«Ավելի շատ լրագրողների ուշադրության կենտրոնում ենք, քան Կառավարության, եթե Փաշինյանը չընդունեց՝ նստացույցը շարունակելու ենք». Անհետ կորածի մայր
Հուլիսի 26-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավոր նստում է նաև Նիկոլ Փաշինյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ նստացույց կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը չընդունի և չլսի իրենց։
Չնայած ծնողները ժամեր շարունակ փակել էին ճանապարհը, սակայն նրանց, Ոստիկանության ծառայողներից ու պաշտոնյաներից բացի, Կառավարության որևէ անդամ չէր մոտեցել։
168.am-ի հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ասաց, որ նստացույցը դադարեցրել են մինչև օգոստոսի 10-ը։
«Մենք դիմում ենք գրել բոլոր ծնողների անունից և մինչև օգոստոսի 10-ը ժամանակ ենք տվել Նիկոլ Փաշինյանին, որպեզի մեզ ընդունի։ Եթե օգոստոսի 10-ին մեզ կրկին չընդունեց, ապա նույնը շարունակելու ենք։ Այդ ամբողջ ժամանակահատվածում, ինչ մենք նստացույց էինք իրականացնում, Կառավարությունից մեզ որևէ մեկը չընդունեց։ Մենք ավելի շատ լրագրողների ուշադրության կենտրոնում ենք, քան Կառավարության, Փաշինյանի մոտից որևէ մեկը չեկավ, մեզ չմոտեցավ»,- նշեց Հռիփսիմե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ չի կարող ասել, օգոստոսի 10-ին Նիկոլ Փաշինյանն իրենց կընդունի՞, թե՞ ոչ։
«Եթե այդ կարգավիճակն իրեն ձեռնտու է, թող չընդունի, բայց միևնույն է, բողոքի ակցիաներն անելու ենք այնքան ժամանակ, մինչև մեզ ընդունի ու լսի։ Մենք իրեն ասում ենք՝ թող ԱԱԾ-ի միջոցով այնպես անի, որպեսզի մենք հասկանանք, մեր երեխաները ո՞ղջ են, թե՞ ոչ։ Թող անի այն, ինչ իրենից կախված է, գոնե այդ հարցերում մեզ օգնի, բայց դա էլ չի ուզում անի»,- եզրափակեց Հռիփսիմե Հակոբյանը։