«Չկա ղեկավարություն, մտանք Փաշինյանի մոտ, ասում է՝ իմ ձեռքին բան չկա, մինչև ռուսն ու թուրքը չտան՝ չեմ կարողանա բերել». Անհետ կորած զինվորի մայր
Հունիսի 21-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացրել Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ պահանջում էին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպում՝ պարզելու, թե ինչու կառույցը որևէ տեղեկատվություն չի հաղորդում իրենց որդիների ճակատագրի մասին։
Մի քանի ժամ ԱԱԾ շենքի մոտ սպասելուց հետո, նրանց ներսից տեղեկացրել էին, որ ԱԱԾ-ում կընդունեն ծնողներին, սակայն չէին ասել, թե կոնկրետ ում հետ է լինելու հանդիպումը: Ծնողները պահանջում էին հենց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպում։
168.am-ի հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ասաց, որ հանդիպումը տեղի է ունեցել, սակայն իրենց ընդունել է ոչ թե Արմեն Աբազյանը, այլ նրա տեղակալներից մեկը։
«Աբազյանի տեղակալի հետ ենք հանդիպել, անունն այս պահին չեմ հիշում, մեզ ո՛չ լավ ձևով պատասխանեցին, ո՛չ էլ վատ։ Դրական նորություն էլ չկա, իրենք մեզ ասացին, որ ամեն ինչ անում են, և ամեն ինչի փակագծերը չէ, որ պետք է բացեն ու մեզ ասեն, թե ինչ աշխատանքներ են տանում։ Մեզ վստահեցրեցին, որ ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան մեր գերիներին հետ բերեն։ Իրենք այս գործը, արդեն 2 տարի ամիս է՝ գիտեն, տղաների գերեվարվելու հենց հաջորդ օրվանից տեղյակ են։ Տղաներն անհետացել են 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Մենք անգամ Հաագայի ու այլ դատարաններ ենք դիմել, այնպիսի տեղ չկա, որ չենք դիմել։ Խծաբերդից հետո, մեր քիմիկների գործն աղմուկ հանած գործ է, դրա համար մենք երեկ բողոքում էինք ու հանդիպում պահանջում՝ հասկանալու համար՝ այդ կառույցն առհասարակ մեր տղաների ճակատագրով զբաղվո՞ւմ է»,- նշեց Հռիփսիմե Հակոբյանը, ապա շարունակեց փոխանցել, թե ինչ են իրենց ասել ԱԱԾ-ում:
«ԱԱԾ-ից մեզ ասել են, որ կա 700-800 անհետ կորած, փաստագրված գերիներ՝ 198 հոգի, որոնց վերաբերյալ կան փաստեր, տեսանյութեր։ Կոնկրետ իմ տղայի վերաբերյալ տեսանյութ ունենք, այն տարածքում, որտեղ իրենք եղել են, ԱԹՍ չի տրաքել, պայթյուն չի եղել։ Այսինքն՝ տպավորություն է, որ իրենց հենց նպատակային տարել ու տվել են թուրքի ձեռքը, որովհետև իրենք երեք պոստ են անցել, երեք պոստերում էլ իրենց զգուշացրել են՝ թուրքը կանգնած է։ Հետո 2020 թվականի հոկտեմբերի 19-ին հենց Առաջին ալիքով ցույց տվեցին, որ Կովսականի տարածքը թուրքը գրավել է, ու իրենց դրոշը տեղադրում էին դպրոցի պատին։ Մենք չէինք պատկերացնում, որ մեր տղաներին հենց այդտեղ կտանեն, լուսադեմին՝ ժամը 05։00-ին են տարել, ընդամենը 40 րոպե են նրանք կռվել։ Հրաման է եղել, որ պետք է տանեն տղաներին Կովսական՝ ուղղակի տարածքը «սանրելու» համար, բայց չեն ասել, որ այդ տարածքներն արդեն գրավված են, ու 400-ից ավելի թուրքեր են լցվել։ Անգամ մեր տղաներին զենք չեն տվել, պաշտպանիչ հագուստ չեն տվել, անգամ նռնակ չեն տվել, որ գոնե ամենավերջում իրենց պաշտպանեն ու գոնե գերի չընկնեն։ Գնացել են, ավտոբուսներից իջել են ու տեսել են, որ դեմի սարի վրա, եղևնիների հետևում մարդիկ էին նստած, հարցրել են՝ հա՞յ եք, պատասխանել են, որ՝ հա, այնինչ թուրք են եղել, ու այդտեղից սկսվել է կռիվը։ 20 հոգին փախել են, ունեցել ենք 13 զոհ, բայց 13 զոհ չկա, որովհետև անձամբ մենք ենք կազմակերպել, որ այդ փոսը բացել են, մեր տղաներին այրել ու լցրել էին այդ փոսը։ Այդ փոսից մենք հանել ենք ընդամենը 8 գանգ ու մնացած մասունքները, դիահերձարաններում այնպիսի փնթի աշխատանք արեցին, որ անգամ ծնողներից մեկին 3 ոտք էին տվել, ինչպե՞ս է նման բան հնարավոր։
Չկա ղեկավարություն, գործին ընթացք չեն տալիս, չեն զբաղվում։ Ավելի շուտ մտել էինք Փաշինյանի մոտ, ասում էր՝ իմ ձեռքին բան չկա, մինչև ռուսն ու թուրքը չտան, ես չեմ կարողանա բերել»,- շեշտեց Հռիփսիմե Հակոբյանը։
Միաժամանակ տիկին Հռիփսիմեն տեղեկացրեց, որ իրենք նաև պահանջել են Արմեն Աբազյանի հետ հանդիպում, դրա վերաբերյալ իրենց լրացուցիչ տեղյակ կպահեն։
Հիշեցնենք, որ «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործով դատաքննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում:
Հ. Գ. Տիկին Հռիփսիմեի խնդրանքով չենք հրապարակում նրա որդու անունը։