«Ադրբեջանը բացահայտ Իրանի դեմ է գործում. վիրավորում են անգամ Իրանի հոգևոր առաջնորդին». Ժաննա Վարդանյան
Իրանագետ Ժաննա Վարդանյանն այն կարծիքին է, որ Իրանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում:
«Նախորդ տարիներին Իրանի համար առաջնային ուղղություն էր Սիրիան և Մերձավոր Արևելքը, բայց 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասն Իրանի համար հավասարվել է Մերձավոր Արևելքին: Դա են փաստում նաև այն կադրային նշանակումները, որն իրանական կողմը պատրաստվում է իրականացնել մասնավորապես Հայաստանում և Ադրբեջանում՝ փոխելով դեսպաններին: Այսօր այս տարածաշրջանը շատ կարևոր է Իրանի համար, և անգամ Իրանի նախկին իշխանությունները բավականին մեծ քննադատության էին արժանանում Հարավային Կովկասն անտեսելու համար: Իրանը գալիս և լրացնում է այդ բացը հիմա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ դեսպանների փոփոխության ժամանակն էր, բայց կարևոր է, թե ովքեր են լինելու նոր դեսպանները:
«Իրանական կողմը սովորաբար նոր դեսպանների նշանակման մասին հայտնում է 2-3 ամիս շուտ: Հայաստանի դեսպան պարոն Սոբհանին բավականին փորձառու դիվանագետ է և ծառայություն է իրականացրել նաև Ադրբեջանում, ընդ որում՝ 4 տարի, և շատ վարժ գիտի ադրբեջաներեն: Բացի այդ, նա ծառայություն է իրականացրել Պակիստանում, եղել է գլխավոր հյուպատոս, նաև՝ Կիևում, Թուրքմենստանում, և վերջին ծառայության վայրը Սիրիան է, որտեղից արդեն սկսել է հրաժեշտի հանդիպումներ իրականացնել: Նույնը Բաքվի դեսպանին է վերաբերում, որը բավականին փորձ ունի թուրքական երկրներում, Բաքվում: Անգամ կադրային փոփոխություններն են վկայում, թե ինչ նշանակություն է տալիս Իրանն այս տարածաշրջանին»,- նշեց նա:
Իրանագետի խոսքով՝ Իրան-Ադրբեջան խորքային խնդիրներ ունեցող հարաբերություններին գումարվել են նոր խնդիրներ՝ արցախյան վերջին պատերազմից հետո. «Պատերազմից հետո սկսված հարաբերությունների լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլ հակառակը՝ գնալով ավելի է սաստկանում, որի ականատեսն ենք լինում հատկապես վերջին ամիսներին: Այստեղ առանձնահատկություն է այն, որ հենց Ադրբեջանի կողմից է ավելի շատ հրահրվում լարվածությունը: Կարծես Ադրբեջանը տարբեր պատրվակներ է փնտրում՝ Իրանի հասցեին ինչ-որ հայտարարություններ անելու համար: Նույն Իրանում Ադրբեջանի դեսպանատան միջադեպն իրենք օգտագործեցին Իրանի դեմ՝ Իրանին ահաբեկչական պետություն որակելու համար, այսօր պատգամավորի մահափորձի մեջ են Իրանին մեղադրում, իբրև թե տարբեր լրտեսական ցանցեր են իրենց երկրում հայտնաբերում: Այսինքն՝ այդ լարվածության շարժիչ ուժն Ադրբեջանն է, և դրա հիմքում է ընկած այդ նույն էսկալացիոն գործողությունները, որ Ադրբեջանն իրականացնում է Սյունիքի ուղղությամբ: Իրանական կողմը շատ ավելի զուսպ և հավասարակշռված է տրամադրված:
Եթե անգամ համեմատում ենք իրենց պաշտոնական հայտարարությունները, ադրբեջանական կողմի հայտարարությունները հիստերիա են հիշեցնում, իսկ իրանական կողմը, եթե անգամ մեղադրանք է հնչեցնում, դա անում է հավասարակշռված և զուսպ ձևակերպումներով: Իրանը հայտարարում է, որ իր համար կարևոր են բոլոր հարևանների հետ հարաբերությունները, և Ադրբեջանն այստեղ ևս բացառություն չէ: Չմոռանանք, թե պատմականորեն ինչ մոտեցում ունի Իրանը Հարավային Կովկասի նկատմամբ. այն Իրանի համար պատմական տարածք է ընկալվում, որից իրենք զրկվել են ռուս-պարսկական պատերազմների հետևանքով: Հենց սրա պատճառով է, որ Իրանը շատ խանդով է վերաբերվում այս տարածաշրջանում որևէ արտաքին ներկայության կամ միջամտության»:
Նրա դիտակմամբ՝ Ադրբեջանը կարծես ամեն ինչ անում է, որ տանի Իրանի հետ հարաբերությունների խզման. «Ես սա չէի պայմանավորի միայն Իսրայելի գործոնով: Իհարկե, Ադրբեջանն իր թիկունքում շատ լայն աջակցություն է զգում թե՛ Թուրքիայի, թե՛ Իսրայելի տեսքով, և այս պարագայում, երբ ունի հակասող շահեր Իրանի հետ, փորձում է դաշնակիցներ գտնել նաև Արևմուտքում: Դրա վառ վկայությունն է նաև այն, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը սահմանակցում է Իրանին: Այսինքն՝ Ադրբեջանը, որը ունի հակասող շահեր Իրանի հետ, քանի որ Իրանը հստակ դեմ է դուրս գալիս «Զանգեզուրի միջանցք»-ին, այս ֆոնին առաջ է տանում իր քաղաքականությունը՝ զուգահեռաբար օգտվելով մյուս երկրների աջակցությունից: Իսրայելն ու Ադրբեջանն իրենց հակաիրանական գործողություններում փոխլրացնում են միմյանց»:
Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա փոխանցեց Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ «այդ երկրի ԶԼՄ-ների՝ Իրանի դեմ ուղղված անպարկեշտ ու վիրավորական գործողությունների առնչությամբ»։ Ապա Ադրբեջանը փոխադարձ բողոքի նոտա հղեց Իրանին: Ժաննա Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ կոնկրետ ի՞նչն էր դարձել Իրանի դժգոհությունների հիմնական պատճառը, որովհետև հակաիրանական հայտարարությունները նոր չեն ադրբեջանական մամուլում:
«Ադրբեջանական մամուլում հակաիրանական հրապարակումները նոր թափ էին առել, և հատկապես սկսել էին Իրանի հոգևոր առաջնորդին վիրավորող ծաղրանկարներ հրապարակել, ինչն արդեն Իրանի համար համբերության բաժակը լցվել էր նշանակում»,- ի պատասխան ասաց նա՝ ընդգծելով, որ մի խումբ գործողություններ տեղի ունեցան, որոնց Իրանը որոշեց արձագանքել:
«Ադրբեջանն արդեն չի թաքցնում Իրանի դեմ իր գործողությունները, բացահայտ հանդես է գալիս թշնամաբար՝ Իրանի դեմ, և պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր Իրանի դեմ են գործում, Իրանի հետ հակասող շահեր ունեն: Այսինքն՝ Ադրբեջանը և՛ հարթակ է դառնում ուրիշների համար, և՛ ինքն է առաջատար պետություն՝ հակաիրանական գործողությունների համար»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում