Պատերազմի ուրվականը՝ հեղափոխության ֆոնին
Շուրջ երկու շաբաթ երկարաձգվող ներհայաստանյան դրամատիկ քաղաքական ճգնաժամն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա: Մայիսի 1-ին ՀՀ վարչապետի ընտրություններից առաջ սկսված լսումների ընթացքում ԱԺ ամբիոնից «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ շփման գծում իրադրություն չի փոխվել, թեև ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հակառակի մասին էր պնդում:
Արցախի ՊՆ-ն նույն օրը կրկին հայտարարություն տարածեց այն մասին, որ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում անընդհատ նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր: «Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն հանգստյան օրերին հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած, առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր:
ՊԲ առաջապահ ուժերն աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,- ասված էր ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Արցախի ՊՆ-ն իր վերջին բոլոր հայտարարություններին կցում է նաև տեսանյութեր, որոնցում պարզ երևում են զինտեխնիկայի տեղաշարժերը:
Ավելի վաղ ևս Արցախի ՊՆ-ն նշել էր, որ ապրիլի 21-ին, ժամը 14:25-ից սկսած արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր, ուստի ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել էր բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության աստիճանը` տալով հետագա գործողությունների համար անհրաժեշտ մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:
Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում լարվածության հնարավոր աճի համատեքստում ապրիլի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատուկ հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու, մասնավորապես՝ ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»: Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) կոչ էին արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, հավելելով՝ «ակնկալում ենք կողմերի հետ հնարավորինս շուտ հանդիպում ունենալ և վերականգնել ակտիվացած բանակցությունները՝ հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորումը գտնելու համար»:
Իսկ մայիսի 3-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում էր անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ ոչ միայն պատճառ չունի չհավատալու այս հայտարարություններին, որոնք հայաստանյան ընդդիմությունը կասկածի տակ է առնում, այլև իր համար չափազանց կանխատեսելի էր ստեղծված իրավիճակը շփման գծում:
Ըստ նրա` ընդդիմությունը հերքում է, որպեսզի հասարակության շրջանում խուճապ չսկսվի, որը կարող է անդրադառնալ շարժման հետագա գործողությունների հաջողության վրա, քանի որ իշխանությունների վրա ճնշումը գալիս է փողոցից: Ըստ նրա, եթե մարդիկ խուսափեն դուրս գալ փողոց, ամեն բան կխափանվի: Սակայն, Եվսեևի խոսքով, առաջին անգամը չէ, երբ Հայաստանում ներքաղաքական անկայունությունները համընկել են շփման գծում իրավիճակի սրման հետ:
«Ղարաբաղյան հակամարտության դեպքում այս ամենում որևէ արտառոց բան չկա, անկայունության համար այստեղ մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ, իսկ ներկայումս Հայաստանում տեղի ունեցողը կայծ անվանելը չափազանց մեղմ կհնչի:
Իսկ Բաքուն հետևում է Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ փորձելով հասկանալ, թե երբ ավելի հեշտ և հնարավոր կլինի ԼՂ հակամարտության ուժային լուծումը: Բնականաբար, երբ նկատվում է բարենպաստ իրավիճակ ադրբեջանական ծրագրերի իրագործման համար, Ադրբեջանը սկսում է պատրաստվել: Ադբեջանի համար պատճառ է ոչ միայն անկայունությունն աշխարհում, այլև Հայաստանում ներքին անկայունությունը, իշխանության թուլությունը, անցումային փուլերը, իշխանության տապալումը:
Նման հանգամանքների առկայության պարագայում Ադրբեջանը կարող է նախաձեռնել ռազմական գործողություններ շփման գծում, ինչպիսին 2016 թվականի ապրիլի փորձն էր: Այսինքն` նման իրավիճակում կա պատերազմի վերսկսման իրական սպառնալիք»,- ասաց Վլադիմիր Եվսեևը` ավելացնելով, որ, եթե ներքաղաքական ճգնաժամը և անորոշ իրավիճակը երկարաձգվի մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա սա ուղիղ կերպով անդրադառնալու է շփման գծում տիրող իրավիճակի վրա:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը շարունակաբար զինուժի տեղաշարժ իրականացնում առանց շփման գծում լուրջ սադրանքների` Եվսեևը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ օգտագործելով Հայաստանի ներսում ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջանը սրանով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, քանի որ կոնկրետ այս պահին, թեև սպառնալիք կա, և Ադրբեջանը ցանկացած պահի կարող է սկսել լայնամասշտաբ սադրանք, չի ցանկանում լայնածավալ ռազմական գործողություններ շփման գծում, քանի որ Ադրբեջանում առաջիկայում տոնակատարություններ են սպասվում, որոնց Ադրբեջանի իշխանությունները մեծ շուքով են պատրաստվում:
«Սա գուցե ետ պահի այս փուլում չիրականացնել որևէ լուրջ գործողություն: Սակայն Ադրբեջանը միանշանակ կցանկանար օգտվել այս ամենից: Եվ զինտեխնիկայի տեղաշարժը` ծանր սպառազինության հայտնվելը շփման գծում, վտանգավոր է, որի մասին բազմիցս խոսել եմ: Միջնորդները պետք է կենտրոնանան այս հարցի վրա և թույլ չտան զինտեխնիկայի, հատկապես՝ ծանր, կուտակում շփման գծում, դա շատ վտանգավոր է»,- ասաց Եվսեևը:
Նրա խոսքով, իշխանությունն ու ընդդիմությունը պետք է փորձեն ստեղծված իրավիճակի կարգավորման այնպիսի ելք գտնել, որ երկրում տիրող իրադրությունը շուտափույթ վերադառնա նախկին ռեժիմին:
Բրիտանական «Քինգզ» քոլեջի դոկտոր, ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման թեժ հակամարտություններ ունեցող երկիրն իրավունք չունի թույլ տալ անկայունություն, ավելին՝ նման երկարատև գործադուլներ, անհնազանդություն քաղաքում: Թեև, նրա խոսքով, հասկանալի է, որ այդ ամենն առկա խնդիրների հետևանքն էր:
«Բնականաբար, պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիք կա, դրա հավանականությունը չափազանց մեծ է: Նման հակամարտություններ ունեցող երկրների դեպքում մենք միշտ էլ պնդում ենք՝ առանց առանձնահատկություններին անդրադառնալու, որ ներքին խնդիրների դեմ բողոքը պետք է փոքր-ինչ զուսպ լինի, պետք է իշխանությունները բոլոր խնդիրները լուծեն, բայց նաև հասկանում ենք, որ հասարակության ներսում կուտակված բողոքը չի կարող անդադար հնչել, չլուծվել և անհետանալ:
Այն կարող էր պայթել, դա ՀՀ իշխանությունները գիտեին և փորձում էին ինչ-որ լուծումներ գտնել: Իշխանություն դառնալու հայտ ներկայացնող գործիչը խոստանում է լուծել հասարակության մոտ դժգոհություն առաջացրած խնդիրները, հուսանք` այդ ամենն անցնցում տեղի կունենա, ինչը քիչ հավանական է, քանի որ համակարգային փոփոխություններ իրականացնել՝ ուժեղ ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության պարագայում, որը լինելու է Հանրապետական կուսակցությունը, դժվար է:
Սրանք, բնականաբար, ներքին հարցեր են, որոնց վերաբերյալ որոշումների կենտրոնում պետք է դիտարկվի ԼՂ հակամարտությունը: Ուշադրությունից չպետք է վրիպի այն, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինություն ձեռք բերել, խոսք է գնում բելառուսական սպառազինություն ձեռք բերելու՝ ադրբեջանական մտադրության մասին: Այս ուղղությամբ Հայաստանը պետք է ուսումնասիրություններ անի, քանի որ դա կարող է խախտել ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև, հայկական կողմը պետք է ուսումնասիրի՝ արդյոք ունի՞ այդ սպառազինությանը հակազդելու միջոցներ:
Այս բոլոր նրբություններն անտեսվում են ներքաղաքական անկայունությունների ընթացքում: Պետք է հասկանալ, որ մինչ Հայաստանի ներսում խնդիրներ են փորձ արվում լուծել, Ղարաբաղում իրավիճակներ են փոխվում անընդհատ, որը կարող է ճակատագրական լինել հակամարտության համար, եթե անտեսվի»,- ասաց վերլուծաբանը: