«Տարայի մեջ սկսել եմ 10 դրամանոցներ հավաքել. թող բռնվի, դրամահավաք կանեմ, թող խայտառակ լինի աշխարհով մեկ». Սոֆյա Հովսեփյան

Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ՝ պահանջելով, որպեսզի նախկին պատգամավորը հրապարակային ներողություն խնդրի և հերքում տարածի «զրպարտություն և վիրավորանք պարունակող արտահայտությունների համար»։

Դատական հայցի համար հիմք է հանդիսացել  կայքերից մեկում հրապարակված Սոֆյա Հովսեփյանի հարցազրույցը, որտեղ նա կոշտ քննադատություն է հնչեցնում Փաշինյանի հասցեին։

168.am հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ որևէ բանի համար չի փոշմանել, քանի որ նույնն է, եթե իրեն հարցնեն, թե արդյո՞ք փոշմանել է, որ ՔՊ-ի հետ չի շարունակել անցնել քաղաքական ճանապարհ։

«Իմ կյանքի ամենաճիշտ քայլն եմ արել, որ ՔՊ-ի հետ այդ ճանապարհը չեմ անցել։

Կարդացեք նաև

Այդ հայտարարությունը նախ վիճարկելի է, չեմ կարող որևէ բան ասել, քանի որ շատ հակասական բաներ կան, որտեղ ինքը կեղտոտ վերմակն իր վրա է քաշել, երևի այդպես է իրեն հարմար։ Եթե քաշել է, ապա դատարանում պարզ կլինի, թե ինչն ինչից հետո է։ Եթե վարույթ վերցվի հայցը, ապա դատական գործընթաց կլինի»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է հայցով Սոֆյա Հովսեփյանից պահանջվող գումարին, մեր զրուցակիցը նկատեց.

«Բացի այն, որ իրեն ինչքան տաս գումար, այնքան պետք է, նաև վախեցնելու միտում ունի։ Փորձում է իմ միջոցով վախեցնել հասարակության այն շերտերին, ովքեր չկան քաղաքական պրոցեսների մեջ և ազնիվ արտահայտում են իրենց աչքի տեսածը և, բնականաբար, ինչ-որ բաներ են ասում, կարծիք հայտնում։ Իր ամբողջ արածի նպատակը սա է, պրծնել գլխացավանքից և հանգիստ իրականացնել իր ծրագրերը։

Չեմ զարմանա, որ հերթով բոլորը դատի տան, բայց իրենք շատ սխալ հաշվարկ են արել՝ մոռանալով, թե ում հետ գործ ունեն։ Եթե իրենք չորրորդ գծի դիրքապահ են, դիրքապահ էլ չեն՝ «տուշոնկա» ուտող են, ապա ես միշտ առաջնագծում եմ եղել և չեմ էլ վախեցել։ Այո, իրենցից անհանգստություն ունեմ, որովհետև իմ պայքարը ներքին թշնամու դեմ է, իրենք բավականին անողոք են»։

Նա նաև փոխանցեց, որ սկսել է 10 դրամանոցներ հավաքել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նկարը մեծացնի և սպասի դատարանի որոշմանը, որպեսզի գնա Կառավարության շենքի մոտ և դրամահավաք անի և գումարը տա։

«Պատգամավոր եղած ժամանակ գումար չկուտակեցի, հակառակը՝ իմ գումարներով իրենց փոխարեն պոստ էի սարքում, ցեմենտ ու քար էի հասցնում առաջնագիծ, իրենք այս ամենից լավ տեղյակ են, ու դա անում եմ նաև այսօր։ Այնպես որ, ես որևէ կերպ կուտակված գումար չունեմ Փաշինյանին տալու։ Եթե ինքն ուզում է գումարներով հարստանալ, ապա դրամահավաք կանեմ, թող ինքը խայտառակ լինի ամբողջ աշխարհով մեկ։ Շատերն արդեն միացել են, տարայի մեջ 10 դրամ են հավաքում, այնպես որ՝ թող բռնվի»,- ընդգծեց Սոֆյա Հովսեփյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից պահանջում է 2 մլն դրամ՝ վիրավորանք պատճառելու համար, 4 մլն դրամ էլ պահանջում է զրպարտության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031