
Բարձր աճերի իմիտացիա՝ չբարձրաձայնվող անկումների պայմաններում

Աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Հայաստանի տնտեսությունը կանգնել է արտաքին հատվածից թելադրված լուրջ անորոշությունների առաջ։ Նախորդ մի քանի տարիների բարձր տնտեսական աճերի համար պայմաններ ստեղծած գործոնները մեծապես թուլացել են ու շուտով կարող են ընդհանրապես վերանալ։
Անցած տարի, ցուցանիշները ձևել-վերաձևելուց հետո, մի կերպ կարողացան 5,9 տոկոս տնտեսական աճ ստանալ։ Բայց այս տարի դա էլ հարցական է։
Տարին տնտեսության համար լավ չի մեկնարկել։ Արտաքուստ թվում է, թե բավական բարձր է տնտեսական ակտիվությունը, բայց դրա կառուցվածքն է խիստ մտահոգիչ։
Հիշեցնենք, որ հունվարին պաշտոնական վիճակագրությունը, նախորդ տարվա համեմատ, 7,1 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցել։
Աճը եղել է բացառապես առևտրի, ծառայությունների ու շինարարության հաշվին։
Սակայն շինարարության աճը չափազանց խախուտ է։ Եկամտային հարկի վերադարձի օրենքը Երևանի համար չեղարկելուց հետո, սպասվում է, որ առաջիկայում շինարարության ծավալները մեծապես կնվազեն։
Գաղտնիք չէ, որ վերջին տարիների շինարարության բարձր աճերը կապված էին հիմնականում հիփոթեքով իրականացվող և եկամտային հարկի վերադարձով ապահովագրված բնակարանային շինարարության հետ։ Օրենքի չեղարկումից հետո, նախկին ակտիվությունը կառուցապատման ոլորտում այլևս չի լինելու։ Նախկինից սկսված շինարարությունը դեռ որոշ ժամանակ կշարունակվի, բայց ծավալներն արդեն նախկինը չեն լինի։ Տարեսկզբին դա շինարարության ցուցանիշներում գուցե այնքան էլ նկատելի չէ։ Սակայն տարվա կեսերին նկատելի կդառնա։
Այս տարի այլևս անիմաստ է լինելու շինարարության հետ, տնտեսական աճի համար, մեծ հույսեր կապելը։ Տնտեսական աճը մնալու է առևտրի ու ծառայությունների հույսին։
Արդեն տարեսկզբին տեսնում ենք, թե որքան մտահոգիչ է իրավիճակն արդյունաբերության ոլորտում։ Անցած տարին, ձգելով՝ հազիվ 4,7 տոկոս աճով կարողացան փակել, այս տարվա սկզբին դա էլ չկա։ Ընդհանրապես աճ չկա։
Պաշտոնական վիճակագրությունը հունվարին արդյունաբերության երկնիշ անկում է գրանցել։ Նախորդ տարվա համեմատ՝ արտադրության ծավալները 10,4 տոկոսով կրճատվել են։
Խայտառակ վիճակ է։ Բայց դրանով զբաղվելու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարը, ում անմիջական պարտականությունների մեջ է մտնում արդյունաբերության ոլորտի գործունեության համակարգումը, ակտիվ ֆեյսբուքյան գործունեություն է ծավալում, հասարակությանը մոլորեցնող գրառումներ է կատարում, տնտեսական հաջողությունների պատրանք է փորձում ստեղծել։
Տնտեսական հաջողություններով այդքան ոգևորված էկոնոմիկայի նախարարը գուցե մի գրառում էլ արդյունաբերության երկնիշ անկման վերաբերյալ կատարի։ Ասի, թե ի՞նչ է տեղի ունենում արդյունաբերության մեջ, ինչո՞ւ է երկնիշ անկում գրանցվել, ո՞վ է դրա մեղավորն ու պատասխանատուն։
Անկումներից չեն խոսում, որովհետև հասարակությանը դրանցով չեն կարող կերակրել։
Արդյունաբերության այս ցուցանիշներն են բնութագրում մեր տնտեսության վիճակը։ Առևտրով ու ծառայություններով տնտեսություն չեն զարգացնում, որքան էլ դրանց արդյունքում երբեմն կարող են բարձր տնտեսական աճեր գրանցվել։ Այն, ինչ վերջին մի քանի տարիներին տեսանք Հայաստանի տնտեսության մեջ։ Տնտեսությունը բարձր աճեր արձանագրեց, բայց տնտեսության իրական հատվածում ոչ մի զարգացում տեղի չունեցավ, ներքին տնտեսությունը նույնիսկ զիջեց դիրքերը։
Դա տեսնում ենք նաև այս տարվա սկզբի արդյունաբերության ցուցանիշներում։
Նախորդ տարվա հունվարին ոլորտի թողարկումը կազմել էր 206 մլրդ դրամ, այս տարի կազմել է 190 մլրդ դրամ։ 16 մլրդ դրամով կրճատվել է։
Բայց կրճատումները միայն արդյունաբերության մեջ չեն։ Հարվածի տակ է հայտնվել նաև արտաքին առևտուրը։ Վերաարտահանումների վրա հիմնված արտաքին առևտրի այն հսկայական շարժերը, որոնք փորձում էին մատուցել՝ որպես մեծագույն ձեռքբերում, կտրուկ նահանջել են։
Տարեսկզբին արտաքին առևտրի շրջանառությունը 40 տոկոսով կրճատվել է։ Նախորդ տարվա ավելի քան 2,1 մլրդ դոլարից իջել է շուրջ 1,4 միլիարդի։
Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Արտահանման կրճատումն ավելի կտրուկ է. հունվարին, նախորդ տարվա համեմատ, գրեթե կիսով չափ պակաս արտահանում է կատարվել։
Անցած տարի արտահանումը կազմել էր 868 մլն դոլար, այս տարի եղել է ընդամենը 482 միլիոն։
Նվազել են վերաարտահանումները, ինչի հետևանքով արտահանումը գահավիժել է։ Դրա հետևանք է նաև ներմուծման կրճատումը։
Ներմուծման անկումը հասնում է 34 տոկոսի։
Ինչպես տեսնում ենք, արտահանման ու ներմուծումների նախորդ տարիների կրկնակի-եռակի աճերը, որոնք էական դեր էին կատարում՝ ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ՝ տնտեսական բարձր աճերի ձևավորման գործում, ու որոնցով այդքան հպարտանում էին իշխանությունները՝ դա ներկայացնելով տնտեսության դիվերսիֆիկացիայի անվան տակ, մեծամասամբ անցյալում են մնացել։ Ընդհանրապես չեն վերացել, բայց մեծապես կրճատվել են։ Ու առաջիկայում դեռ շարունակելու են կրճատվել։
Մինչև ուր կհասնեն՝ կախված կլինի արտաքին քաղաքական զարգացումներից և ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման շուրջ ընթացող պրոցեսներից։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով պայմանավորված, ժամանակին իշխանությունները կարողացան քաղաքական դիվիդենտներ շահել՝ իրենց կամքից անկախ, տնտեսական բարձր աճեր գրանցելով։ Բայց այդպես էլ այդ հնարավորություններն ու հսկայական ռեսուրսները չկարողացան կապիտալիզացնել՝ վերածելու երկարաժամկետ տնտեսական աճերի, որոնք հիմնված կլինեին ներքին տնտեսության զարգացումների վրա։
Զարմանալի չէ, որ այսօր տնտեսության իրական հատվածը, մասնավորապես՝ արդյունաբերությունը, կանգնած է փաստի առաջ՝ ոչ միայն աճ չկա, այլև տարին երկնիշ անկումով է մեկնարկել։ Ու դեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա։
Այսպիսի հայտարարություններով էլ խաբում են հասարակությանն ու թաքցնում տնտեսության իրական վիճակը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ