Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Այգեշատ գյուղում Երևանի բնակիչ 36-ամյա Լևոն Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, հայտնվել ավտոլվացման կետում՝ վրաերթի ենթարկելով հետիոտն 11-ամյա Է․ Բ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով Է․ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիշա Բաբայանը և Շուշանիկ Հակոբյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների աշխատակիցները, ովքեր սկսել են աշխատանքները վնասված գազատար խողովակը նորոգելու ուղղությամբ։
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Արամ Ղուկասյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

