Իրանագետն անդրադարձավ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հոդվածին, որտեղ նա հստակ ընդգծում էր, որ իրենց ռուս ընկերները պետք է ուշադիր լինեն, և, որ Կովկասի խնդիրների անգամ ամենաաննշան անտեսման դեպքում այն կդառնա տարբեր երկրների մրցակցության վայր, որը ոտնահարելու է Ռուսաստանի և Իրանի շահերը:
«Ադրբեջանն արդեն չի թաքցնում Իրանի դեմ իր գործողությունները, բացահայտ հանդես է գալիս թշնամաբար՝ Իրանի դեմ, և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր Իրանի դեմ են գործում, Իրանի հետ հակասող շահեր ունեն: Այսինքն՝ Ադրբեջանը և՛ հարթակ է դառնում ուրիշների համար, և՛ ինքն է առաջատար պետություն՝ հակաիրանական գործողությունների համար»,- ընդգծեց նա:
Իրանագետ Ժաննա Վարդանյանն այն կարծիքին է, որ Իրանի պատասխան արձագանքը լինելու է այնպես, ինչպես եղել է նախկինում, այսինքն՝ հիբրիդային ձևով: «Այսինքն՝ Սիրիայում, Իրաքում կամ իրանական ազդեցության որևէ այլ գոտում՝ իսրայելական ուժերի կամ իսրայելական օբյեկտների վրա հարձակումներ կարող են լինել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: