Հայոց ցեղասպանության մոռացման գնով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը մեզ նոր աղետների է մատնելու․ Աշոտ Հայրունի

Հայոց ցեղասպանությունը մեզ համար ոչ միայն պատմության կարևոր էջ է, այլև մեր ինքնության գլխավոր բաղկացուցիչը, և նկատի ունենալով, որ տարածաշրջանում վերջին հարյուրամյակում շատ բան չի փոխվել մեր չարաբաստիկ հարևանների առումով, մեզ համար Ցեղասպանության մոռացումը կարող է աղետաբեր լինել։ Այսօր ոչինչ չի փոխվել, նույն Թուրքիան է՝ նույն գործելակերպով, նույն նպատակներով, պանթուրքական ձգտումներով, որոնց իրականացման ճանապարհին Հայաստանը սեպ է։ Պատահական չէ, որ Բաքվում Էրդողանը փառք էր տալիս Էնվեր փաշայի հոգուն։ Դա վկայում է, որ նա իրեն նույնացնում է Էնվերի հետ, հետևաբար՝ նույնն են նաև հայ ժողովրդին ուղղված մարտահրավերները, և եթե նկատի չառնենք պատմության դասերը, մենք մեզ աղետի ենք մատնելու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին:

«Ասվում է, թե իբր բանակ չենք ունեցել, բայց պետք է հետևել փաստերին՝ մենք հաղթած պետություն էինք, ծնկի էինք բերել Ադրբեջանին ագրեսիվ պատերազմ սանձազերծելուց հետո, ապահովել էինք Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Ցավոք, ո՛չ նախկինում, ո՛չ էլ առավել ևս ներկայումս Սփյուռքի ներուժը չենք օգտագործում։ 44-օրյա պատերազմում համոզվեցինք, որ արևմտյան կարծիքն Արցախի հարցում լիովին կողմնորոշված է դեպի Ադրբեջանը, նրանք համարում են, թե միջազգային իրավունքի տեսակետից Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Սա հետևանք է Ադրբեջանի հետևողական քարոզչության, որի համար նրանք ոչինչ չեն խնայում և արևմտյան գիտակցության մեջ զրոյից ճշմարտություն են ստեղծել»,- ասաց պատմաբանը:

«Այն կեղծ թեզը, թե իբր Արցախը պատկանում է Ադրբեջանին, գիտականորեն լիովին հերքելի է, Ադրբեջանը որևէ կռվան չունի այն ապացուցելու։ Մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների պարագայում մենք պետք է համակարգված կերպով ապացուցենք հակառակը։ Շատ մտահոգիչ է պետական օղակներում և հասարակական շրջանակներում արտաքին քաղաքականության և մեր կողմնորոշման վերաբերյալ միասնական կարծիքի բացակայությունը, փոխարենը քաոս է։ Մեր պատմությունն այն հարցին, թե նման իրադրությունում ինչպիսի կողմնորոշում պիտի ունենանք, հստակորեն պատասխանել է։ Ժամանակին հայ ազատագրական միտքը որդեգրեց արտաքին ուժերով Հայաստանն ազատագրելու մարտավարություն, և մեր հոգևոր գործիչները բախում էին Եվրոպայի դռները, բայց վերադառնում էին ձեռնունայն և հուսահատ։ Ի վերջո, Իսրայել Օրին հասկացավ, որ միայն Ռուսաստանից կարելի է ակնկալիք ունենալ, և այդ մոտեցումն արդյունավորվեց»,- նշեց Աշոտ Հայրունին:

Կարդացեք նաև

Պրոֆեսորի կարծիքով՝ Առաջին Հանրապետության հայրերը, ի տարբերության այսօրվա վարչախմբի, հայրենասեր անձինք էին, այլ բան, որ նրանք չկարողացան գնահատել ժամանակի աշխարհաքաղաքական իրողությունները.

«Ցավոք, պատմության դասերը յուրացված չեն։ Պատմությունն իր աքսիոմատիկ օրինաչափություններով մեզ թելադրում է, որ պետք է փոփոխվի առկա ուղեգիծը։ Եթե Հայկական հարցը լուծման նախաձեռնություններ է ունեցել որևէ պետության կողմից, դա եղել է Ռուսաստանը, բայց դրանք վիժեցվել են արևմտյան տերությունների ջանքերով։ Միաժամանակ, դա պայմանավորված է ոչ թե ռուսական պետության մարդասիրությամբ, այլ մեր տարածաշրջանում արդեն մոտ 200 տարի ընթացող Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ։ Արևմուտքի գործելակերպը թելադրված է այստեղից Ռուսաստանին հանելու մտադրությամբ, դա նրանց գլխավոր նպատակն է, որի համար նրանք կզոհաբերեն ամեն ինչ, այդ թվում՝ հայերին»:

«Տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը պետք է դիտարկել Ռուսաստան-Թուրքիա դարավոր հակամարտության համատեքստում։ Թուրքիան մշտապես եղել է Ռուսաստանի թշնամին, եթե անգամ առանձին դեպքերում մերձեցում է եղել՝ ռուս-արևմտյան սրացման պատճառով։ Մենք Ռուսաստանի կողմից ընձեռված հնարավորությունները չօգտագործելով և ընկնելով հատկապես Անգլիայի հետևից՝ թուրքական բանակը հասցրինք ընդհուպ Ալեքսանդրապոլ, կնքեցինք Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիրը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մոխտարը պնդում էր, որ Հայաստանը զինաթափելով՝ այն պետք է ամբողջությամբ խեղդամահ անել։ Թուրքական սալի և ռուսական մուրճի միջև գտնվելու մասին Վրացյանի պնդումներն իրականում առասպել են, նրանք իրենց ձախողումներն արդարացնում էին այդ հանգամանքով։ Այսպիսի հարևանների առկայության դեպքում Հայաստանի շահերը միանշանակ կապված են Ռուսաստանի հետ, և պետք է ամեն ինչ անել՝ նույն սխալները թույլ չտալու համար»,- ամփոփեց Աշոտ Հայրունին:

Տեսանյութեր

Լրահոս