«Ավրորա»-ի կողմից ճանաչումը Սունիտա Քիշնանին և իր գործին մեծ ուժ է ներշնչում
«Ավրորա»-ի այս տարվա հերոս Սունիտա Քիշնանին մարդասիրական նախաձեռնության կողմից նման ճանաչումը մեծ ուժ է տալիս: Սունիտան այս մասին ասաց Հայաստանում հարյուրավոր մարդկանց հետ հանդիպմանը: «Ես սովոր չեմ, որ ինձ հոտնկայս ծափահարում են: Սովորաբար ինձ հարվածում են: 4-5 տարի առաջ սեռական բռնության և թրաֆիքինգի դեմ պայքարող իմ կազմակերպության գրասենյակի վրա հարձակում գործեցին անգամ, պահանջեցին, որ հեռանանք այնտեղից: Մեզ հետապնդում է նաև մեր՝ Հնդկաստանի կառավարությունը, մեղադրում շատ բաների համար: Եվ «Ավրորա»-ի կողմից նման ճանաչումը, չեմ կարող նկարագրել, թե ինչ ուժ է ներշնչում ինձ»,-ասաց հերոսն ու հավելեց, որ իրեն և իր գործին չհավատացողները տեսնում են: Տեսնում են նաև Հայաստանում:
Սունիտա Քիշնանն ընդամենը 15 տարեկան է եղել, երբ խմբակային բռնաբարության զոհ է դարձել: Դրանից հետո հիմնել է «Փրաջվալան»՝ աշխարհի ամենամեծ կազմակերպությունը, որը պայքարում է սեռական բռնության և թրաֆիքինգի դեմ՝ փրկելով ավելի քան 18500 կանանց և երեխաների:
«Ավելի սարսափելին տեղի ունեցավ այդ ահավոր դեպքից հետո: Մարդ, ով գերազանց էր սովորում դպրոցում, վայր էր ընկել: Ես զգում էի, որ արժեք չունեցող մարդ եմ: Ինձ մեղադրում էին մի հանցանքի համար, որը ես չէի արել: Դա իմ զայրույթն առաջացրեց: Եվ հենց այդ զայրույթն էլ ստիպեց հասկանալ, որ ես հենց այդ գործին եմ ուզում նվիրվել»,-հիշեց նա:
«Ավրորա»-ի հերոսը կարծում է, որ լռությամբ ու անգործությամբ մարդիկ նպաստում են այդ հանցագործության ավելացմանը: Եվ հենց դրա համար Սունիտա Քիշնան իր ողջ եռանդը նվիրել է այդ գործին:
Նա սկսել է աշխատել ոստիկանության հետ և փրկվածների հետ հիմնել է երեք տարբեր ապաստարաններ, առաջինը՝ շտապօգնության, երկրորդը՝ չափահաս տուժածների համար, իսկ երրորդը՝ երեխաների: Սունիտան կենտրոնացած է նաև տուժածներին երկարաժամկետ օգնություն ցուցաբերելու և հաջող կերպով հասարակություն վերադառնալու համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու վրա: Նրա ջանքերի շնորհիվ տասնյակ հազարավոր կանայք ստացել են տարբեր տեսակի աջակցություն՝ ինտեգրվելով հասարակությանը:
«Ավրորա» մրցանակը դիմում է մարդասիրական կազմակերպություններին և հանրությանը՝ կոչ անելով առաջադրել այնպիսի անհատների, որոնք արտաքին մեծ վտանգներ հաղթահարելու գնով բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրությունն առաջ մղելու գործում: «Ավրորա» 2018-ը կկայանա հունիսի 10-ին: