
Կարկառուն ՔՊ-ական Գևորգ Պապոյանի «կուրացիայի» տակ գտնվող տնտեսության բլոկը կոլապսային վիճակում է

Իշխանության արձանագրած տնտեսական ձեռքբերումների վերաբերյալ պարբերաբար, երբեմն էլ՝ անպարկեշտ արտահայություններով գրառումներ կատարող, պետական պարտքի ցուցանիշների հետ մանիպուլյացիաներ անող էկոնոմիկայի նախարարին չէր խանգարի մի քիչ էլ իր ղեկավարած գերատեսչության «ցնցող հաջողություններով» կիսվել։ Տնտեսությունը ու հատկապես տնտեսության այն հատվածը, որը գտնվում է կարկառուն ՔՊ-ական Գևորգ Պապոյանի «կուրացիայի» տակ, կոլապսային վիճակում է, իսկ նախարարը լռում է։
Տարեսկզբի առաջին երկու ամիսներին արդյունաբերության մեջ 20 տոկոսին մոտ անկում է գրանցվել։ Մշակող արդյունաբերության մեջ արտադրության ծավալները նվազել են ավելի քան 26 տոկոսով։
Տպավորություն է, թե սա պայմանավորած է բացառապես նրանով, որ դադարել են անցած տարվա ոսկու «մախինացիաների» վրա կառուցված բարձր աճերը։
Հիշենք, թե ժամանակին ինչպիսի ջերմեռանդությամբ էին խոսում այդ աճերի մասին։ Ասում էին՝ ոսկու վերամշակումն է ավելացել, նոր արտադրություններ են բացվել, եղած հզորություններն են ընդլայնվել։ Այս տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ ամբողջը կեղծիք էր, ոչ մի հզորություն էլ չէր ավելացել ու նոր արտադրություններ չէին բացվել։ Ընդամենը զեղծարարություն էր տեղի ունենում՝ դրսի արտադրանքը ներկայացվում էր հայկականի անվան տակ, որն այս տարի այլևս չկա։
Ոսկեգործության ճյուղում նույնիսկ արտադրության նախկին ծավալները, որոնք կային մինչև հայտնի «օպերացիաները», անհետացել են։ Ծավալները շեշտակի կրճատվել են։ Ոչ միայն այն պատճառով, որ նախորդ տարվա վերաարտահանումներն են դադարել, այլև այն պատճառով, որ մինչ այդ եղած իրական արտադրության ծավալներն են մեծապես նվազել։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա փետրվարին Հայաստանում արտադրվել է ընդամենը 1,5 մլրդ դրամի ոսկերչական արտադրանք։ Գրեթե 81 տոկոսով քիչ, քան անցած տարի։
Հունվար-փետրվարին էլ ոսկերչական արտադրանքի ծավալը կազմել է հազիվ 3,5 մլրդ դրամ։ Սա ոչ միայն 69 տոկոսով պակաս է անցած տարվա ցուցանիշից, այլև գրեթե 3 անգամ պակաս է, քան 2023թ. էր, երբ դեռևս չկար հայտնի ոսկու բումը, որի վրա կառուցում էին Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության նախորդ տարվա բարձր աճերը։
Եթե 2023թ. առաջին 2 ամիսներին Հայաստանում արտադրվել էր գրեթե 10 մլրդ դրամի, այս տարի արտադրվել է 3,5 միլիարդից էլ պակաս ոսկերչական ապրանք։
Ստացվում է, որ ոսկու հայտնի բումից հետո, Հայաստանում ոչ միայն նոր արտադրություններ չեն բացվել ու հզորությունները չեն ավելացել, այլև եղածն էլ փակվել է, ծավալներն են կրճատվել։
Հիմնական մետաղների արտադրությունը, որի անցած տարվա բարձր աճերը կրկին հիմնված էին ներմուծվող ոսկու վրա, այս տարվա առաջին 2 ամիսներին կրճատվել են 77 տոկոսով։
Բայց այնպես չէ, որ արդյունաբերության գահավիժումը միայն ոսկով է պայմանավորված։ Բազմաթիվ ճյուղերում տեղի է ունեցել արտադրության ծավալների կրճատում։
Տարեսկզբին Հայաստանում 25,5 տոկոսով ավելի քիչ խմիչք է արտադրվել, քան արտադրվել էր անցած տարի։ Կոնյակի սպիրտի արտադրությունն է նվազել ավելի քան 45 տոկոսով, գինիներինը՝ ավելի քան 33 տոկոսով, օղունը, լիկյորինը և այլ սպիրտային խմիչքներինը՝ 4 տոկոսով։
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն է կրճատվել գրեթե 8 տոկոսով։
Այս տարի Հայաստանում 16,5 տոկոսով ավելի քիչ հագուստ է արտադրվել, 17,5 տոկոսով ավելի քիչ կաշվե արտադրատեսակներ են արտադրվել, 11 տոկոսով ավելի քիչ կահույք է արտադրվել։
Հանքարդյունաբերության ճյուղում 2 ամսում անկումը գերազանցել է 19 տոկոսը։ Փետրվարին անկումը հասել է գրեթե 30 տոկոսի։ Ընդամենը 58,5 մլրդ դրամի արտադրանք է թողարկվել, որը պակաս է ոչ միայն նախորդ տարվանից, այլև 2023թ.։ Գրեթե կրկնակի պակաս, քան 2022թ. էր։
Պղնձի խտանյութի արտադրության ծավալները կրճատվել են գրեթե 30 տոկոսով, մոլիբդենինը՝ 35 տոկոսով, ֆերոմոլիբդենինը՝ ավելի քան 31 տոկոսով։
Ու սրա պատճառը ոչ թե այն է, որ ՔՊ-ականների իշխանությունը հրաժարվել է հանքերի շահագործումից, ընդերքի հարստությունները հանել ծախսելուց, այլ այն, որ եղած ռեսուրսների մի մասը հանձնել են թշնամուն ու անհնարին դարձրել դրանց շահագործումը, իսկ մի մասի պարագայում այնպիսի պայմաններ են ստեղծել, որ ստիպված դադարեցրել են գործունեությունը կամ կրճատել արտադրության ծավալները։
Տարեսկզբին այլումինե թիթեղների արտադրության անկումը կազմել է 4,3 տոկոս։
Տուֆի արտադրությունն է 35,4 տոկոսով նվազել։ Այլ միներալների արտադրությունը, որոնց ծավալները գրեթե հասնում են պղնձի արտադրությանը, կրճատվել են 33,1 տոկոսով։
Ցեմենտի, գիպսի ու գաջի արտադրությունն է պակասել։ Ցեմենտի արտադրությունը կրճատվել է՝ 16,1, գիպսինն ու գաջինը՝ ավելի քան 40 տոկոսով։
Անշուշտ, արդյունաբերության որոշ ճյուղերում նաև արտադրության ծավալների աճ է գրանցվել։ Բայց հաճախ այն բանի շնորհիվ, որ նախորդ տարիներին են անկումային եղել։
Օրինակ, սննդամթերքի արտադրությունը, որն անցած տարի նվազել էր գրեթե 3 տոկոսով, նախանցած տարի՝ 0,5 տոկոսով։ Երկու տարվա անկումից հետո այս տարի 6,6 տոկոս աճ է գրանցվել։
Այսպիսի աճերով դժվար չէ պատկերացնել, թե ուր է հասնելու սննդամթերքի արտադրությունը, որը հանդիսանում է մշակող արդյունաբերության ու ընդհանրապես արդյունաբերության ամենախոշոր հատվածը։
Կամ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունը, որն այս տարի, թվում է՝ ռեկորդային բարձր տեմպերով աճել է։ Արտադրության ծավալները 2,6 անգամով ավելացել են, բայց անցած տարվա կտրուկ անկումից հետո։
Զարմանալի չէ, որ այդքանից հետո արտադրության ծավալները չեն հասել անգամ 2021թ. մակարդակին։ Չորս տարի առաջ Հայաստանում ավելի շատ համակարգիչներ, էլեկտրոնային ու օպտիկական սարքավորումներ էին արտադրվում, քան արտադրվել են այս տարի՝ ընդհուպ 2,6 անգամ աճից հետո։
Այսպես են արդյունաբերություն զարգացնում՝ երկու քայլ հետ, մեկ քայլ առաջ։ Եթե, իհարկե, մեկ քայլ առաջն էլ հաջողվում է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ