Բաժիններ՝

10 փաստ լոբոտոմիայի մասին

Պատմությունը շատ փաստեր է հիշում բժշկության մեջ բարբարոսական պրակտիկայի փորձից, բայց լոբոտոմիան ամենավախեցնողն է: Այսօր այդ վիրահատությունը, թերևս, միայն ֆիլմերում է հնարավոր տեսնել, սակայն անցած դարի կեսերին մարդուն կարող էին հարկադրել լոբոտոմիայի՝ հանդուգն բնավորության համար:

1. Լոբոտոմիան կամ լեյկոտոմիան վիրահատություն է, որի ժամանակ գլխուղեղի հատվածներից մեկն առանձնացվում է մնացածներից կամ ընդհանրապես հեռացվում է: Համարվում էր, որ այդ վիրահատությունն օգնում էր բուժել շիզոֆրենիան:

2. Այս մեթոդը մշակվել է պորտուգալացի նյարդավիրաբույժ Էգաշ Մոնիշի կողմից 1935թ., իսկ փորձնական լաբորատորիան գործարկվեց 1936թ. նրա իսկ ղեկավարությամբ:
Առաջին 100 վիրահատություններից հետո Մոնիշը հետազոտեց իր հիվանդներին ու հանգեց սուբյեկտիվ եզրակացության իր գյուտի հաջողության վերաբերյալ. հիվանդները հանգստանում էին ու զարմանալիորեն հնազանդ դառնում:

3. Առաջին 20 վիրահատությունների արդյունքներն այսպիսին էին` 7 հիվանդներ առողջացել էին, 7-ի մոտ վիճակի բարելավում էր նկատվել, իսկ 6 մարդ էլ մնացել էր նույն վիճակում: Սակայն լոբոտոմիան շարունակում էր դատափետվել: Մոնիշի շատ ժամանակակիցներ գրել են այն մասին, որ այդպիսի վիրահատության փաստացի արդյունքն անձի դեգրադացիան էր:

Կարդացեք նաև

4. Նոբելյան կոմիտեն լոբոտոմիան բացահայտում համարեց, որը, ըստ իրենց, ժամանակից առաջ էր ընկնում:

1949թ. Էգաշ Մոնիշը Նոբելյան մրցանակ ստացավ Ֆիզիոլոգիայի ու բժշկության ոլորտում: Հետագայում որոշ հիվանդների հարազատներ Նոբելյան կոմիտեին դիմեցին պարգևը չեղարկելու խնդրանքով, քանի որ լոբոտոմիան հիվանդի առողջությանն անդառնալի վնաս էր հասցնում ու ընդհանուր առմամբ բարբարոսական պրակտիկա էր, սակայն խնդրանքը մերժվեց:

5. Եթե Էգաշ Մոնիշը պնդում էր, որ լեյկոտոմիան ծայրահեղ միջոց է, ապա բժիշկ Ուոլթեր Ֆրիմենը լոբոտոմիան համարում էր միջոց բոլոր խնդիրների դեմ, ներառյալ՝ ինքնահավանությունն ու ագրեսիվ բնավորությունը: Նա ենթադրում էր, որ լոբոտոմիան բացառում է էմոցիոնալ բաղկացուցիչը ու դրանով իսկ լավացնում է հիվանդների վարքը:

Հենց Ֆրիմենը 1945թ. ներմուծեց լոբոտոմիա եզրույթը: Իր ողջ կյանքի ընթացքում նա վիրահատեց շուրջ 3000 մարդու: Ի դեպ, այս բժիշկն անգամ վիրաբույժ չէր:

6. Մի անգամ Ֆրիմենը վիրահատության համար օգտագործեց իր խոհանոցում եղած սառույց կոտրելու դանակը: Այդ անհրաժեշտությունն առաջացավ այն պատճառով, որ նախկին գործիքը` լեյկոտոմը, չդիմացավ ծանրաբեռնվածությանը ու կոտրվեց հենց հիվանդի գանգատուփի մեջ:

7. Հետագայում Ֆրիմենը հասկացավ, որ սառույց կոտրելու դանակը գերազանց կերպով հարմար է լոբոտոմիայի համար: Այդ պատճառով էլ բժիշկը նախագծեց դրա նման նոր բժշկական գործիք: Օրբիտոկլաստը սրացված վերջավորություն ուներ՝ մի կողմից, ու բռնակ` մյուս կողմից: Սուր հատվածում բաժանարար գիծ կար ներթափանցման խորությունը վերահսկելու համար:

8. Նախորդ դարի կեսերին լոբոտոմիան դարձավ աննկարագրելի հանրահայտ պրոցեդուրա: Այն կիրառում էին Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և շատ եվրոպական երկրներում: Միայն ԱՄՆ-ում անցկացվում էր տարեկան 5000 վիրահատություն:

9. ԽՍՀՄ-ում բուժման նոր մեթոդը հարաբերականորեն հազվադեպ էր կիրառվում, բայց միևնույն ժամանակ՝ այն կատարելագործվեց:
Խորհրդային նյարդավիրաբույժ Բորիս Եգորովն առաջարկեց օգտագործել ոսկրային պլաստիկ տրեպանացիայի մեթոդը՝ ակնախոռոչի միջով մուտքի փոխարեն: Եգորովը բացատրեց, որ տրեպանացիան թույլ կտա ճշգրիտ կողմնորոշվել վիրաբուժական միջամտության ճշգրիտ հատվածը որոշելիս:

10. Լոբոտոմիան ԽՍՀՄ-ում կիրառվեց 5 տարի, սակայն արգելվեց 1950թ.: Ընդունված է համարել, որ որոշումը թելադրված էր գաղափարական նկատառումներով, քանի որ այս մեթոդն իր առավել լայն տարածումն ԱՄՆ-ում էր գտել:

Ի դեպ, ԱՄՆ-ում լոբոտոմիան շարունակեց կիրառվել մինչև 70-ական թթ. վերջը:
Կա նաև հակառակ կարծիքը, որ լոբոտոմիայի արգելքը Խորհրդային Միությունում պայմանավորված էր գիտական տվյալների անբավարարությամբ ու ընդհանրապես մեթոդի կասկածելիությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս