«Եթե Փաշինյանը չէր կարողանում մեր տղաների հարցը լուծել, ինչո՞ւ է տարածքներ ու գյուղեր տալիս թշնամուն, ինչի՞ դիմաց է անում». Անհետ կորած զինծառայողի մայր
Այսօր վաղ առավոտից Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա իրականացրեցին Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ այս պահին նստում է նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ հետո նստացույց հայատարարեցին՝ փակելով փողոցը։
168.am-ի հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ասաց, որ իրենց միացել են նաև այլ զորամասերի անհետ կորած զինծառայողների ծնողներ՝ պահանջելով, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի։
«Մեզ Նիկոլ Փաշինյանը չի ուզում ընդունել, լսել, մեր հարցերին պատասխանել, դրա համար էլ մենք փակել ենք Բաղրամյան փողոցը։ Մտածեցինք, որ մեր այս քայլից հետո կընդունի, բայց մեկ է՝ չի ընդունում։ Այդ մարդուց բացարձակապես որևէ արձագանք չկա, նա որևէ պատճառաբանություն չի բերում, թե ինչու մեզ չի ընդունում»,- նշեց Հռիփսիմե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի այսօրվա ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար՝ իրենց հարցերի հասցեատերը հենց նա է։
«Եթե չէր կարողանում գերիների ու անհետ կորածների հարցը լուծել, ինչո՞ւ է քարտեզներ, Հայաստանի տարածքներ ու գյուղեր տալիս թշնամուն, ինչո՞ւ, դա ինչի՞ դիմաց է անում, գուցե կարողանում է, բայց չի ուզում անել՝ ամեն ինչ իր ձեռքերում է։
Այս պահին մեզ այլ ծնողներ ևս միացել են, բայց հիմնականում «Քիմիկների զորամասի» ծնողներով ենք։
Մենք պահանջում ենք, թող մեր երեխաներին հետ բերեն, հաստատ գիտենք, որ նրանք գերի են ու պահվում են Ադրբեջանում։ Մեր երեխաները ողջ են, թող միջոցներ ձեռնարկի ու նրանց հայրենիք բերի»,- նշեց Հռիփսիմե Հակոբյանը։
Տիկին Հռիփսիմեն նաև ասաց, որ չի կարող ասել, թե իրենց հաջորդ քայլը որն է լինելու, միակ բանը, որ հստակ է՝ ցանկություն ունեն գիշերել Բաղրամյան պողոտայում, մինչև Նիկոլ Փաշինյանն իրենց չընդունի և հարցերին չպատասխանի։
Հիշեցնենք, որ «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործով դատաքննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում:
Հ.Գ. Տիկին Հռիփսիմեի խնդրանքով չենք հրապարակում նրա որդու անունը։