Երևանում անցկացվող Հայկական բլոկչեյն ֆորումին են մասնակցում ՏՏ ոլորտի շուրջ 600 մասնագետ աշխարհի 20 երկրից
Բլոկչեյն տեխնոլոգիաներին նվիրված առաջին համաժողովը Երևանում է համախմբել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 600 մասնագետի աշխարհի 20 երկրից: Նրանք հավաքվել են քննարկելու ապակենտրոնացած տեխնոլոգիաների ձևավորման և զարգացման համար կարևոր նշանակության հարցեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովի բացմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ապակենտրոնացած և տեղաբաշխված ռեեստրների տեխնոլոգիաներն օրեցօր ավելի արդիական են դառնում և լայն կիրառություն ստանում տնտեսական գործունեության տարբեր բնագավառներում:
Հետևաբար, անհրաժեշտ է ավելի լավ ուսումնասիրել ոլորտը, լրացնել գիտելիքների բացը: «Ապակենտրոնացած տեխնոլոգիաները թույլ են տալիս գործունեություն իրականացնել և մատուցել ծառայություններ առանց միջնորդների մասնակցության՝ այդպիսով բարձրացնելով գործընթացի թափանցիկությունը: Միջազգային պրակտիկայում առանձնացվում են բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառումն ու զարգացումը խոչընդոտող ռիսկերի երկու հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը գիտելիքների անբավարարությունն է, երկրորդը՝ անվտանգությունը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու այս կարևոր հարցերն ու ներկայացնելու հնարավոր լուծումներ:
Սուրեն Կարայանի խոսքով՝ այս համաժողովը լավ հարթակ է բիզնեսում ու պետական հատվածում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման և զարգացման հեռանկարները քննարկելու համար: Նա կարևորեց նաև բլոկչեյնի, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման վերաբերյալ դասընթացների անցկացումը համաժողովի շրջանակում:
Հայկական բլոկչեյն ֆորումի շրջանակում 15 ստարտափ թիմեր կներկայացնեն իրենց գաղափարները 20 երկրներից ժամանած ներդրողներին, որոնց ինվեստիցիոն պորտֆելը գերազանցում է 10 միլիարդ դոլարը:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև IBM և Armenian Blockchain Forum ընկերությունների միջև հուշագրի ստորագրում համատեղ Բլոկչեյն բաց համալսարան ստեղծելու նպատակով։
Համաժողովին մասնակցում են միջազգային հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներդրողներ, ինչպես օրինակ, Դիրք Ահլբորնը (Hyperloop Trasportation Technologies), Ջոն Լին (ESL Gaming), պրոֆեսիոնալ ներդրող Ուոլթեր Կոմարեկը Circle.one) և այլք: