«Ադրբեջանն անցել է բոլոր կարմիր գծերը. Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ». Ժաննա Վարդանյան

Թեհրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա է փոխանցվել ՌԴ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջև նիստի ավարտին ընդունած հայտարարության առնչությամբ, որտեղ վիճարկվել է Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոմբ կղզիների՝ Իրանին պատկանելությունը (վիճելի են ԱՄԷ հետ): ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ Իրանը նման մոտեցում չի հանդուրժի, և հիշեցրել, որ աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այնուհետև, Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ, որի ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանն Իրանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի դնում:

Իրանագետ Ժաննա Վարդանյանն այն կարծիքին է, որ Իրանի և Ռուսաստանի միջև լարվածությունը խորը չէ և լուրջ ազդեցություն չի թողնելու երկկողմ հարաբերությունների վրա:

«Միջադեպը կարծես թե հարթվում է, մանավանդ, երբ տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որտեղ ՌԴ-ն հայտարարեց, որ հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և կասկածի տակ չի դնում այն: Հարցն այն է, որ Իրանի համար գոյություն ունեն մի շարք սկզբունքային հարցեր, որոնց դեպքում իրենք երբեք չեն լռի, եթե այդ հարցերը որևէ երկրի կողմից վիճարկվում են: Նմանատիպ հարցերից է Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոմբ կղզիների՝ Իրանին պատկանելության հարցը: Այս կղզիների հարցը վիճարկվում է ԱՄԷ հետ, և հայտարարությունը, որն ընդունվել էր Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստի ավարտին, ավելի շուտ ԱՄԷ օգտին էր, ինչն իրանական կողմում դժգոհություն և զարմանք էր առաջացրել: Դրանից հետո իրանական կողմը սկսեց մեսիջներ հղել Ռուսաստանին, անգամ վերջին շրջանում Իրանի խորհրդարանի պատգամավորներն էին բավականին կոշտ հայտարարություններ հնչեցրել: Միջադեպը կարծես հարթվում է, որովհետև կողմերից ոչ մեկն էլ շահագրգռված չէ լարել հարաբերությունները, որովհետև կողմերն ունեն փոխադարձ շահեր, համագործակցության բավականին լայն նախագծեր միմյանց հետ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Իրանագետն անդրադարձավ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հոդվածին, որտեղ նա հստակ ընդգծում էր, որ իրենց ռուս ընկերները պետք է ուշադիր լինեն, և, որ Կովկասի խնդիրների անգամ ամենաաննշան անտեսման դեպքում այն կդառնա տարբեր երկրների մրցակցության վայր, որը ոտնահարելու է Ռուսաստանի և Իրանի շահերը:

«Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է, և Իրանը շարունակում է ընդգծել իր դիրքորոշումը հայ-իրանական սահմանի մասին: Մյուս կարևոր շեշտադրումն այն էր, որ բավականին դիպուկ և հասցեական բնութագրումներ էին տրվում Թուրքիայի քաղաքականությանը՝ այն որակելով՝ որպես ծավալապաշտական: Վելայաթին օրինակ էր բերում Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը և Ռուսաստանին հիշեցնում, որ Սիրիայում Իրանը և Ռուսաստանը կարողացել են համագործակցել և կասեցնել Թուրքիայի ծավալապաշտությունը:

Վելայաթին կարծես փորձում էր ցույց տալ, որ նույն օրինակը կարող են կիրառել Հարավային Կովկասում և կասեցնել թուրքական ծավալապաշտությունն այստեղ ևս: Այդ համատեքստում հետաքրքիր էր նաև, որ Վելայաթին հիշեցնում էր Թուրքիայի քաղաքականությունը ՌԴ նկատմամբ, թե որքան փոփոխական է այն միշտ եղել: Նաև հիշատակել էր վերջին դեպքերը, երբ «Ազովի» հրամանատարներին Թուրքիան հանձնել էր Ուկրաինային: Այսինքն՝ ցույց էր տալիս, որ Թուրքիան վստահելի գործընկեր չէ, և, թերևս, պետք է Հարավային Կովկասում հենվել Իրանի վրա և Իրանի հետ համագործակցելով՝ կասեցնել Թուրքիայի ծավալապաշտությունը, որովհետև «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումը և Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը նշանակելու է նաև ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդում, ինչը, ի վերջո, հանգեցնելու է նրան, որ Հարավային Կովկասը դառնա հակաիրանական և հակառուսական կենտրոն: Վելայաթին կարծես համոզում էր Ռուսաստանին, որ՝ սա նաև ձեր շահերին է դեմ, եկեք միասին համագործակցենք և կանխենք ՆԱՏՕ-ի մուտքը Հարավային Կովկաս, որովհետև դրան հաջորդելու է դեպի Կասպից ծով նրանց ներթափանցումը, Հյուսիսային Կովկասին է վտանգ ներկայացնելու: Սա նաև նախազգուշացում էր իր մեջ պարունակում»,- ասաց իրանագետը:

Ժաննա Վարդանյանի խոսքով՝ Իրանը կողմ է, որ բացվեն ճանապարհները, լինի երկաթուղային թե ավտոմոբիլային, բայց դա լինի առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու.

«Իրենց համար լավագույն լուծումն այն է, որ այդ ճանապարհը վերահսկվի Հայաստանի կողմից՝ առանց որևէ խախտման: Ռուսական կողմից այս ճանապարհը վերահսկելը նրանց համար չարյաց փոքրագույնը կլինի: Իսկ երբ ասում են՝ «միջանցք», նրանք հասկանում են, որ այդտեղ կարող է լինել ադրբեջանա-թուրքական վերահսկողություն: Իրենց ամենամեծ մտահոգությունը դա է, որ հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան որևէ տեսակի լիազորություն չունենան այդ ճանապարհների նկատմամբ, որովհետև իրենց համար դա նշանակում է, որ կտրում են Հայաստանը, Հայաստանի հետ իրենց սահմանը»:

Միևնույն ժամանակ, իրանագետը չի կարծում, որ եթե ճնշումների ներքո միջանցքի գաղափարն իրանականություն դառնա, Իրանը կդիմի ռազմական մեթոդների:

Նրա խոսքով՝ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները ներկայումս որակապես նոր փուլ են տեղափոխվել.

«Եթե նախկինում Ադրբեջանն ամեն դեպքում որոշ վերապահումներ ուներ, օրինակ՝ խուսափում էր դեսպանատուն բացելուց, հիմա բացել է դեսպանատունը: Եթե նախկինում իսրայելցի պաշտոնյաներն Ադրբեջանում հակաիրանական հայտարարություններ չէին անի, հիմա արդեն ցանկացած հանդիպման ժամանակ նրանք հստակ հակաիրանական հայտարարություններ են հնչեցնում, ընդ որում՝ դրա մեջ հիշատակելով նաև Ադրբեջանին և նշելով, որ Ադրբեջանի հետ համատեղ շահեր ունեն՝ ընդդեմ Իրանի: Այս պայմաններում փաստ է, որ Ադրբեջանն անցել է բոլոր կարմիր գծերը, որ պահպանում էր Իրանի հետ հարաբերություններում: Փաստ է նաև, որ Իսրայելի գործոնը շարունակելու է լուրջ ազդեցություն ունենալ Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա: Անգամ, եթե այս երկրների հարաբերություններն ինչ-որ փուլում նորից կարգավորվեն և նորմալության որոշակի մակարդակի գան, միևնույն է, այս խոչընդոտները չեն վերացվելու, սրանք խորքային խնդիրներ են, որ առկա են հարաբերություններում:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին, ապա դա ավելի շատ պայմանավորված է նաև նրանով, թե Իրանն իր միջուկային զարգացման ծրագրի հարցում մինչև ուր կհասնի, և ինչ ճակատագիր կունենան միջուկային բանակցությունները: Այս պահին սառեցված են բանակցությունները, մյուս կողմից էլ՝ Իրանն ուրանը 60 տոկոսից ավելին չի հարստացնում և, այսպես ասած, հրահրող վիճակներ չի ստեղծում: Բայց հիմա, երբ Ադրբեջանը Իսրայելի հետ շատ ավելի բաց հարաբերություններ է վարում, էլի չենք կարող բացառել, որ այո, հնարավոր հարձակման դեպքում Ադրբեջանը կարող է հարթակ ծառայել: Սա նաև ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից է կախված, կախված է նրանից, թե կլինեն կարճատև հարվածնե՞ր, թե՞ երկարատև լայնամասշտաբ գործողություն, կախված է նաև նրանից, թե ինչ հանգուցալուծում ստացած կլինի «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հարցը, ինչ մակարդակում կլինեն Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, բոլոր սցենարներն էլ դիտարկելի են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս