Որքան հատապտուղ կարելի է օգտագործել օրվա ընթացքում. պարզաբանում է բժիշկը

Օրական 150–300 գրամ հատապտուղ օգտագործելը համարվում է անվտանգ մեծահասակների համար։ Այդ քանակը համապատասխանում է մրգերի և բանջարեղենի օրական առաջարկվող չափաբաժնի մեկ-երկու բաժնին։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտնել է «Գեմոտեստ» լաբորատորիայի բժիշկ-փորձագետ Օլգա Ուլանկինան։

Բժշկի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս մեծահասակներին օրական օգտագործել առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն, և հատապտուղները կարող են կազմել այդ քանակի մի մասը։

Ուլանկինան նշել է, որ հատապտուղների կանոնավոր օգտագործումը նպաստում է սրտի և արյունատար անոթների առողջությանը՝ դրանցում պարունակվող բջջանյութի, վիտամին C-ի և պոլիֆենոլների շնորհիվ։ Չնայած քաղցր համին՝ դրանք համեմատաբար քիչ շաքար են պարունակում, իսկ մուգ գույնի հատապտուղները՝ օրինակ սև հաղարջը, հապալասը և մոշը, հարուստ են անթոցիաններով, որոնք ունեն հակաօքսիդանտ և հակաբորբոքային ազդեցություն։

Միևնույն ժամանակ բժիշկը զգուշացրել է, որ հատապտուղները որոշ մարդկանց մոտ կարող են առաջացնել փքվածություն և անհարմարավետություն՝ հատկապես ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների դեպքում։ Դրանք կարող են նաև ալերգիկ ռեակցիաներ հարուցել։ Շաքարային դիաբետ ունեցողներին, ինչպես նաև երիկամներում քարերի առաջացման հակվածություն ունեցող անձանց մասնագետը խորհուրդ է տվել հատապտուղներն օգտագործել զգուշությամբ։

Ուլանկինայի խոսքով՝ հատապտուղները կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված վիճակում։ Արագ սառեցման տեխնոլոգիան թույլ է տալիս պահպանել դրանց օգտակար նյութերի մեծ մասը, մինչդեռ մուրաբաների և ջեմերի դեպքում այդ առավելությունը հիմնականում կորչում է։ Առավելագույն օգուտ ստանալու համար բժիշկը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել տարբեր տեսակների հատապտուղներ, որպեսզի օրգանիզմը ստանա առավել բազմազան օգտակար սննդանյութեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031