔՊ-ական վարչախումբը դա համարել էր իր փառահեղ աշխատանքի արդյունքը, կարծում էին՝ չի գալու այն օրը, որ բացահայտվելու են իրենց ստերը։ Արտաքին առևտրի այս տարվա տխուր իրավիճակը վկայում է, որ նախկին աճերը բացարձակ կապ չունեին իշխանությունների «փառահեղ» աշխատանքի հետ։ Պարզապես իրադրությունից օգտվելով՝ որոշ օլիգարխներ փչում էին արտաքին առևտրի փուչիկը, որը շատ արագ պայթեց՝ ցույց տալով իշխանության «աննախադեպ» ձեռքբերումների սնանկությունը։

Նախորդ տարվա 6,1 մլրդ դոլարից՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 2,4 մլրդ դոլար։ Ներմուծումը 7,2 միլիարդից՝ դարձել է 3,8 մլրդ դոլար։

Արտահանումը կրճատվել է գրեթե 3,7 միլիարդով, ներմուծումը՝ 3,4 միլիարդով։

Կարդացեք նաև

Ներմուծման կրճատումն ամբողջությամբ բաժին է ընկել Ռուսաստանին, արտահանման կրճատումը՝ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններին։ Սա այն շղթան է, որով Հայաստանի միջոցով տեղի էր ունենում ոսկու հայտնի առևտուրը։ Երբ այս շղթան կտրվեց, կտրուկ նվազեցին ներմուծումները Ռուսաստանից և արտահանումներն ԱՄԷ։ Այն վճռորոշ դերակատարումը, որը Ռուսաստանն ուներ անցած տարվա Հայաստանի արտաքին առևտրի աճերի մեջ՝ հատկապես ներմուծումների խթանման առումով, դադարել է։ Եթե անցած տարի 4 ամսում Ռուսաստանից ներմուծվել էր 4,9 մլրդ դոլարի ապրանք, այս տարի ներմուծումը կազմել է 1,3 միլիարդ։ Նվազել է 3,7 անգամով կամ 3,6 մլրդ դոլարով։

Ռուսաստանի հետ արտաքին առևտրի շրջանառության փոփոխությունները, սակայն, միայն ներմուծումների կրճատումով չեն սահմանափակվել։ Նվազել է ոչ միայն ներմուծումը, այլև արտահանումը։ Այս տարի Հայաստանից ավելի քիչ արտահանումներ են իրականացվել ռուսական շուկա։ Դրանք կազմել են ընդամենը 891 մլն դոլար։

65 մլն դոլարի բացասական տարբերություն է արձանագրվել։ Դժվար է ասել, դա եղել է վերաարտահանումների՞, թե՞ հայկական ապրանքների կրճատման հաշվին։ Հայտնի է, որ այսօր էլ վերաարտահանումները բավական մեծ կշիռ ունեն Հայաստանից Ռուսաստան իրականացվող մատակարարումների մեջ։ Դրանց 65-70 տոկոսը շարունակում են մնալ վերաարտահանումները։ Խոսքն ընդհուպ 600 մլն դոլարի մասին է։ Եթե սա հանում ենք, իրականում Հայաստանից Ռուսաստան արտահանումների տակը գրեթե բան չի մնում։

Բայց դրանով հանդերձ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ ինչպես ներմուծումների, այնպես էլ՝ արտահանումների ոլորտում։ Ներմուծման՝ 34, իսկ արտահանման՝ գրեթե 36,8 տոկոսը բաժին է հասել այդ երկրին։ Ընդ որում, եթե ներմուծման կշիռը կրճատվել է, արտահանմանը՝ նախորդ տարվա 15,7-ից հասել է 36,8 տոկոսի։ Սա խոսում է այն մասին, թե ինչպիսի կախվածություն ունի Հայաստանի արտահանումը ռուսական շուկայից։ Որպեսզի ավելի հեշտ լինի պատկերացնել, ասենք, որ Եվրամիության բոլոր երկրների բաժինը միասին ընդամենը 7,4 տոկոսն է։

Եվրամիության երկրներ հայկական ապրանքների արտահանումն այս տարի շարունակել է կրճատվել։ Եվ դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ եվրաինտեգրման իր ձգտումների շրջանակներում կառավարությունը որոշել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի սուբսիդավորում տրամադրել եվրոպական շուկաներ հայկական ապրանքներ արտահանողներին։ Բայց արտահանման սուբսիդավորումից հետո էլ հայկական ապրանքների մատակարարումները ԵՄ անդամ երկրներ չի ավելացել, ընդհակառակը՝ նվազել է։ Նվազել է անցած տարվա բավականաչափ կտրուկ նվազումից հետո։

Հիշեցնենք, որ անցած տարվա այս ժամանակահատվածում Հայաստանից ԵՄ արտահանումները կրճատվել էին ավելի քան 22 տոկոսով՝ 235 միլիոնից նվազելով մինչև 182,6 միլիոնի։

Այս տարի նույնիսկ նվազած ցուցանիշին չի հաջողվել հասնել։ Արտահանումն էլի կրճատվել է։ Կրճատվել է ԵՄ երկրների մեծ մասի պարագայում. Բելգիա՝ ավելի քան 33 տոկոսով, Իտալիա՝ 22 տոկոսով, Լեհաստան՝ 18,5 տոկոսով, Ռումինիա՝ 19,1 տոկոսով, Իսպանիա՝ 76 տոկոսով, Ֆրանսիա՝ 8,2 տոկոսով։

Ի դեպ, հայ-ֆրանսիական այդքան ջերմ քաղաքական հարաբերությունների պայմաններում, Ֆրանսիան ոչ մի կերպ չի տեղավորվում Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների մեջ։ Հայկական ապրանքների արտահանումն այս տարի կազմել է ընդամենը 1,9 մլն դոլար։ Երկրորդ տարին անընդմեջ նվազում է տեղի ունեցել։ Անցած տարի էլ արտահանումը Ֆրանսիա կրճատվել էր ավելի քան 27 տոկոսով։

ԵՄ 1-2 երկիր կա, որոնց հետ արտահանման ծավալներն ավելացել են։ Դրանք էլ այն երկրներն են, որտեղ արտահանվում են հիմնականում հանքահումքային ապրանքներ։ Այդպիսի երկրներից են Գերմանիան ու Նիդեռլանդները։

Եվրամիության հետ Հայաստանի առևտրային հարաբերություններն այս պահին շատ ցածր մակարդակի վրա են։ Հույս էլ չկա, որ մոտ ապագայում դրանք կարող են ակտիվանալ։ Այն, ինչ տեղի է ունենում իշխանությունների եվրաինտեգրման ձգտումների շրջանակներում, տնտեսական հիմնավորումների տիրույթից դուրս է։ ԵՄ արտահանման խթանման համար պետական բյուջեից ու հարկատուների վճարած հարկերից հատկացված 38 մլն դոլարն էլ չի լուծում եվրոպական շուկաներում հայկական ապրանքների արտահանման ու մրցունակության հետ կապված խնդիրները։ Բայց այդ խնդիրները միայն եվրոպական շուկաներում չեն, ամենուրեք նույն վիճակն է։

Այս տարի արտահանման կտրուկ անկում է գրանցվել Արաբական Միացյալ Էմիրություններ ու Չինաստան։ Նախորդ տարվա 2,8 մլրդ դոլարի փոխարեն՝ ԱՄԷ արտահանվել է ընդամենը 702 մլն դոլարի ապրանք. 4 անգամ քիչ, քան անցած տարի։ Կրճատումը գերազանցում է 2,1 միլիարդը։

Ավելի քան 3,7 անգամով էլ արտահանումը կրճատվել է Չինաստանի պարագայում։ Նախորդ տարի եղել էր 588 մլն դոլարի, այս տարի իջել է 156 միլիոնի։

Ոսկու վրա կառուցված անցած տարվա արտահանման ու ընդհանրապես արտաքին առևտրի փայլերը, ինչպես տեսնում ենք, այս տարի ընդհանրապես խամրել են։ Չնայած իրականում էլ դրանք չկային, արհեստական փուչիկ էին փչել, դրա վրա էլ դարակազմիկ  հիմնավորումներ էին անում, ֆանտաստիկ ձեռքբերումներից խոսում ու մոլորեցնում հասարակությանը։

Այսօր տեսնում ենք, թե իրականում ինչ է կատարվում՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ արտաքին առևտրի ոլորտում։ Բոլոր հիմնական գործընկեր երկրների հետ առևտուրը խոր անկման մեջ է։ Վերջին տարիներին արտաքին առևտրի համար ստեղծված նպաստավոր գործոնները թուլացել են, իսկ ներքին տնտեսության արտահանման պոտենցիալը ոչ մի կերպ չեն կարողանում ավելացնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս