Բաժիններ՝

Եղեգիս գյուղի հրեական գերեզմանատունը բացահայտում է այնտեղ եղած միջնադարյան հրեական համայնքի գոյությունը

Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ Եղեգիսի ձախ ափին է գտնվում 11-13-րդ դարի հրեական գերեզմանատունը: Հայաստանից բացի, աշխարհում ոչ մի երկիր չի պահպանել հրեական միջնադարյան գերեզմանատուն:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարյուրավոր հրեա զբոսաշրջիկներին Հայաստան բերող այդ վայրը:

Գերեզմանատան առաջին դամբարանը կառուցվել է 13-րդ դարի ավարտին, իսկ վերջինը՝ 14-րդ դարում: Այսինքն՝ հրեական համայնքն այդ տարածքում ապրել է մոտ 100 տարի: Ասում են՝ նրանք եղել են իրանահպատակ: Վարկածի համաձայն՝ Իրան ուղարկված այդ հրեաները եկել են Հայաստան, և քանի որ Վայոց ձորն Իրանին մոտ է եղել, հաստատվել են Եղեգիսում:

Պատմության մեջ չկա հիշատակված ոչ մի փաստ, որ այդ տարածքում թաղված են հրեաներ: Սակայն դրա մասին են վկայում դամբարանների վրա արված գրությունները, նշանները:

Բազալտից տաշված տապանաքարերի եբրայերեն, իսկ երբեմն էլ՝ արամեերեն արձանագրությունները հնարավորություն են տալիս մոտավոր պատկերացում կազմել հրեական համայնքի մասին: Արձանագրությունների շնորհիվ կարելի է պատկերացում կազմել նաև հողին հանձնված մարդկանց մասին: Դրանցում առկա են մեջբերումներ Աստվածաշնչից, ինչպես նաև եբրայական անուններ: Մի քանի տապանաքարեր օգտագործվել են որպես շինանյութ մոտակա կամրջի և ջրաղացի հատակի համար:

Արձանագրություններից մեկը վկայում է. «Դավիթի որդի Բաբան մահացել է 1600-րդ տարվա Թամուզ ամսին»: Այն նվիրված է համայնքի անդամներից մեկի հիշատակին: Տապանաքարի թվագրությունը բերվում է արևելյան հրեաների օրացույցի համաձայն և համարժեք է մեր տոմարի 1289 թ-ին: Արամեերեն արձանագրությունը ննջեցյալին քաղցր հուշեր և հոգու հանգստություն է մաղթում:

Մեկ այլ տապանաքարում հայրը, Եսայու մարգարեությունից հատվածներ մեջբերելով, սգում է վաղամեռիկ որդու մահը և իր հավատն արտահայտում հոգու անմահությանը:

Գերեզմանատունը հայտնաբերվել է խորհրդային տարիներին: Անկախության տարիներին այն արդեն դարձրել են մշակութային վայր: Ներկայում յուրքանչյուր շաբաթ Իսրայելից հրեա զբոսաշրջիկներ են գալիս, քարեր դնում դամբարանների վրա: Աշխարհում ոչ մի երկիր, Հայաստանից բացի, չի պահպանել հրեական միջնադարյան գերեզման: Զբոսաշրջիկ հրեաները շատ շնորհակալ են հայ ժողովրդին, որ գերեզմանները պահպանվել են և չեն պղծվել: Գերեզմանատանը պահպանվել է մոտ 40 գերեզմանաքար: Դրանք բացահայտում են նախկինում անհայտ միջնադարյան հրեական համայնքի գոյությունը և նաև փաստում Վայոց ձորի մարզի բնակչության բազմազգ լինելու հանգամանքը:

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հ.Գ. Նյութը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս